Հանդիպումներ Լարիսսայում կոշտ խաղաոճ ունեցող թիմերի հետ

2-nyut AG-1Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Հունաստանի Լարիսսա քաղաքում կարողությունները փորձելու հնավորություն է ստացել Եվրոպայի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ` ,Չելենջ տրոֆիե մրցաշարում:

Մրցավայրում 8 հավաքականներ տեղաբաշխվել են երկու խմբերում: Նախնական փուլի մրցաշարերը կավարտվեն մարտի 28-ին: Մերոնք B խմբում են, և Էստոնիայի, Բուլղարիայի, Իսրայելի ներկայացուցիչների հետ խաղալուց հետո միայն հայտնի կդառնա, թե հաջորդ մրցակիցը որ թիմն է լինելու:
Հայաստանի հավաքականը կխաղա այն թիմի հետ, որը մյուս խմբում զբաղեցրած կլինի այդ նույն տեղը: Հանդիպումները կկայանան մարտի 29-ին և 30-ին:
Ի դեպ, նախկինում մերոնք հնարավորություն ունեցել են այս մրցաշարի շրջանակում խաղալու ներկայիս մրցակիցների հետ: 2006-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ է անցկացրել էստոնիայի ներկայացուցիչների հետ: Վերջիններս հաղթել են 22:18 (10:11), իսկ երկրորդ հանդիպումում գրանցվել է մարտական ոչ-ոքի` 25:25 հաշիվը: Ընդ որում, մերոնք ինչպես առաջին խաղում, երկրորդի առաջին կեսում առջևում են եղել (13:9) և ձեռքից բաց են թողել հաղթանակը: Իսկ ահա 2010-ին և 2012-ին Հայաստանի թիմը պարտվել է Բուլղարիայի և Իսրայելի հավաքականներին:

Մրցավայր ուղևորվելուց առաջ մեր երկրի ընտրանիի գլխավոր մարզիչ Անահիտ Հարությունյանը հայտնեց, որ բարդ խմբում ենք հայտնվել: Կազմակերպիչները հնարավորն արել են, որպեսզի իրենց երկրի հավաքականը համեմատաբար թույլ մրցակիցներ ունենա, ուժեղագույնները B խմբում են: A խմբում են Հունաստանի, Մոլդովայի, Լատվիայի, Բելգիայի հավաքականները:

Մարզիչն ասաց, որ մեր խմբում ընդգրկված Բուլղարիայի թիմը բարձրակարգ խաղացողներ ունի, իսկ Իսրայելի հավաքականի կազմում են բանակային ծառայություն անցած, ֆիզիկապես ամուր մարզուհիներ: Երկու թիմերն էլ կոշտ խաղոճ ունեն, և դժար է լինելու մրցակցելը: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականը պետք է փորձի անել հնարավորն այս քննությունից պատվով դուրս գալու համար: Հարությունյանը տեղեկացրեց, որ նախապատրաստական շրջանում ծանրաբեռնված մարզումներ են անցկացրել և հիմնականում փորձելու են պաշտպանվել և սուր հակագրոհներ ձեռնարկել:

Այս մրցաշարին թույլատրվում է մասնակցել մինչև 23 տարեկան մարզուհիներին: Մեր թիմում ամենափորձառուն 22-ամյա Լիանա Գրիգորյանն է: Մյուս խաղացողները տարիքով ավելի փոքր են: Կա նաև 17-ամյա հանդբոլիստուհի: Թիմի փորձառուներն են մարզչի դուստրը` Անի Ասատրյանը, Լուսինե Մկրտչյանը, Մերի Վահանյանը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն նաև Լուիզա Թուխիկյանը, Մարիամ Մովսիսյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Առաքելյանը, Մարիամ Մուրադյանը: Դարպասապահն է Սոֆիկ Թորոսյանը: Ֆրանսիայից Հայաստանի հավաքականը համալրել են Կլարա և Մարգո Թերզյանները, Մանո-Ռոզ Կարապետյանը: Ֆրանսիայից է նաև մարզիչ Պատրիկ Օթամյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ մեր թիմի խաղացողները նախկինում միասին հանդես են եկել եվրոպական միջազգային տարբեր ստուգատեսներում, Ֆրանսիայի մեր հայրենակիցներն էլ թիմի կազմում նորեկներ չեն:

Tags: ,