Ստեփանակերտում դատապարտել են 1920 թ. Շուշիում կազմակերպված մարտյան դեպքերը

arcaxՄարտի 21-ին Արցախի պետական համալսարանի ԱրՊՀ  գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը «Կաճառ» գիտական կենտրոն հասարակական կազմակերպության և Շուշիի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպել է 8 կլոր սեղան` նվիրված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կողմից 1920 թ. մարտի 23-ին Շուշի քաղաքում կազմակերպված ու իրականացված կոտորածների 94-րդ տարելիցին և դրա իրավաքաղաքական պատասխանատվության հարցերին:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին պատմաբաններ, իրավաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ:
Կլոր սեղանի նպատակը 1920 թ. Շուշի քաղաքում կազմակերպված կոտորածների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն է, միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա սևեռելը և անհրաժեշտության դեպքում միջազգային իրավունքի կողմից սահմանված ընթացակարգերով համապատասխան ատյաններ դիմելը, ցեղասպան երկրին իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև Շուշի քաղաքում կազմակերպված ողբերգության պատճառները վեր հանելը և ապագայում նման երևույթներ բացառելը:
Կլոր սեղանի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության և էթնիկական զտումների հետևանքով զոհ գնացած հայրենակիցների հիշատակը:
Միջոցառման վարող, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Ավետիք Հարությունյանը նշեց, որ 1920 թ. մարտի 23-ի Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածին միջազգային իրավունքի լեզվով առանց վարանելու կարելի է տալ «ցեղասպանություն» ձևակերպումը և բնորոշել որպես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:
«Կասկած չկա, որ Շուշիում արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությունը դարձել է Թուրքիայի վարած արևմտահայության բնաջնջման և իր պատմական բնօրրանից նրա բռնի տեղահանության քաղաքականության տրամաբանական շարունակությունը»,- ասաց Ավետիք Հարությունյանը` հավելելով, որ ներկայիս Ադրբեջանը` որպես Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում այդ հանցագործության կազմակերպման ու իրագործման համար:
«Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն ընդգծեց, որ 1920 թ. Շուշի քաղաքի ողբերգական իրադարձությունները հերթական անգամ վկայում են Ադրբեջանի ղեկավարության հակահայկական քաղաքականության մասին` ավելացնելով, որ «այսօր, երբ այդ պետությունը խոսում է ժողովրդավարական արժեքների մասին, առավել օրախնդիր է դառնում այդ իրադարձությունները վերաիմաստավորելը և Ադրբեջանի իրական դեմքը բացահայտելը: Մ. Հարությունյանը նշեց նաև, որ իրական տեղեկատվության ներկայացումը մեծ կարևորություն ունի Բաքվի կողմից մշտապես սփռվող սուտն ինչ-որ չափով կանխելու համատեքստում:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը, ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը, ԱրՊՀ պատմաքաղաքագիտական ֆակուլտետի դեկան Վալերի Ավանեսյանը, «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Վահրամ Պողոսյանը, «Առաջ Արցախ» ՀԿ-ի նախագահ Արթուր Հայրապետյանը և այլք:
Կլոր սեղանի մասնակիցները դիտել են «Կաճառ» գիտական կենտրոնի պատրաստած «Ահաբեկչություն» վավերագրական ֆիլմը, իսկ վերջում ընդունել հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ «կլոր սեղանի մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի ոճրագործությունը և վստահ են, որ միջազգային հանրության կողմից այդ երկրի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների շարունակվող քաղաքականության դատապարտումը կամ դրան համարժեք քաղաքական, իրավական գնահատական տալը նման դրսևորումների կանխարգելման արդյունավետ միջոց կլինեն»:
Ավետիք Հարությունյան

Tags: ,