Ծագող արևի երկրի հայ դեսպանը մեկնեց, բայց «չհեռացավ» Հայաստանից ու հայերից

ճապոնացի«Ինչո՞ւ այս մարդիկ իրենց հայրենիքում չեն ապրում»,- աշխարհասփյուռ հայության մասին ճապոնացի Դայսակու Վատանաբեի այս հռետորական հարցը դարձավ հայագիտությանը նվիրվելու, հայերենն ուսումնասիրելու գլխավոր պատճառը: Տոկիոյի համալսարանի ուսանողը հաճախ է շրջագայությունների մեկնում:
- Ուր գնացել եմ, հայերի եմ հանդիպել, մշտապես զարմացել, թե ինչու են նրանք ապրում այլ երկրներում: Նրանք ինձ պատմել են 1915-ի դեպքերի մասին, ցեղասպանության պատմությունները պարզապես ցնցել են: Ես հասկացա հայկական սփյուռքի առաջացման պատճառը: Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2002-ին, այն ժամանակ` որպես զբոսաշրջիկ, երբ վերադարձա, զգացի, որ մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու այս փոքրիկ երկիրը կարոտում եմ: Եվ ահա եկա հստակ նպատակով` սովորել աշխարհի հնագույն լեզուներից մեկը` ոսկեղենիկ հայերենը: Ես գիտեմ մի քանի լեզուներ` դե իհարկե իմ մայրենին` ճապոներեն, անգլերեն, թուրքերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, մի քիչ ֆրանսերեն, ըստ էության բոլոր լեզուներն եմ սիրում, բայց հայերենը հարազատ է, հասկանո՞ւմ եք: Տառերը շատ գեղեցիկ են, մաշտոցյան այբուբենը ինքնատիպ է, հնչյունական համակարգի մասին էլ խոսք չկա, քիչ լեզուներ կան, որտեղ ամեն մի տառ իր հնչյունն ունի, սա մեծ հարստություն է»,- խոստովանում է Դայսակուն:

10153342_719339191422006_1418604541_n2011-ին, երբ Վենետիկում հանդիպեցի Դայսակուին, ապշել էի նրա` հայերի ու հայերենի մասին գիտելիքի պաշարից: Նա մասնակցում էր հայագետ, Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զեքիյանի հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթացին` սովորելով արևմտահայերեն և ուսումնասիրելով համահայկական պատմությունն ու մշակույթը: Սուրբ Ղազար կղզում` Մխիթար Սեբաստացու արձանի մոտ Դայսակու Վատանաբեի լուսանկարը հայկականության հանդեպ Դայսակու սիրո խտացումն է: Գիտելիքները խորացնելու նպատակով նա 2011-ի հոկտեմբերին երկու տարի ժամկետով եկավ Երևան, ընդունվեց ԵՊՀ նախապատրաստական բաժին` առաջին հերթին կատարելագործելու լեզուն, ապա նոր նյութեր հավաքելու գիտական թեզ պաշտպանելու համար:
- Եղել եմ Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում… Սփյուռք երևույթն ինձ համար անչափ հետաքրքիր է: Դիսերտացիայիս նյութերը հավաքելու նպատակով ես Հայաստանից մեկնեցի նաև Իրան` ուսումնասիրելու տեղի պարբերականները, մամուլը, որտեղ արտացոլված է իրանահայերի պատմությունը,-ասում է Դայսակուն:
Իրանցիների և իրանահայերի հարաբերությունները նրա դիսերտացիայի թեման են: Որոշակի առումով նաև քաղաքական հարցեր է շոշափում:

- Չգիտեմ, դեռևս շատ գործ կա կատարելու, պատասխանատու աշխատանք է, կա՛մ Եվրոպայի երկրներից մեկում, կա՛մ Ճապոնիայում պետք է պաշտպանեմ ավարտական թեզս:
Ճապոնացի երիտասարդի Հայաստանում անցկացրած օրերը չափազանց հագեցած էին, լեցուն ոչ միայն համալսարանական ու կրթական ծրագրերի մասնակցությամբ:
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենում կատարողական բարձր արվեստով, երաժշտությունը մոտեցնելով հանդիսատեսից յուրաքանչյուրի սրտին ու հոգուն. սա Դայսակուի գնահատականն է: Նա բաց չի թողել երևանյան որևէ դասական համերգ ու մշակութային իրադարձություն, լսում է Բաբաջանյան, Խաչատրյան, Հախվերդյան… Երևանի ճապոնացի բնակիչը հայաստանյան մշակութային օջախների սպասված հյուրն է, գրավաճառների ամենահետաքրքիր հաճախորդը, տաքսու վարորդների բարեկիրթ ուղևորը:

10151562_720131744676084_1963056756_n- Առաջին հայերեն գիրքը, որ կարդացի, Րաֆֆու «Խենթն» էր, շատ դժվարությամբ հաղթահարեցի, քանի որ հայերենս այնքան էլ լավ չէր: Երբ ավելի խորությամբ կարդացի Րաֆֆի, ինձ դուր եկավ «Պարույր Հայկազնը»: Հիմա ժամանակս ավելի շատ տրամադրում եմ մասնագիտական գրականության ընթերցանությանը:
Դայսակուն Հայաստանից երկու հարյուրից ավելի կտոր գիրք է իր հետ տանում` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Լեոյի «Հայոց պատմությունը», Իսահակյան, Թումանյան, Դեմիրճյան, Շիրազ, Չարենց, Վարուժան, Րաֆֆի, Ռոմանոս Մելիքյան, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ռաֆայել Իշխանյան…
- Տեղ չկա, մի մասը փոստով եմ ուղարկել, մի մասն ինձ հետ վերցրել, մի մասն էլ թողնում եմ, որ երբ էլի գամ, տանեմ Տոկիո:
ԴայսակուՎատանաբեն ուսումնասիրում է ոչ միայն արևելահայերենն ու արևմտահայերենը, այլև գրաբարը, և ամենաուշագրավն այն է, որ հայերենի բոլոր դրսևորումներն ու նաև բարբառները սովորում է ոչ թե մեխանիկորեն, այլ զգալով հայերենի հմայքը, Նարեկը թերթելիս չթաքցնելով հիացմուքը`ի՜նչ ճոխ է, չէ՞:
Այս երկուսուկես տարում Դայսակուն հաճախեց դաշնամուրի, ռուսերենի մասնավոր պարապմունքների, հայ հնագետների հետ մասնակցեց պեղումների, այցելեց Հայաստանի պատմամշակութային վայրեր, Արցախ:
- Ճապոնիայում, ցավոք, հայերի մասին շատ բան չգիտեն, բայց գիտեն Անաստաս Միկոյանին, Արամ Խաչատրյանին, Փարաջանովին, Այվազովսկուն և իհարկե Լևոն Արոնյանին: Հայաստանում սովորելու գումարը ճապոնացի երիտասարդին փոխանցել է Տոկիոյի մասնավոր հիմնադրամներից մեկը: Երևանյան օրերին Դայսակուն նաև զբաղվել է թարգմանությամբ` անգլերենից ճապոներեն թարգմանելով Ջորջ Բուռնությանի «Concise history of Armenian people» գիրքը: Ճապոնացի երիտասարդը նշում է, որ հայագետի բարձր տիտղոսին հասնելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու: Նրա ցանկությունն է, որ իրանահայերի վերաբերյալ գիտական հետազոտությունն ավարտելուց հետո կզբաղվի այլ երկրներում հայկական սփյուռքի ուսումնասիրությամբ: Նպատակներից մեկն էլ Տոկիոյի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնումն է: Ճապոնական հիերոգլիֆներից հետո մեծ խանդավառությամբ հայերենը սերտած ճապոնացի Դայսակուն ընդգծում է, որ հայերի ու ճապոնացիների գլխավոր ընդհանրությունը ամաչելու հատկությունն է:
- Չեմ կարող ասել` ինչից ենք ամաչում, բայց այդ առանձնահատկությունը նկատել եմ: Հայերը շատ բարի են, հյուրընկալ: Ինչ վերաբերում է կարոտի զգացումին, ապա մենք ևս կարոտում ենք, պարզապես կարողանում ենք զգացմունքները թաքցնել, ավելի սառը վերաբերմունք ցուցաբերել:

Հիմա արդեն Դայսակուն կես կատակ խոստովանում է` կիմանոյով ճապոնահայ եմ: Մոլորակի գերզարգացած երկրներից մեկի` Ճապոնիայի բնակիչը նախընտրում է Հայաստանի նման փոքրիկ երկիրը, որտեղ հանգիստ է, չկա մեգապոլիսին բնորոշ աղմուկն ու կյանքի ռիթմը: Նա մեկնեց` խոստանալով վերադառնալ հունիսին:

10153619_719984091357516_1110262873_nՄինչ այդ մեկ հարցոմ ակնկալելով ընթերցողների օգնությունը` փնտրել ու գտնել Երևանից գնած ժամացույցի հասցեատիրոջը: Դայսակու Վատանաբեն շատ է սիրում հնագույն, հատկապես խորհրդային ժամանակների իրեր: Վերնիսաժից գնած ձեռքի ժամացույցը նրա ամենասիրելի իրն էր, բայց հիմա նա փնտրում է ժամացույցի տիրոջը: Ժամացույցի վրա գրված է` «Լուսիկից` Գուրգենին, ծննդյան 40-ամյակի առիթով»:
- Եթե նրանք ողջ են, ես կցանկանամ վերադարձնել ժամացույցը, առանց որևէ գումարի, երևի կարիքից դրդված են վաճառել: Չէ՞ որ դա նրանց համար թանկ ու հիշարժան իր է…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Tags: , ,