Ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի. մինչև ո՞ւր

Haykuhi-Barseghyan1Ծիծաղի միջազգային օրը հայկական լրատվադաշտում կատարվողը առիթ դարձավ մտածելու, թե ինչպես ենք մեզանում օգտագործում երգիծանքը: Ինչպես գիտենք, երգիծանքը կարող է լինել բուժող դեղամիջոց, բայց նաև հակառակ ազդեցությունն ունեցող` կախված նրանից, թե ինչպես ու որ պարագայում ենք այն օգտագործում: Պետք է նշել, որ մեր իրականությունը զննելիս պարզ է դառնում, որ առավել հաճախ երգիծանքը մեզ մոտ սխալ է կիրառվում. կյանքի որևէ ասպարեզ զերծ չի մնացել, ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի, որն իրականում անգամ ժպիտ չի առաջացնում, փոխարենը արժեզրկում է այն, ինչին որ դիպչում է:
Պատանիների, նոր կյանք մտնող սերնդի հետ խոսելիս սովորություն ունեմ առիթն օգտագործել ու հայրենիքից, երկրի հանդեպ պարտքից ու սիրուց խոսել` հասկանալու նրանց տրամադրվածությունը և մտածելակերպը: Վերջերս, սակայն, ամեն անգամ նման խոսակցություններից տհաճ եզրակացություն եմ անում. ազգային ինչ արժեքից էլ խոսք լինի` ավարտվում է ինչ-որ հիմար արտահայտությամբ, որն իբրև թե հումոր է, համենայն դեպս, այդ արտահայտությունները մեր ռեյթինգ վայելող երգիծական հեռուստահաղորդումները որպես այդպիսին են ներկայացրել:
Արդյունքում` Րաֆֆու Սամվելի արարքը դառնում է ոչ թե հայրենասիրության ծայրագույն դրսևորում, այլ «դարի մեծագույն կրիմինալ, որն արդարացվում է «հայրենասիրություն» սուտ եզրույթով», բանակը դառնում է «անկարողների» վայր, հայրենիքը` ոչինչ չասող ու չնշանակող բառ ու այսպես շարունակ:
Կյանքում արժեքներ կան, որոնք անձեռնմխելի են: Կան, չէ՞, հնագիտական արժեք ունեցող իրեր, որոնք վակուումում են պահվում օդի հետ շփումը բացառելու և իրը քայքայումից փրկելու համար: Այդպես էլ մի շարք ազգային ու բարոյական արժեքներ և գաղափարներ կան, որոնք պետք է վակուումում պահել` բոլորի համար անձեռնմխելի վիճակում: Սակայն երբ դա չենք գիտակցում ու արժեքն իջեցնում ենք իր անձեռնմխելիության պատվանդանից կամ էլ հանում վակուումից, միանգամից վրա է հասնում քայքայումը, իմաստազրկումը:
Այս պահը մեր իրականությունում արդեն վրա է հասել: Մի ողջ սերունդ դաստիարակվում է առանց արժեքների, որոնք պիտի հիմք դառնան երկրի ու ազգի պահպանությանը: Ժամանակն է դա գիտակցել ու ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել: Սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում. հետզհետե ամեն ինչ ոտնատակ տվողների ու արժեզրկողների բանակն ավելանում է: Ապրիլի 1-ին լրատվադաշտում կատարվողը դրա վառ ապացույցն էր:
Քլիքամանիայուվ տառապող լրատվամիջոցներից շատերը հնարեցին հրատապ լուրեր` առանց ընթերցողին տեղյակ պահելու, որ դա ապրլիմեկյան կատակ է: Մարդիկ, բնականաբար, շփոթության մեջ ընկած, աջ ու ձախ փորձում էին ճշտել` իսկապե՞ս եղել է. երկրի նախագահը Քեսաբ է մեկնել, ՍԴ-ն որոշումը հրապարակել է, ինչի կարիք ունեն նորածին յոթնյակի ծնողներն ու այդպես շարունակ: Եվ քանի որ «կատակ անողները» չէին բարեհաճել գոնե վերջում իրենց ընթերցողին տեղեկացնել, որ դա իրականությանը չհամապատասխանող լուր է, մի շարք այլ լրատվամիջոցներ էլ արտատպել էին լուրերը:
Փաստորեն, հայկական լրատվադաշտի որևէ լուր այդ օրը հավաստիություն չէր ենթադրում: Ի՞նչ տեղի ունեցավ. գուցե մի քանի կայքեր այդ մեկ օրը մի քանի տասնյակ կամ հարյուրյակ ավելի դիտում ունեցան: Փոխարենը վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ ևս մեկ աստիճանով ընկավ, լրատվամիջոցներն էլ իրենց հեղինակության բարձունքից ևս մեկ աստիճանով իջան: Եվ կարևոր չէ, թե որոնք են մասնակցել բոլորովին ոչ ծիծաղելի հումորին . լսարանի վերաբերմունքը մեծ մասամբ ընդհանրացված է: Ընթերցողն այլևս նյութ կարդալիս միշտ ներքուստ կասկած կունենա` հնարավոր է, որ սա ևս չի համապատասխանում իրականությանը…
Վերջում հումորասերներին հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ հումորի սահմանումներից մեկի համաձայն` այն ծիծաղելին հասկանալու, տեսնելու և դա ի ցույց դնելու կարողությունն է:
Կյանքում ծիծաղելի բաներ կան ինչքան ուզեք, վեր հանեք դրանք: Բայց արժեքները, որոնք բոլորովին էլ ծիծաղելի չեն, չպետք է արհեստականորեն ծիծաղի առարկա դարձնել:

 

 

Tags: , , ,