Ինչպես հայտնի է, Երևանում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը անմասն չմնացին եկող տարի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք տվող խաղարկված ուղեգրերից: Այդ պատվին էին արժանանում 1-23-րդ տեղերը զբաղեցնողները: Շարունակ խոսվում է, որ ադրբեջանցի շախմատիստները հրաժարվել էին Հայաստանում ստուգատեսի մասնակցելուց, և հավանականությունը քիչ է, որ մեր երկիրն էլ պատվիրակներ ուղարկի Ադրբեջան: Բայց դա հաշտվողական մտածելակերպ է:
Հայ շախմատիստները, Բաքու չգնալով, շատ բան կարող են կորցնել:
Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, բացահայտ հայտարարելով գնալու քիչ հավանականության մասին, նաև պարզաբանեց, որ շախմատիստները մտքի ճմշման չպետք է ենթարկվեն, և դա կարող է ազդել, որ նրանք չկարողանան ստեղծագործաբար հանդես գալ:
Ի դեպ, նախկինում մեր երկրի տարբեր մարզաձևերի ներկայացուցիչները վարկանիշային տարբեր մրցաշարերի են մասնակցել Բաքվում, նաև բարձրացնել են տվել Հայաստանի եռագույնը: Այս անգամ ևս նժարին շատ բան է դրված, նաև աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն կա: Ընդ որում, եթե աշխարհի գավաթակիրը խաղալու է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրացաշարում, ապա եզրափակչի մասնակիցը ևս այդ ստուգատեսում հանդես գալու իրավունք է ստանալու: Դա կատարվեց Խանտի Մանսիյսկում, և աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից բացի, մասնակցում էր նաև նրա հայրենակից Դմիտրի Անդրեյկինը:
Այնպես որ, Հայաստանի շախմատիստների Բաքու չգնալու հարցին պետք է համակողմանի մոտենալ: Ընդ որում, եթե ավելանա աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի ուղեգիր ունեցող հայ շախմատիստների թիվը, Շախմատի միջազգային ֆեդերացիան հարկադրված կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել: Ու եթե անգամ մրցավայրը չփոխվի, ապա կազմակերպիչներին կպարտադրվի, որ ընդառաջ քայլեր կատարեն, կոմպրոմիսային տարբերակներ գտնեն և հայ շախմատիստների անվտանգության համար երաշխիքներ տան, նաև հնարավորություն ստեղծեն, որ մերոնք անկաշկանդ մթնոլորտում դրսևորեն իրենց կարողությունները:
Դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե մեծ թվով հայ շախմատիստների Բաքվում խաղալու հնարավորությունից զրկելու«վտանգ» առաջանա:
2015-ի փետրվարին Իսրայելում անցկացվելու է ևս մեկ վարկանիշային մրցաշար, և խաղարկվելու է գրեթե նույնքան ուղեգիր, ինչքան Երևանում: Եթե մերոնք ևս մի քանի ուղեգիր նվաճեն, ասենք` խաղալու իրավունք ստացած 5-6 շախմատիստ ունենանք, ապա Շախմատի միջազգային ֆեդերացիան փաստի առաջ կարող է հայտնվել և ստիպված լուծել այդ խնդիրը: Նշենք, որ այլ երկրների առաջատար հայ շախմատիստներն էլ անպայման ուղեգրերի կտիրանան:
Բաքվում խաղալու է 128 շախմատիստ: Հնարավոր է` Ադրբեջանին 4 մասնակցի լրացուցիչ ներկայացնելու հնարավորություն տրվի: ՖԻԴԵ-ն 8 հրավեր անելու իրավունք կունենա, սակայն հազիվ թե այդ ուղեգրերից գեթ մեկը տրվի հայ շախմատիստի:

