Արչիլ Գորկի.Թոթափված է մոռացման փոշին

Կյանքը կարճատև է, արվեստը` հավերժական:
Հիպոկրատ

գորկիՊատմական Հայաստանի Վանի նահանգի Խորգոմ գյուղում 1904 թ.ապրիլի 15-ին ծնվել է Ոստանիկ Ադոյանը: Նա 1915 թ. գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ գաղթել է Երևան, ապա Թիֆլիս, այնուհետև` ԱՄՆ: Ներշնչված ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու ստեղծագործություններով` 1925 թ. վերցրել է նրա ազգանունը:
Այսպիսով դարձել է Արչիլ Գորկի, արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից մեկը:
Սովորել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ նաև հինգ տարի դասավանդել է: Ստեղծագործման առաջին տարիներին կրել է Մոնեի, Մատիսի, Պիկասոյի և այլոց ազդեցությունը, հետո մշակել իր ուրույն ոճը, ստեղծել իր դպրոցը: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթներն են եղել նրա ստեղծագործական ներշնչման աղբյուրը: Սկզբնական շրջանում նկարում էր դիմանկարներ, նատյուրմորտներ և բնանկարներ:1930- ական թվականների կեսերից հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ կտավներ` «Այգիներ Սոչիում» (1938) նկարաշարը (նախնական անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժը» (1943),«Հոգեվարքը» (1947),«Արորը և երգը»(1947), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
Նրա արվեստը ներթափանցված էր հայկական հոգով, մշտապես կապի մեջ էր հայրենիքի հետ: 1938 թ. նա Հայաստան է ուղարկել չորս կտավ, երկու նկար էլ նվիրաբերել է Կարմիր բանակին օգնելու համար Նյու Յորքում կայացած ցուցահանդես վաճառքին: 1946 թ. կրակի բոցերը լափել են նրա երեսունից ավել կտավներ, իսկ ինքը ենթարկվել է քաղցկեղի վիրահատության: 1948-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան եղել: Նրա նշանավոր կտավներն այսօր էլ ցուցադրվում են ԱՄՆ-ի, Լոնդոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, նաև Երևանում, Մոսկվայում:
գորկի-նկար2004 թ. Արչիլ Գորկու 100-ամյակի կապակցությամբ հայ զբոսաշրջիկների մի մեծ խումբ ուխտագնացության է մեկնել Արևմտյան Հայաստան` Էրզրում, Վան, Բայազետ, Անի, Իգդիր, Խորգոմ:
Խորգոմ գյուղում խումբը նկատել է մի մեծ քար` վրան փորագրված խաչով: Խմբի անդամներից երևանաբնակ ալավերդցի Վլադիմիր Աղաբաբյանը, Բադալ Բադալյանը և մյուսները խաչով քարը, որը տեղացի քրդերը օգտագործել են որպես աղբյուրի ծորակից օգտվելու պատվանդան, տեղափոխել են մոտակա ծառի տակ, մաքրել, վրան ժամերգություն կատարել, մոմեր վառել, խունկ ծխել: Այնուհետև քարը տեղափոխել են ավտոբուս և հասցրել Երևան: Այժմ այդ խաչով քարն իր հաստատուն տեղն ունի Արչիլ Գորկու թանգարանում: Իսկ Վլադիմիր Աղաբաբյանի նկարը քարի կողքին տեղ է գտել նրա ընկերոջ` երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի «Սրբացած մասունքներ» (2006) գրքի 15-րդ էջում (15-ը նաև Գորկու ծննդյան օրն է):
Մարդու կյանքը կարճատև է: Արչիլ Գորկու դեպքում այն մաքառումներով, դեգերումներով և տառապանքով լի 44 տարի է ընդամենը: Գործն է անմահ ու արվեստը: Որ Արչիլ Գորկին անմահ է, հավաստում են նաև Ալավերդու գեղարվեստի դպրոցի մանկավարժներն և սաները և տնօրեն Վարուժան Վարդումյանի ղեկավարությամբ պատրաստվում նկարչի ծննդյան օրը դպրոցում անցկացվող հիշատակի դասերին:
Խոսքիս ավարտին ուզում եմ բարձրաձայնել ամերիկացի նկարիչ Ուիլյամ դե Կունինգի խոսքերը. «Գորկին նման է հսկա սառցալեռան, որը ինը տասներորդ մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը մեկ տասներորդ մասով: Բայց այն ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»: Եվ հավատալ, որ ամենուր արժանավայել կնշվի նաև նկարիչի 110-ամյակը:

Վաղարշակ Ղորխմազյան

Tags: ,