Հովհաննես Թումանյան – 145

թումանյանԹՈՒՄԱՆՅԱՆԸ «ԱՌԱԾԱՆԻՆ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ»-ՈՒՄ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վալերի Միրզոյանի` հայկական ժողովրդական ասացվածքների և առածների արժևորման և օգտագործման վերաբերյալ ուսումնասիրությունների, հրապարակումների մասին վաղուց էի լսել: Դեպքից դեպք հիշում ու փնտրում էի: Եվ ահա այս տարի գիրք նվիրելու օրվա նախօրեին Վ. Միրզոյանի «Առածանին վարքականոն» գրքի 4-րդ, լրացված, բարեփոխված հրատարակությունը, որպես հաճելի անակնկալ, նվեր ստացա ընկերոջիցս` Ալավերդու թիվ 9 դպրոցի պատմության ուսուցիչ Էդվարդ Շահվերդյանից: Միանգամից սկսեցի կարդալ ու դժվարանում էի այն ցած դնել: Գրքի ծանոթագրությունում ասվում է. «Աշխատությունը տակավին եզակի մի փորձ է փիլիսոփայության և կառավարաբանության մոտեցումների համադրմամբ գնահատելու հայ ժողովրդական ասացվածքների և առածների վարքակարգավորիչ ներուժը, բացահայտելու դրանց գործառույթները անհատի և հանրային կյանքի ամենատարբեր բնագավառներում, հանգամանորեն քննարկելու առածանու արդյունավետ գործադրման մեթոդաբանությունը»:

Առածաբանության մեկնաբանության ընթացքում գործածվել են հայ և այլազգի հեղինակների կարծիքները, խորհուրդները, ստեղծագործությունները: Դրանք նույնպես վարքակարգավորիչ լիցք ունեն: Գրքի անվանացանկից իմանում ենք, որ գործածվել է ընդամենը 150 անուն, 287 անգամ ու առաջինը կրկին անմահ Հովհաննես Թումանյանն է, որ հիշատակվում է 11 անգամ: 2-րդ տեղում Հակոբ Պարոնյանն է (10 անգամ), իսկ 3-ից 4-րդ տեղերը, 8-ական անգամ հիշատակումով, կիսում են Ֆրիդրիխ Նիցշեն և Գարեգին Նժդեհը:

Հենց ներածականում Հովհաննես Թումանյանը բնութագրում է առածներն ու ասացվածքները. «Դրանցից ամեն մեկը մի ամբողջ պատմություն է պարունակում, այդ տեսակ խոսքը միայն հանճարներն են ստեղծում, մեկ էլ` ժողովուրդները, որ «…հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը և վերջը հանում են մի կարճ եզրակացություն»:

Հետո հեղինակն օգտվում է Թումանյանի մտքի գանձարանից` ներկայացնելով կնոջը վերաբերող առակները: Թումանյանը եզրակացնում է. «Մարդը կդակը վերա դնում` հետը մասլահաթ անում, խո իսան (մարդ) ա»: …Հովհաննես Թումանյանը նամակներից մեկում հանրային կարծիքի ուժը արժևորելու համար գրում է. «Ավելի լավ է մարդու աչքն ընկնի, քան թե անունը»:

Քիչ տարածում չունեն առանձին ազգերի մասին պատմությունները:
«Հայ ազգը հեղափոխական չէ», – բացահայտում է Վալերի Միրզոյանը և հիշատակում Հովհաննես Թումանյանի «Հայ ժողովուրդը հեղափոխական» հոդվածը:
Անցյալի, ներկայի և ապագայի միջև բախում չի կարող լինել, ու աշխատության 145-րդ էջում Հովհաննես Թումանյանի հանճարեղորեն պարզ ձևակերպումն է.
Էսօրն ինչ է որ, – մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կդառնա,
Եվ սակայն կըրկին միևնույն է նա:
«Ամեն փորձանք մեկ-մեկ խրատ»-ը` հայոց լավատեսական ասացվածքներից մեկը, ավելի լավ չի բնութագրի, քան անմահ լոռեցու «Միշտ մի աղետ, մի վնաս, գալիս է մեզ անպակաս» միտքը: Բանն էլ, իրոք, այն է, որ փորձանքից չես խուսափի: Իսկ ստի մասին խոսելիս ինչպե՞ս կարող ենք մոռանալ Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը»:
«Տեղդ նեղ լինի, լեզուդ մեղր արա», «Խոսքը մեկ, Աստված մեկ» շարքն է ներկայացնում Վ. Միրզոյանը և հիշատակում Հովհաննես Թումանյանի տարաբախտ Թմկա տիրուհուն:
«Ջուրը գացող, ծարավ դարձող» շարքի ասացվածքները օգնում է հասկանալու Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոսը»:
«Հանաքը դանակ կդառնա»: Հենց այդպես եղավ, չէ՞, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում «ախպեր տղերքի»` Մոսիի և Սարոյի կատակով բռնած կռվի դեպքում: Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսն էլ այս գրքի 247-րդ էջում օգնում է հասկանալու «Խոզի գլուխը խալիչու վրա չի կենա» խոսքի արժեքը:

Որպես շտեմարան ընդունելով Ա. Ղանալանյանի «Առածանին»` Վալերի Միրզոյանը ներկայացնում է, որ դրանում 1405 անգամ հիշատակվել է 59 կենդանու անուն: Առաջին տեղում շունն է (215 անգամ): Հետաքրքիր է, որ շան մասին հիշատակումները քիչ չեն նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում: Ուշագրավ համադրությունները Վալերի Միրզոյանի գրքում շատ են: Եվ այն հավակնում է դառնալու սեղանի գիրք գործարարների, պաշտոնյաների, մանկավարժների և ուսանողների համար:

Ամեն մի հանդիպում Հովհաննես Թումանյանի խոհին ու մտքին տոն է: Ուզում եմ ընթերցողին ներկայացնել նաև Թումանյանի մտքի գանձարանը բնորոշող մի մանրապատում-իրապատում, որ վերջերս եմ կարդացել մամուլում.
- Ո՞վ է այդ հոգնած ճանապարհորդ ձիավորը, – Աբասթումանի անտառներով անցնելիս իր շքախմբին է դիմում փոխարքան:
- Հայ բանաստեղծ Թումանյանն է, – պատասխանում են նրան:
Շքեղ կառքը կանգնեցնելով` Կովկասի փոխարքա Վորոնցովը դիմում է Թումանյանին.
- Ասում են` դու հայ բանաստեղծ Թումանյանն ես:
- Այդպես է, Ձերդ գերազանցություն, – պատասխանում է բանաստեղծը:
- Ուզում եմ քեզ մի հարց տալ: Ի՞նչ կասես, խե՞լքն է ծանր, թե՞ հիմարությունը, – հեգնական ժպտում է փոխարքան:
- Իհարկե հիմարությունն ավելի ծանր է:
- Իսկ ինչպե՞ս կապացուցես, – խորամանկորեն հարցնում է Վորոնցովը:
- Շատ պարզ, – քթի տակ ծիծաղում է Թումանյանը, – տեսե՛ք, ինձ մի ձի է տանում, իսկ ձեզ` չորսը: Հիմա հասկացա՞ք` դրանցից որն է ծանր:
Փոխարքան այլևս ոչ մի բան չի ասում և ձեռքով նշան է անում կառապանին, որ շարունակի ճանապարհը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Անկախ

Tags: ,