Ով էլ լինի նոր վարչապետը…

իսկանդարյանԱյս օրերին Հայաստանում քաղաքական ամենաթեժ թեման, թերևս, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է և այդ հրաժարականով պայմանավորված գործընթացներն ու իրադարձությունները: Ամենահաճախ տրվող հարցը, ըստ երևույթին, այն է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց փոխել վարչապետին, որքան էլ որ փորձում են հավաստիացնել, թե դա հենց Տիգրան Սարգսյանի անձնական նախաձեռնությունն էր:

Մանավանդ որ բոլորը միաբերան սկսեցին հայտարարել, թե վարչապետի փոփոխությունը սպասված էր, ուղղակի ժամկետն էր անսպասելի: Այս տեսակետը փորձում են հիմնավորել երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակով, տնտեսական քաղաքականության արդյունքներով, կենսաթոշակային բարեփոխումների ձախողմամբ, վերջապես, քաղաքացիական հասարակության ու ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի` «հրաշալի քառյակի» գործունեությամբ: Համենայն դեպս քառյակը հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու իր որոշման մասին: Եվ քառյակի բոլոր քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է:

Փոխզիջում լինում է վտանգի սպառնալիքի առկայության դեպքում

Այս առումով բավականին հետաքրքիր դիտարկում ունի քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որ օրերս նշեց, թե ցանկացած զիջում պայմանավորված է սպառնացող վտանգներով: Քաղաքագետը համոզված է, որ այս պարագայում իշխանություններին պետք չէր հարմար առիթ վարչապետ փոխելու համար, քանի որ չկա այն քաղաքական դաշտը, որը սպառնում է նրան:

«Նա կարող է փոխել վարչապետին, որովհետև այդպես է ցանկացել, խորհրդարանում մեծամասնություն ունի, կառավարությունը հանրապետական կառավարություն է, և նրանք հաղթել են բոլոր քաղաքական հարթակներում: Իշխանությունը զիջումների է գնում այն դեպքում, երբ ընդդիմության հետ որոշակի խնդիրներ է ունենում, երբ ինչ-որ մեկը սպառնալիք է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սակայն արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Տիգրան Սարգսյանի հրաժարականը, փաստորեն, օրակարգից հանեց ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և նույն պահանջով ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու նախաձեռնությունները:

Բացառված չէ, իհարկե, որ վարչապետի հրաժարականը բազմաշերտ ու բազմաքայլ կոմբինացիայի մի փոքրիկ հատվածն է միայն: Այս առումով նույն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ սովորաբար կառավարություններն այդքան երկար չեն պաշտոնավարում, և կառավարություն զոհաբերելը նորմալ քաղաքական տեխնոլոգիա է: «Այն հակասությունները, որ կան ՀՀԿ-ի ներսում, բավականաչափ ուժեղ են և ուժեղանալու էին ընտրական փուլերում` ՀՀԿ-ի լիակատար հաղթանակից հետո: Որ կատարվում է համակարգի որոշակի ձևափոխում ընդհանուր առմամբ, որ այս փոփոխությունը կլինի` ոչ ոք չէր կասկածում: Իհարկե, կոնկրետ ժամկետը հանրապետությունում հավանաբար գիտեին միայն մեկ կամ 3-4 հոգի, բայց դա որոշում է, որ ընդունել է մեկ անձ»,- նշեց նա:

քառյակՍակայն փաստ է, որ դրանով կանխվեցին ապրիլի վերջին հենց այս քառյակի նախաձեռնություններով պայմանավորված հնարավոր, գուցե նաև անկանխատեսելի հետևանքներով հղի հասարակական-քաղաքական զարգացումները: Այդ հեռանկարը թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ իշխանությունը հաշվի չառնել չէին կարող:
Այլ հարց է, որ կառավարությունը փոխելու պահանջը կատարելով այս փուլում` նախագահն իսկապես խառնեց քառյակի խաղաքարտերը: Սա ստեղծել է նոր իրավիճակ, որը քաղաքական ուժերից պահանջում է բոլոր ծրագրերի հիմնովին վերանայում: Որովհետև այլ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու վարչապետի հրաժարականն ընդունվեց հենց հիմա, քանի որ վարչապետ փոխելու ավելի հարմար առիթներ են եղել, օրինակ` նախագահական ընտրություններից անմիջապես հետո կամ նախագահի «պատվիրած» տնտեսական աճի ցուցանիշը չապահովելու ժամանակ:

Ի՞նչ կլինի «հրաշալի քառյակի» հետ

Վարչապետի հրաժարականից հետո, ինչպես գիտենք, տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել: Ու թեև վարչապետի հրաժարականից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մենք մեծ փոփոխությունների նախաշեմին ենք», և հավելել է, որ իրենք ձգտում են ամբողջական իշխանափոխության, որը կլինի շուտով, այնուամենայնիվ, Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակի հանդիպման օրակարգում ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի եղել:

Ինչևէ: «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց և հետագա համագործակցության անհրաժեշտ պայման դրեց` «հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպման հարցը: Այն հարցին էլ` եթե չորս ուժերի առաջնորդների հանդիպումը չկայանա, «Ժառանգությունը» դո՞ւրս է գալու չորսի ֆորմատից, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Այդ հարցը կա մեր օրակարգում, և առաջիկայում մենք այդ հարցը քննարկելու ենք»:
Քաղաքական հաջորդ ուշագրավ իրողությունն այն էր, որ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին ակնարկել, որ այս հինգշաբթի տեղի են ունենալու ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր, ու հենց այդ օրն էլ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնած է Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա:
Կարծես այս տեղեկությունը սկսում է հավաստի դառնալ, մանավանդ որ վարչապետի հրաժարականի հենց հաջորդ օրը խորհրդարանում կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա խնամու` «հրաշալի քառյակի» կարկառուն ներկայացուցիչ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նոր վարչապետի թեկնածության առումով լրատվամիջոցներից մեկին ասել է. «Ճիշտը միասնական թեկնածուն է»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, թե ինչ պաշտոն էլ որ Սերժ Սարգսյանն առաջարկի ԲՀԿ-ին նոր կառավարության կազմում, դա ձեռնտու է լինելու նրանց: «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել այդ կառավարություն, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»,- ասել է Մինասյանը:
Բայց մի կարևոր հարց էլ կա: Ինչպես նշվում է, իրականում կատարվելու է ոչ թե անձի, այլ անձերի փոփոխություն, և կառավարության կազմում հավանաբար կփոխվի ոչ միայն վարչապետը, այլև` որոշ նախարարներ: Եվ այս համատեքստում քննարկման թեմա է դարձել նաև «ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունը: Սա, ըստ էության, նշանակում է նոր կոալիցիոն կառավարություն:
«Ժառանգությունում», համենայն դեպս ապրիլի 8-ի դրությամբ, ինչպես ասաց կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, չի քննարկվել այն հարցը, թե եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, կուսակցությունը մաս կկազմի՞ այդ կառավարությանը, թե՞ ոչ: ԲՀԿ-ի մասին արդեն նշվեց, ՀԱԿ-ը դեռևս լուռ է: Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին` ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»: Այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում ՀՅԴ-ի կողմից մշակված «7 կետը», որի կապակցությամբ, ի դեպ, Սերժ Սարգսյանը սկզբունքային անհամաձայնություն չի հայտնել, եթե չասենք հակառակը:

Ով էլ լինի նոր վարչապետը, ինչ սկզբունքով էլ ձևավորվի նոր կառավարությունը, մի բան այս պահին ակնհայտ է. նոր վարչապետը պետք է որոշակի հարցեր ու խնդիրներ լուծի: Մասնավորապես, ինչպես ապրիլի 4-ին ԿԲ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը. «Կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:

Tags: , , , , ,