Երբ տարեվերջին ամփոփում են մրցաշրջանի արդյունքները, մեր երկրի պետական մարզական կառույցի ղեկավարները, փորձելով տպավորություն ստեղծել, նշում են, թե Հայաստանի մարզիկներն ինչքան շատ պարգևների են արժանացել, և «մոռանում» են ցուցադրել նաև մեդալի հակառակ երեսը: Չի հայտնվում, թե այդ հաշվարկն ինչպես է կատարվում, դրանցից քանիսին են օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչները տիրացել, քանիսը` մեծահասակների առաջնություններում նվաճվել: Ցավոք, վերջին տարիներին մերոնց` օլիմպիական մարզաձևերի մեծահասակաների առաջնությունների մեդալներն այնքան քիչ են, որ մատների վրա կարելի է հաշվել:
Եվ այս առումով ուրախալի է, որ նախորդ շաբաթ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները միանգամից 5 մեդալի տիրացան: Ընդ որում, դրանցից 3-ը (1 արծաթ, 2 բրոնզ) բաժին են հասնում ազատ ոճի, 2-ը (1 ոսկի, 1 արծաթ)` հունահռոմեական ոճի մեր ըմբիշներին:
Փաստը խոսուն է և վկայում է, որ Հայաստանի ըմբիշները, ի տարբերություն մեր հենակետային մյուս մարզաձևերի ներկայացուցիչների, շարունակում են արդյունավետ մրցելույթներ ունենալ:
Եղել են տարիներ, որ նրանք ևս չեն արդարացրել սպասելիքները, սակայն վերջին շրջանում վիճակն ակնհայտորեն բարելավվել է: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, մեծահարուստ Սամվել Կարապետյանի օգնության շնորհիվ, Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները ֆինանսական ոչ մի խնդիր չեմ ունենում: Աջակցում է նաև պետությունը, որը տարեկան 110-ական միլիոն դրամ է հատկացնում ըմբշամարտի երկու մրցաձևերին: Սակայն միայն փողը չէ, որ օգնում է. մարզիչներն են աշխատում: Մեր մի շարք մարզաձևերի ներկայացուցիչներ էլ են լավ ֆինանսավորվում, սակայն ձախորդ օրերին վերջ չկա:
Ինչևէ, Ֆինլանդիայում մեր երկրի ազատ ոճի ըմբիշներից Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դարձավ արծաթե, Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մուսա Մութազալիևը (86 կգ)`բրոնզե մեդալակիր:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (98 կգ), սխրանք գործելով, երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնություններում: Իսկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) բավարարվեց արծաթե մեդալով:
Առաջնությունում եղան նաև ձախողումներ, մարզչական դժգոհություններ կողմնակալ մրցավարությունից, բայց սպորտում ամեն ինչ հնարավոր է, և պետք է անարդարությունների դեմ ևս պայքարել: Եթե որևէ բան այնպես չէ, ուրեմն անելիքներ կան:
Լավ է, որ այդպիսի խոշորամասշտաբ ստուգատեսում մեր երկրի ներկայացուցիչները մեդալներից անմասն չմնացին: Մնում է, որ այս ամենը շարունակվի, նաև Հայաստանի մյուս մարզաձևերի ներկայացուցիչներն արդարացնեն իրենց:
