ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ. Ծուղակն ընկածների գործերը ՀՀ տարբեր դատական վարույթներում

portrait of caucasian hacker with balaclavaԿիբեռհանցագործություն` ներկայումս աշխարհում ամենավտանգավոր ու բազմադրվագ հանցագործության տեսակներից մեկը: Հարուցված քրեական գործերը շատ հաճախ կարող են կարճվել, գործով մեղադրյալները կարող են կալանքից ազատվել միմիայն նրա համար, որ հանցակազմն ապացուցելը, այսպես ասած, 7 սարերի հետևում է:

Մեր երկրում էլ համակարգչային հանցագործությունները քիչ չեն: Սակայն, վիճակագրությունն այս մասով հստակ թիվ չի արձանագրում:
Սոցիալական ցանցերում ինչ-որ մեկի հետ ծանոթությունը, բարեկամությունը հաճախ հանգեցնում է ծանր հետևանքների: Շատ անգամ «վիրտուալ» բարեկամները չեն էլ կասկածում, որ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը կարող է անձին քրեական պատասխանատվության հանգեցնել:
Սոցիալական ցանցերում ամենատարածված հանցագործության տեսակը թերևս շորթումն է: Մեր հերոսներն արդեն անցել են փորձությունների միջով ու դառնորեն գլուխն օրորելով՝ կա՛մ հիացնում են, կա՛մ զարմացնում…

ՄԵՂԱԴՐԱՆՔ
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում հեռախոսով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել մի կնոջ հետ, ապա օdnoklassnik.ru սոցիալական կայքում ստեղծել է «Նունե ջան» անվամբ անձնական էջ: Համարձակ երիտասարդը սոցիալական ցանցում տեղադրել է կնոջ բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնոգրաֆիական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ:
Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը պարբերաբար զանգահարել է կնոջը և իրենց ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով նրանից պահանջել է խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլար գումար, սակայն նշված գումարի փոխարեն կինը տղամարդու ծանոթուհու անվամբ փոխանցել է 400 դրամ:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի հատկանիշներով` խոշոր չափերով շորթում կատարելու համար:

ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ…
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննության է առնվում Մխիթար Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Մխիթար Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա odnoklassniki.ru սոցիալական կայքում Հեղինե Ս.-ի և Վարդուհի Ո.-ի անհատական էջերին ապօրինի տիրանալով՝ զրկել է նրանց իրենց անհատական էջ մուտք գործելու հնարավորությունից` պատճառելով նրանց բարոյական վնաս:
Մխիթար Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ի մասի և 256-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով, ըստ որի`
համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Մեր հերոսուհի Արմինե Գ.-ն (հերոսուհու խնդրանքով չենք հրապարակում նրա անուն-ազգանունը) 32 տարեկան է, աշխատում է երևանյան գովազդային ընկերություններից մեկում:
Սիրում է երեկոյան ժամերն անցկացնել համակարգչի առջև: Արմինե Գ.-ի հիմնական հետաքրքրությունը նոր ծանոթություններն են տարբեր սոցիալական ցանցերում:
- Տարիներ առաջ, երբ իմացա, որ ստեղծվել է odnoklassniki.ru կայքը, շատ ուրախացա: Կարծես շփման պակաս ունեի, ու այդ քաղցը փորձում էի հագեցնել դրա միջոցով: Այն տարիներն էին, երբ Երևանում ինտերնետն այնքան էլ տարածված չէր, իսկ երիտասարդությունը հիմնականում շփվում էր «Մայ Հայաստան» սոցիալական կայքի միջոցով,-ասում է Արմինե Գ.-ն:- Այդ սոցիալական կայքը սկզբնական շրջանում շատ հրապուրեց, հետո եկավ ժամանակ, որ անընդհատ այդ կայքի միջոցով էի շփվում ընկերներիս հետ: Անգամ մի քանի անգամ այդ թեմայով վիճել եմ տնօրենիս հետ, քանի որ գործի ժամանակ հաճախ էր ստացվում, որ շեղվեի ու զբաղվեի սոցիալական ցանցով:
Արմինե Գ.-ն փաստորեն սոցիալական ցանցերի հնաբնակներից է, բայց հիմա odnoklassniki.ru կայք չի այցելում: Ինչո՞ւ:
- Շատ երկար ժամանակ՝ մոտ երկուսուկես տարի շփվում էի մի երիտասարդի հետ, նա շատ համակրելի էր: Մենք խոսում էինք տարբեր թեմաներից, նա իմ մասին գրեթե ամեն ինչ գիտեր, ես` իր: Երկուսուկես տարվա ընթացքում մենք գեթ մեկ անգամ չենք հանդիպել. կա՛մ չէր ստացվում, կա՛մ էլ առեղծվածային «ընկերոջս»՝ Վարդանի խորամանկությունն էր պատճառը: Մի անգամ ասաց. «Կարո՞ղ ես պարտքով գումար տալ»: Ասացի՝ ինչքա՞ն, բա՝ 500 ԱՄՆ դոլար, ասացի՝ կարող եմ: Ասաց. «Հաշվեհամար տամ, ուղարկիր, հետ տալիս էլ կհանդիպենք»: Համաձայնեցի:

Արմինե Գ.-ն ասում է՝ մի անգամ չէ, որ վիրտուալ ընկերոջը՝ Վարդանին, պարտքով գումար է տվել: Մոտ վեց ամսվա ընթացքում պարտքի գումարը հասել է 1000 ԱՄՆ դոլարի:
- Մենք սկսեցինք շատ ուշ-ուշ խոսել, նա չէր պատասխանում զանգերիս, ես շատ էի նեղվել, բայց մերոնց ոչինչ չէի ասում, անգամ ամենամոտ ընկերուհիներիս չէի պատմում, որովհետև մտածում էի՝ խաբված եմ,- ասում է Արմինե Գ.-ն:
Վերջապես` ութ ամիս անց, զարմացել ու անակնկալի է եկել:
- Արդեն պատրաստվում էի ընդմիջման գնալ, մի երիտասադ եկավ գրասենյակ ու ինձ հարցրեց: Ես մոտեցա, ու առաջինը, որ աչքս ընկավ, աննկարագրելի գեղեցիկ ծաղիկներն էին: Երիտասարդը հարցրեց իմ անունը ու փոխանցեց ծաղիկները, որի արանքում մի ծրար էր դրված,- ասում է Արմինե Գ.-ն,- ծրարի մեջ դրված էր 1000 ԱՄՆ դոլար գումար ու մի գրություն՝ ներիր:
Այս դեպքից հետո Արմինե Գ.-ն ցանկացել է գտնել իր վաղեմի ընկերոջը, բայց ապարդյուն: Արմինեն, բացի նրա հեռախոսահամարից ու կայքից, այլ տեղեկություններ չի կարողացել իմանալ:
- Հիմա եմ հասկանում, որ այդ երիտասարդը միգուցե հենց Վարդանն էր,- ավելացնում է Արմինե Գ.-ն:

ԱՇԽԱՐՀԻ ՊՐԻԶՄԱՅՈՎ
Կիբեռհանցագործությունների կենտրոններ են համարվում Մեքսիկան, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Սինգապուրը և Հարավաֆրիկյան հանրապետությունը: «Փաբլիք ստատիստիկ ինտերնեյշընլ» ընկերության անցկացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցյալ տարի աշխարհում 431 մլն մարդ կամ օրական ավելի քան մեկ մլն կամ վայրկյանը մեկ 14 հոգի կիբեռհանցագործությունների զոհ է դարձել: 18-31 տարեկան չափահաս կանանց ու տղամարդկանց 69 տոկոսը տուժել է կիբեռհարձակման հետևանքով: Օգտատերերի 54 տոկոսը տուժել է վիրուսների ու վնասակար ծրագրերի պատճառով:
Ասենք, որ անցած տարի «Բի-Բի-Սի ինտերնեյշընլին» տված հարցազրույցի ժամանակ, քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (ԻՆՏԵՐՊՈԼ) նախագահն ասել է. «Տարեկան 400 մլրդ դոլարի ինտերնետային հանցագործությունների ծախսերը գերազանցում են սև շուկայում մարիխուանայի ու կոկաինի համաշխահային վաճառքի ընդհանուր գումարը: Հետևաբար, այդ սպառանալիքների դեմ հաջողված պայքարի համար, աշխարհի բոլոր երկրներում պետական ու մասնավոր բաժինների հավաքական համագործակցություն է անհրաժեշտ»:

 

Tags: , ,