Ջրային ռեսուրսների տնտեսման պարագայում կարող ենք խոշոր արտահանող դառնալ

ջուրՋրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային պաշարները բավարար են ներքին կարիքների համար, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ջուրը չպետք է տնտեսել:
Ըստ փորձագիտական գնահատականների` 2030-40 թթ. Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով` կապված կլիմայի տաքացման և տեղումների նվազման հետ: Այդ ընթացքում տեղի կունենա նաև ջրի սպառման ծավալների ավելացում: Վերջին տասնամյակում ջրի օգտագործումը Հայաստանում կտրուկ աճել է: Այսպես, եթե ջրառը 2000 թ. 1.8 մլրդ խմ էր, ապա ներկայումս մոտենում է տարեկան 3 մլրդ խմ-ին: Ընդ որում` ջրառի աճը հիմնականում տեղի է ունեցել ջրի տրանզիտային կորուստների հաշվին, որ 2008 թ. պաշտոնական տվյալներով կազմել է մոտ 32%` 2002 թ. 25%-ի համեմատ: Ստացվում է` տարեկան մոտ 1 մլրդ խմ ջուր ենք կորցնում ճանապարհներին, որը չափազանց մեծ ծավալ է: Եթե առաջիկա տասնամյակում ջրի փոխադրման համակարգում լուրջ ներդրումներ չարվեն, ապա ջրի խնդիրը Հայաստանում կսրվի: Նկատենք, որ օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը, և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:

Հայաստանի ջրային ռեսուրսների ներկա հաշվեկշռի պարագայում, (խնայողական միջոցառումների պարտադիր իրականացմամբ) Հայաստանը 1-2 տասնամյակ անց կարող է դառնալ ջրի խոշորագույն արտահանողներից մեկը:

Ինչպիսի՞ն է մեր երկրում ջրային ռեսուրսների կարգավորման և օգտագործման ներկա վիճակը և զարգացման ի՞նչ հեռանկարներ ունենք: Ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ` Հայաստանը ջրային ռեսուրսների զարգացած համակարգ ունի: Մեր ջրային օրենսգիրքն ընդունվել է 2002 թ., որով հիմք է դրվել ոլորտի օրենսդրական բարեփոխումներին: Այդ ժամանակից ի վեր, ոլորտն անշեղորեն աճ է արձանագրել:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հիշեցնում է, որ ջրային տնտեսության ոլորտը մեր երկրում կառավարում են առաջատար ֆրանսիական օպերատորներ, իսկ ոռոգման ոլորտում մասնակցային կառավարմամբ գործում են 42 ջրօգտագործող ընկերություններ: Ինչ վերաբերում է տեխնիկական ապահովվածությանը, ապա ներկայումս ջրաչափման համակարգը կազմում է շուրջ 91 տոկոս:
Համակարգը նույնպես արդիական վիճակում է, վերջին ժամանակներս այն համալրվել է նոր ջրագծերով: Օրինակ` խմելու ջրի ոլորտում կառուցվել են 3800 կմ, իսկ ոռոգման ոլորտում` 900 կմ ջրագծեր:
Վերջին ժամանակներս մեծ ուշադրություն է դարձվում նաև բնապահպանական խնդիրներին: Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում կառուցվել են կոյուղու մաքրման կայաններ, իսկ տարբեր հատվածներում` շուրջ 52 կմ կոյուղացանց: Նախատեսվում է կոյուղու մաքրման կայաններ կառուցել նաև Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում: Վերականգնվել է Մարալիկի ջրամբարը: Արդեն իսկ գործողություններ են իրականացվում 4 ջրամբարաշինական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առաջինը 90 մլն խմ տարողությամբ ջրամբարն է որը կառուցվում է Եղվարդում, այնուհետև 60 մլն խմ տարողությամբ ջրամբարը` Կապսում, 20-25 մլն խմ տարողությամբ` Վեդիում և կառուցվում է Սելավ-Մաստարա ջրամբարը` 10-12 մլն խմ տարողությամբ: Այս աշխատանքների իրականացման համար արդեն սկսվել են նախագծային և բանակցային գործընթացներ:

Մայրաքաղաքում դեռևս կան համայքներ, որտեղ ջրամատակարարումը շուրջօրյա ռեժիմով չէ: Ոլորտի պատասխանատուներն այժմ իրենց գերխնդիրն են համարում ամեն տարի առնվազն 1 ժամով ջրամատակարարման տևողությունն ավելացնելն ու 500 կմ-ով ջրամատակարարման ցանցերը փոխարինելը: «Մենք պետք է կարողանանք ամբարել և պահպանել առկա ջրային ռեսուրսները` մտածելով ապագա սերունդերի մասին»,- ասում է Մհեր Մկրտումյանը: Նա հավաստիացրեց նաև, որ նախկին տարիների համեմատ հնարավոր է դարձել լուծել նաև բազմաբնակարան շենքերում ջրի հասանելության խնդիրը:

Այսօր շուրջ 560 գյուղական բնակավայրեր, սակայն, գտնվում են ջրամատակարարող կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս, և հետաքրքիր է, թե ինչպես է կարգավորվելու ջրօգտագործման մեխանիզմն այդ համայնքներում: Ուսումնասիրություններ են իրականացվում այդ բնակավայրերում ինստիտուցիոնալ, ֆինանսական, տնտեսական ռազմավարություններ իրականացնելու ուղղությամբ: Անցկացվել են նաև խորհդատվական աշխատանքներ, և առաջիկայում այդ համայնքերի ուղղությամբ նույնպես համապատասխան գործողություններ կիրականացվեն:
Լ.Ն

Անկախ

Tags: