ՄԻ ՀԱՎԱՏՈՒՐԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՄԻՐԱՆԵՐ

գիրքՀայերն Օսմանյան կայսրությունում հմուտ առևտրականների, արհեստավորների համբավ են վայելել: Կայսրությունում հայերը հատկապես առևտրի, սեղանավորական ասպարեզում են գերիշխող դիրք գրավել: Հարյուրից ավելի արհեստներում հայերը մրցակիցներ չեն ունեցել շնորհիվ իրենց ստեղծագործ մտքի, աշխատասիրության, տաղանդի ու հայ արհեստավորներին բնորոշող ազնիվ ու բարոյական վարքագծի:

Նրանց ծառայություններից ու տաղանդից սկսեցին օգտվել օսմանյան սուլթանները, սկզբում՝ որպես պալատական արհեստավոր-ծառայողների, իսկ հետո արդեն որպես պալատական բարձրաստիճան պաշտոնյաների, իրենց բնագավառների տնօրինողների, երկրի ներքին ու արտաքին կյանքի կարևորագույն դեմքերի: Այդպիսով ստեղծվեց ամիրայական՝ արևմտահայության համար ազնվականական մի խավ, որի որոշ գերդաստաններ իրապես շարունակությունն են հանդիսացել հայ արքայական, ազնվականական տոհմերի, եղել «բանկային իշխաններ»:
Իր առանձնակի դիրքով, ազդեցությամբ ու հնարավորություններով, որ մինչ այդ փակ ու անհասանելի էր քրիստոնյա հպատակներին, նրանք մի նոր մակարդակ ձևավորեցին Օսմանյան կայսրությունում ու պալատում: Նրանք, ի տարբերություն քրիստոնյա հպատակների, բազմաթիվ առավելություններից էին օգտվում։ Իսկ այն ամիրաները, որոնք ուրանում էին սեփական հավատքն ու մահմեդականություն ընդունում, էլ ավելի էին մերձենում թուրքական պալատին, անձեռնմխելի դառնում, սուլթանից ստանում իրենց ուզած պաշտոնը և չափազանց արագ բազմապատկում իրենց հարստությունը։ Այդպիսի օրինակներն արևմտահայության պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել։ Իսկ դրդապատճառները տարբեր են եղել:
Ամիրայական խավի մի մասը, ցավոք, տուրք տալով եվրոպամոլությանը և գերվելով նրա լուսավորյալ, առաջադիմական գաղափարներով, հուսալով այս առավելությունները վերածել ազատության, անկախության, բարեկեցության, եվրոպական հովանավորության տակ գտնվելու մենաշնորհի, դարձել էր կաթոլիկ եկեղեցու հետևորդ: Ազգի միասնության մեջ սեպ խրելով` այնուամենայնիվ նրանք, որպես կանոն, լավագույն ազգասերներ ու բարերարներ էին, արևմտահայության առաջադիմությամբ ու ապագայով մտահոգ ազգային այրեր։
Այս հանգամանքն ընդհանուր առմամբ մեծապես փոխեց կայսրությունում արևմտահայության դեմքը և հետագա XVIII-XIX դարերն արևմտահայ իրականության մեջ հայտնի դարձան որպես ամիրայական իշխանության շրջան՝ իրենց բացառիկ դրական ու որոշ բացասական կողմերով: Ամիրայական դասը, որի մեծ մասը դեմոկրատական հայացքների կրող էր, որքան էլ ազգային մեծ գործունեություն է ունեցել, բավականին «փակ» խավ էր։
«Գլուխդ շատ մի բարձրացրու, որ չկտրեն, բայց շատ էլ մի ծռիր, որ վրան չկոխեն»: Զգուշության, չափավորության, խելամտության, համեստության այս գիծը հիմնականում պահպանել են բոլորը` ամիրաները, փաշաները, անվանի ու հարուստ հայերը: Կյանքը Օսմանյան կայսրությունում նրանց բազմիցս ապացուցել էր այս սկզբունքին հավատարիմ լինելու իմաստությունը:
Մեր պատմությունն առնչվում է արքունի ոսկերչապետերի, նկարիչների, սերնդեսերունդ որպես ոսկերիչներ ու փողերանոցի տնօրեններ, դրամահատարանն իրենց ձեռքում պահած Տյուզյան հայտնի գերդաստանի բացառիկ դաժան ճակատագրին:
Այս գերդաստանի նահապետներից Հարություն անունով անձը 1600 թ. Տիվրիկից գաղթել է Պոլիս և այնքան մեծ հաջողություններ ունեցել ոսկերչության մեջ, որ Արքունի ոսկերիչ է անվանվել ու իր խանութը բացել կայսերական գանձատան մոտ: Նրա որդին՝ Մահտեսի Սարգիսը, հենց հոր մահվան օրը Սուլթան Սելիմ Գ-ից ստացել է Արքունի ոսկերչի պաշտոնն ու տիտղոսը: Վալիդե (մայր) թագուհու համար ոսկերչական դժվարագույն մի պատվերի համար որպես վարձատրություն չնչին մի գումար է խնդրել, որի համար ստացել է «Տիւզ» (շիտակ) մականունը: Իրավամբ այս գերդաստանն աչքի է ընկել իր բացառիկ տաղանդով, ազնվությամբ ու նվիրվածությամբ։
Նրանց է վստահվել փողերանոցը, դրամահատարանը, որ Տյուզյան ամիրայական ընտանիքը մեծ հավատարմությամբ էր աշխատացնում: Սակայն նրա դիրքը շատ բանսարկությունների, խանդի ու նախանձի առիթ է տվել մրցակիցներին։ Իսկ փողերանոցը՝ խարդախությունների, գողության, զեղծարարության բացառիկ հնարավորություններ էր ներառում։ Սուլթանական Յըլդզ պալատը չէր հանդուրժում գողությունը։
Եվ ահա Եագո Պոնֆիլ անունով մի հրեա ոսկերիչ խաբեության համար հեռացվում է պալատից և կախաղան պիտի հանվեր փողերանոցի առջև։ Դրամահատարանի տնօրեն է կարգվում Միքայել Տյուզյանը: Նա խնդրում է սուլթանին խնայել հրեայի կյանքը և մինչև նրա մահն իր նախորդին սեփական գումարներից ամսական է տալիս: Փոխադարձ վերաբերմունքը խարդավանքն էր Տյուզյանի նկատմամբ։
Նա ստիպված հեռանում է պալատից, վախից հիվանդանում: Սակայն Մուստաֆա Գ-ն իմանալով, որ Միքայելը զոհ է դարձել նրան փոխարինած Պալթի անունով մի այլ հրեայի բանսարկության, հետ է կանչում նրան: Սուլթանն անգամ իր բժիշկներին է ուղարկում նրա մոտ: Լավանալով, ամիրան գնում է սուլթանի մոտ, պատմում ամեն ինչ, խոստանում հրեաների գողացածն իր միջոցներից տեղը դնել: Նա ազատ ելումուտ ուներ պալատում: Սուլթանն ասում էր. «Եթե տերությանս մեջ երկու Միքայել ունենայի, ինձ կբավեր»։
Ոչ ոք չէր կարողանում փոխարինել Տյուզյաններին, որոնք շնորհիվ բազմաթիվ հայտնագործությունների, կատարելության էին հասցրել փողերանոցի աշխատանքը, իրենց գործը, գանձերի մանրամասն հաշվապահություն ապահովել։ Նրանք էին հեղինակը մինչ օրս հարգի «Ֆընտըգ ալթըն» կոչվող ոսկե դրամների, եվրոպական թագավորական տների համար պատվիրվող սուլթանական զարդերի: Տյուզյանները տերության ու սուլթանի բարձրագույն շքանշաններին էին արժանանում։ Իսկ հրեա աշխատողները նախանձից գողանում էին դրամահատարանի ոսկին ու արծաթը:
Սուլթանի և քրիստոնյայի մտերմությունը դուր չէր գալիս հրեաներին ու մոլեռանդ մահմեդականներին: Նրանց դրդումով, հավաստիանալու համար Տյուզյանի «շվայտ վիճակին», Սուլթանն իր քրոջը ծպտյալ ուղարկում է Միքայել Տյուզյանի Գուրու-Չեշմեի նորակառույց տունը: Վերադառնալով քույրը հավաստում է, որ պարզ զարդարված և ոչ թե շքեղ ու շռայլ տուն է տեսել: Ամիրան շատ լավ դիվանագետ էր: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հունական խնդիրների նկատմամբ նրա մտքերը հավանության են արժանանում կառավարող ավագանու կողմից: Շատ հայերի, հույների է ազատել բանտերից, գլխատվելուց:
Հոճա Միքայելի ավագ որդին ու նրան փոխարինողը Սուլթան Սելիմի սիրելի ու վստահելի պալատականներից էր: Մանկությունից մեծացել էր սուլթան Սելիմի հետ, պալատում, միասին մանկական խաղեր էին խաղացել:
Իրենց անձնվեր ծառայությունների շնորհիվ Ենի գյուղի ապարանքը կառուցելու համար սուլթան Մահմուդ Բ-ից նվեր են ստանում 30 հազար ղռուշ: Սուլթանը նրանց սամույրներ է հագցնում, որ արքայական սիրո ամենամեծ նշանն էր։
մզկիթՍակայն թշնամիները չէին հանգստանում։ Մի բանսարկությունը հաջորդում էր մյուսին։ Իսկ ստուգումներն ապացուցում էին ամիրայական այս ընտանիքի անմեղությունը։ Սակայն մի անգամ հրեաների գողացած գումարն այնքան մեծ էր, իսկ հրեա ու թուրք միացյալ դավադրությունն այնքան խորամակ վարպետությամբ կազմակերպված, որ Սուլթանի զայրույթն է շարժում, ու առանց հետաքննելու՝ Տյուզյանները բանտարկվում են` չկարողանալով անմիջապես գտնել անհրաժեշտ գումարը։
Նրանց գերդաստանի ողջ ունեցվածքը պիտի պետականացվեր ու աճուրդի հանվեր: Տյուզյան երեք եղբայրները և հորեղբայրը՝ Մկրտիչ Չելեպին, անմեղ տեղը գլխատվում են: Ունեցվածքը աճուրդի է հանվում: Նրանց գլուխները կախում են Ենիքեոյի իրենց ծովեզրյա տան պատուհաններից: Երբ Տյուզյանների գլխատումից մեկ ժամ չանցած կեղծիքը բացվում է և պարզվում է Տյուզյանների անմեղությունը, սուլթանը խորապես ափսոսում է եղածի համար, սակայն ուշ էր :
Սուլթան Մահմուդ Բ-ի ժամանակաշրջանի մասին մի փորագրանկար պատկերում է զրպարտության զոհ դարձած Տյուզյան ամիրաներից Գրիգոր Չելեպի Տյուզի տանջալից մահը կրակի վրա դրած եռացած յուղի կաթսայում:
Եվ ահա, անմեղ տեղը մահապատժի ենթարկված Տյուզյանների ունեցվածքը աճուրդի է հանվել։ Այն ղեկավարում էր մատնիչ հրեա սեղանավոր Եհեսխել Գաբայն իր թուրք համախոհ Հալեթ էֆենդիի հետ, որը շատ թուրք փաշաների, վեզիրների դավաճանելով` մահվան էր դատապարտել` սեփականացնելով նրանց ունեցվածքը։
Հայ որոշ ամիրաներ ներկա էին ձմեռային այդ տխուր աճուրդին որպես հարգանքի տուրք հայրենակից անմեղ զոհերի հիշատակին։
Տյուզյանները, ինչպես և ամիրայական գերդաստանների մի հիմնական մասը, կաթոլիկություն էին դավանում։ Նրանցից շատերը չէին հաճախում հայկական եկեղեցիներ և գաղտնի մատուռներ ունեին իրենց տանը։ Իսկ առանց հատուկ կառավարական արտոնության եկեղեցի կամ մատուռ կանգնեցնելը մահվամբ էր պատժվում։ Ուստի, աճուրդի ժամանակ սրիկա մատնիչներից հրեա Իսխելն անհամբերությամբ սպասում էր այդ գաղտնի մատուռի դռների բացմանը, որ ըմբոշխներ իր ատելության ու մատնության արդյունքի մահաբեր հաճույքը։ Երբ բոլորը կանգնում են մատուռի սրբապատկերներով, խաչով ու մոմերով խորանի առջև, Տյուզյանների դահիճը, քմծիծաղով խորանից վերցնելով հաղորդության սկիհը, «թքաման» է անվանում այն։ Սրբապիղծ խոսքերը հազիվ արտասանած՝ շառաչուն ապտակ է ստանում Երկանյան Հովհաննես Հաջի Չելեպի Ամիրայից, որը մի կողմ գլորելով սրիկային, ճմլելով ձեռքը, խլում է սկիհը, սուրբ անոթը տանում շրթներին ու երկյուղածորեն դնում խորանին ասելով՝ «Ջհուդ, քո պիղծ ձեռքերը անարժան են սրբության հպվելու»։
Տյուզյանների մոխրացած տան մեջ ամիրայի հարվածից գետին գլորված ու խայտառակված սրիկայի հայացքը մահ էր ավետում, որ առերես հանդարտությամբ տանում է Ամիրան։ Դեպքից քիչ անց, Հալեթ էֆենդին շուտով իր հերթական հայ զոհին՝ Չերազյան Գասպար ամիրային ևս անմեղ տեղը գլխատել է տալիս (1821 թ.)։ Ազնավուրօղլու Կարապետը, որ սեղանավորների գլխավոր էր, աքսորվում է Սաքըզ կղզի, և մի այլ սեղանավոր` Մկրտիչ օղլու Իլյանը՝ Իսթանքոյ կղզին։ Ճարտարապետ Գրիգոր ամիրա Պալյանը աքսորվում է Կեսարիա։ Հերթը Երկանյան ամիրայինն էր, որ իր ընտանիքի կյանքը փրկելու համար ճարահատյալ դիմում է Շեյխ-ուլ-իսլամին ու մահմեդականություն ընդունում։ Այլևս փրկված էր նրա ունեցվածքը, իր և ընտանիքի կյանքը։
Ուրացող ամիրան դուրս է գալիս տնից ու այդ օրվանից չի հանդիպում իր ընտանիքին։ Սուլթանը տալիս է նրան իր ուզած մաքսային տեսչության ղեկավարի պաշտոնը` ամուսնացնելով մահմեդական մանկամարդ մի կնոջ հետ։ Վերջինս շաբաթը մեկ այցելում էր ամիրայի հայ կնոջն ու ծնկաչոք նրա առջև պատմում ամիրայի՝ օտար բնում, ընտանիքից զրկված դժբախտ մարդու անխոս տառապանքների մասին։
Ստոր դավադիրներն արդեն անկարող էին վրեժ լուծել նրանից։
Ազգային գործերից հեռացած ու միայն իր նոր պաշտոնով զբաղվող հայ ուրացողը գաղտնի ու երկար, խորհրդավոր թղթակցություն էր վարում արտասահմանի հետ, ու մի օր էլ բռնել է տալիս Իսխելի անունով եկած սնդուկներն ու թղթակցությունը, դրանք սուլթանական պալատ փոխադրել տալիս, ինքն էլ ունկնդրություն խնդրելով սուլթանից՝ բացահայտում իրողությունը։ Սուլթանական պետության կեղծ դրամները և թղթակցությունը կայսրության դեմ հրեայի ու թուրք պաշտոնյայի դավադրության ահավոր ապացույցներ էին։ Սուլթանը սոսկալի բարկացած էր։ 1823 թ. Հալեթին տանում են Կոնիա, գլխատում ու գլուխը բերում Պոլիս։ Հրեային տանում են Թեքէ, գլխատում ու գլուխը բերում Ստամբուլ։
Հաջի Չելեպի Երկանյան ամիրան, որ սարսափելի ու անճանաչելիորեն ծերացած, փոխված էր, գնում է դիտելու դավաճանների գլուխները, այդ սրբապիղծ շրթունքները։
Նա ճանաչում է հայատյաց ու կործանիչ սրիկաների գլուխները, որոնց անշարժության դատապարտողն ինքն էր եղել ու… ժպտում է։ Տարիներ անց առաջին ժպիտը նրա սեղմված շրթունքների ծայրին։
Իր անարգված հավատքի վրեժը լուծել էր։
Ի՞նչ բուռն հավատք էր, որի դեմ եղած անարգանքը սրբելու համար դիմել էր ամենավերջին անընդունելի քայլին՝ նույն սուրբ հավատքն ուրանալուն։

«ՀԱՅԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» գրքից

Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 Անկախ

Tags: , ,