Ովքե՞ր են իրականացնում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքերը

աղբահավաքԱղբահանությունն ու սանիտարական մաքրումն այն հիմնախնդիրներն են, որոնք հուզում են մեր երկրի համարյա բոլոր քաղաքացիներին, մասնավորապես, դրա իրականացման համար պատասխանատու անձանց մասին հարցը: Հարցի խնդրահարույց լինելը պայմանավորված է նաև նրանով, որ հիշյալ աշխատանքների ոչ ժամանակին իրականացումը կարող է բնակչության առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել: Այսպես, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը: Հիշյալ անձինք կարող են իրականացնել խոշոր եզրաչափերի աղբի հավաքումը և փոխադրումը` տվյալ համայնքի ավագանու հաստատած դրույքաչափերին համապատասխան:

Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան, կարող է իրականացնել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը` աղբի հավաքման և փոխադրման թույլտվության հիման վրա: Աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:
Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով: Աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը պետք է ուղղված լինեն քննարկվող օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաև օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան աղբահանության իրականացման ապահովմանը:
Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանում է ավագանին, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Tags: ,