Զատիկի ակունքները

զատիկի սեղան Զատիկի ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից: Այն գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն էր` նվիրված մեռնող-հառնող բնությանը, որ մարմնավորել է Արա Գեղեցիկի պաշտամունքը: Բուն «զատիկ» բառը ծագում է զատել, առանձնացնել բայից: Զատիկը նաև Մայր Անահիտին նվիրված տոն էր: Այն բնության բեղմնավորման խորհուրդն ունի:

Հնում Զատիկի խորհրդանիշներն էին համարվում խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատիկի մոտենալու հետ ամեն օր քանդում էին քարերից մեկը:

Զատկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի մեջ, որն անվանում են «ածիկ»:

Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը համայնական մատաղն էր: Համայնքի բոլոր անդամները մասնակցում էին դրամահավաքին կամ հանգանակությանը, որի արդյունքում արջառներ ու գառներ էին գնում մատաղի համար: Զոհաբերությունը կատարվում էր շաբաթ երեկոյան եկեղեցու բակում, և ողջ գիշեր տեղում եփվում էր մատաղի միսը: Մատաղի եփման արարողությունը ուղեկցվում էր զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն էր համարվում, եթե այդ գիշեր տանը տղա ծնվեր:

 Զատիկի ծիսական երգեր.

Օր պար, ճոր պար,

Օսկուն թոքուն բարաբար,

Մեծ պապ էկո, գողցի տար,

Շատ պզտիկ է, չեմ ի տար,

Ճոր անինք, ճոր պար անինք,

Օսկուն, թոփուն պար անինք,

Կապան կտրինք, շոր անինք,

Զատիկը գա, նոր անինք,

Ան կտրտի, ալ անինք…

Գիշեր կծիկ գլորե,

Լուսնակ լրիվ բոլորե,

Մեջ սև ամպի մոլորե,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Ռանչպարի քունն անուշ…

Քամին սարին զղզղաց,

Բարակ անձրև շղշղաց,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Անձրևի հոտն է անուշ…

Երկար գոմը սալեցին,

Սև ձին մեջը նալեցին,

Սպիտակ ճակատ նշնեցին,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Աղոթրանի լուսն անուշ…

Դռան առաջ հերկեցին,

Զատկի ձվեր ներկեցին,

Դրկցին ողջույն տվեցին,

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ…

Քրիստոնեական Զատիկը սկիզբ է առնում հրեաների Պասեք տոնից, որ խորհրդանշում է հրեա ժողովրդի ազատագրումը եգիպտական գերությունից:

Քրիստոնեության ավելի ուշ շրջանում Զատիկը նշվում է որպես Հիսուսի հարության օր: Ավետարանի համաձայն` Հիսուսը խաչվելուց հետո հարություն է առնում մեռելներից ու համբարձվում երկինք: Զատիկի օրը հավատացյալները բարևի փոխարեն միմյանց ավետիս են հայտնում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Պատասխանը հետևյալն է` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

Այդ օրը վաղ առավոտյան եկեղեցիներում պատարագ է մատուցվում, ապա մատաղ բաժանվում: Ձվախաղն ու ձու ներկելու սովորությունը գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից:

Զատկի խորհրդանիշը Հազարան հավքի (Հազարան բլբուլ) ածած գույնզգույն ձվերն են: Ձուն խորհրդանիշն է կյանքի սկզբնավորության, սաղմի և սիրո: Հայկական զատկական ծառի զարդերը փնջած ձվերն էին, ինչը հմայական հատկություններ ուներ, հետագայում նաև` մանրանկարչական նախշերով նկարազարդված ձուն, որը, իհարկե, ավելի ազնվական դասին հատուկ պետք է եղած լինի: Նշանված կամ սիրահարված աղջիկները ոստայնաձև հյուսվածք են արել ձվի վրա` զանազան խայտաբղետ գույներով ու ճաշակով, և նվիրել իրենց սիրած տղամարդկանց` արտահայտելով իրենց համակրանքը: Սա յուրօրինակ ինքնարտահայտման ձև է, սիրո գեղեցիկ խոստովանություն:

Քրիստոնեության ընդունումից հետո Զատիկը ևս, ի թիվս այլ տոների, հարմարեցվեց նոր հավատքին, պահպանվեցին նաև ձվախաղերն ու ձու ներկելը, մի տարբերությամբ միայն. համաձայն եկեղեցու` ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով: Միջնադարյան հայ մտածողներ Գրիգոր Տաթևացին ու Հովհաննես Երզնկացին մեկնել են Զատիկի ձվերի իմաստը. ըստ նրանց` ձուն  բովանդակ տիեզերքն է, կեղևը` երկինքը, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը երկիրն է: Ձուն կարմիրով ներկելը խորհրդանշում է այն, որ աշխարհը Հիսուսի արյամբ է պատվել:

Զատիկն ամփոփում է սիրո և պտղաբերության խորհուրդը:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Tags: