Վարչապետի փոփոխությունը կպատռի բոլորի դիմակները

Hovik-ABrahamyan-Tigran-SargsyanԱպրիլի 3-ը, հիրավի, բեկումնային օր էր Հայաստանի համար: Անսպասելի հրաժարական տվեց վարչապետ Տիրան Սարգսյանը, որ վերջին շրջանում դարձել էր հանրության թիրախը, մարդ, որին էին վերագրվում Հայաստանի բոլոր դժբախտություններն ու անհաջողությունները, և որի հրաժարականն էին պահանջում չորս կողմից:

Եվ ահա այդ անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ, բայց հանկարծ քաղաքական ու հասարակական ընդդիմադիր դաշտը լցվեց դատարկությամբ, անորոշությամբ ու աննպատակ դեգերումներով, ինչպես լինում է ցանկացած երկար սպասված երազանքի հասնելուց հետո:

Այդ դատարկությունը քաղաքական կուսակցությունները փորձեցին լցնել քաղաքական համաձայնության նոր մարտավարության սցենարով, որը, սակայն, մինչ օրս, մաքրագրված չէ: Իսկ հանրությունը սկսեց զբաղվել ապագա վարչապետի անվան շուրջ գուշակություններ ու վերլուծություններ անելով՝ բացառելով ու հանդուրժելով որոշ անուններ:

Եվ այսպես, ապրիլի 13-ին հայտարարվեց ՀՀ 13-րդ վարչապետի անունը: Հովիկ Աբրահամյան՝ ոմանց համար սպասելի, ոմանց համար երկար սպասված, ոմանց համար էլ անսպասելի ու միանգամայն անցանկալի անուն:

Հենց նույն օրը ֆեյսբուքյան հանրությունն իր գրառումներում խոր հիասթափություն ու տագնապ արտահայտեց: Այն նույն ֆեյսբուքահայությունը, որ օրեր առաջ դաժանորեն գնդակոծում էր Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությունը, մեկ մարդու պես սկսեց քննադատել դեռևս կառավարության մեջ ոչինչ չարած Հովիկ Աբրահամյանին: Ֆեյսբուքում մոտավորապես տիրում էր ՙՄրից ելանք, մրջուրն ընկանք՚ կամ ՙԱնձրևի տակից դուրս եկանք, կարկուտի տակ ընկանք՚ մտայնությունը:

ՙՉեմ ուզում ուշացած մարգարեի տպավորություն թողնել, բայց միշտ մտածել եմ, որ Տիգրան Սարգսյանը մի տեսակ աններդաշնակ էր մեր իշխանական համակարգի հոգեբանության հետ, և գտնում էի, որ Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը եթե լինի վարչապետ, ապա իշխանական համակարկը կգտնի ինքն իրեն: Ու այս նոր նշանակումով երկար սպասված ներդաշնակությունը կարծես թե հաստատվում է: Բայց մեկ է, այս քայլով վերջնական ներդաշնակություն դեռ չի լինի. մեկ-երկու նախարարներ էլ կան, որոնք պահանջվածից շատ են կարդացած ու մտածած. նրանց էլ եթե պաշտոնազրկեն, ամեն ինչ կընկնի իր տեղը՚,- գրել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

ՙԴեմ եմ՚ շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր վարչապետի հետ առանձնապես հույսեր չի կապում. ՙԵս հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության, սեփական իրավունքների պաշտպանության հետ և ոչ որևէ անձի հետ, այն էլ այն պարագայում, երբ այդ անձը ներկայացնում է այն նույն ուժը, որն այս հակասահամանադրական օրենքի ջատագովն է ու որդեգրել է ամեն գնով, թեկուզ հակասահմանադրական նորմեր կիրառելով, զբաղվել գրպանահատությամբ՚:

Երիտասարդ ակտիվիստը նոր վարչապետին խորհուրդ տվեց դասեր քաղել նախորդների սխալներից և փորձել մոտ լինել հանրությանը, ձեռքը պահել հանրության զարկերակի վրա ու առաջնորդվել ոչ թե նեղ խմբակային, այլ ՀՀ քաղաքացիների շահերով: ՙԱստված լուսավորի նրա միտքը՚,- մաղթեց նա՝ հույսը դնելով Աստծո վրա:

ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոր վարչապետի նշանակմամբ կանխատեսեց, որ այն բացասական գործընթացները, որոնք կային երկրում, ավելի խորացված կընթանան, քանի որ Հովիկ Աբրահամյանը հայտնի է իր ստվերային կապերով, ընտրություններ կեղծելու մեծ կազմակերպչական ջիղով և որպես օլիգարխիայի ներկայացուցիչ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, հստակ հայտարարեց. ՙՀովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը՚:

Նախագահը նաև նշեց, որ Աբրահամյանին անկեղծորեն ներկայացրել է բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ իրենց թիմակիցների շրջանում՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ իրենց հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ, ինչին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել ՀՀԿ-ի շարքերում առկա հնարավոր մտահոգություններն  իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և որ ամենակարևորն է՝ աշխատանքի շոշափելի արդյունքներով:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը, գովաբանելով հանդերձ նորանշանակ վարչապետին, նաև ակնարկեց, որ նրա նկատմամբ անգամ թիմի ներսում վերաբերմունքը միանշանակ չէ:

ՙԱյնուամենայնիվ, ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրան և անձամբ ամեն ինչ անելու եմ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը՚,- հայտարարեց նախագահը:

Քաղաքական մեծամասնությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հովիկ Աբրահամյանին նաև կադրային քաղաքականություն վարելու լայն ազատություն շնորհեց:

Իսկ նոր կառավարության կազմն այսօր ամենաքննարկվող թեմաներից է: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի այս քայլը շատերը համարում են խորամանկ կոմբինացիա, որի նպատակներից մեկն էլ ԲՀԿ-ի չեզոքացումն էր՝ որպես ընդդիմադիր դաշտում քաղաքական լուրջ գործոնի: Սակայն, ինչպես ցույց տվեցին ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները, այս կուսակցությունը կոալիցիայի մաս կազմելու մտադրություն չունի: Իսկ գուցե մասնակիորե՞ն մասնակից լինի երկրի կառավարմանը, ինչը, թերևս, նույն կոալիցիան է՝ ձևական ալիբիով: Ոչ և դարձյալ ոչ: Սա արդեն ասում է ԲՀԿ-ի ՙծանր հրետանի՚ Նաիրա Զոհրաբյանը, որը ստալինյան ոճով հայտարարեց. ՙՆույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը՚։

Նոր կառավարության կազմում ՀՅԴ-ի մասնակցության հարցն էլ դեռևս հստակ չէ: Ճիշտ է, այս կուսակցությունն ամենից շատ է հակված ներգրավվելու իշխանական համակարգում և պորտֆելներ ձեռք բերելու, սակայն դաշնակցականներն էլ են հայտարարել, որ կոալիցիայի մեջ մտնելու հարց իրենց օրակարկում չկա:

Դե իսկ ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունն՚ ի սկզբանե էին հայտարարել, որ իշխող կուսակցության հետ որևէ ձևաչափով չեն համագործակցի:

Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են ընդդիմադիրներն այսքան ոգևորված Տիգրան Սարգսյանի հրաժարականից և ի՞նչ շահեցին դրանից, եթե միևնույն է՝ իշխող համակարգում որևէ լուրջ տեղաշարժ չեղավ, այլ ընդամենը հանրապետականի թիմից մեկը փոխարինվեց մյուսով: Պակաս հետաքրքիր չէ նաև, թե ինչ շահեցին Սերժ Սարգսյանն ու հանրապետականը այս փոփոխությունից, եթե միևնույն է՝ ԲՀԿ-ն ցանկություն չունի ներգրավվելու կոալիցիայի կազմում, իսկ հակատիգրանսարգսյանական հանրույթը է՛լ ավելի դժգոհ է նոր նշանակումից:

Իրավիճակն իսկապես անհասկանալի ու անհեթեթ է: Եվ եթե նոր վարչապետը չկարողանա արդարացնել իշխանության ու ընդդիմության հաշվարկները, մյուս կողմից էլ՝ ավելանա հանրության դժգոհությունը, ինչն  ըստ ամենայնի հնարավոր է, ապա այս իրավիճակը կարող է հանգեցնել իրադարձությունների զարգացման բոլորովին նոր սցենարի, որտեղ արդեն բաց տեքստով հանդես կգան իրական խաղացողները:

 

Անի Գասպարյան

Անկախ

Tags: , , , , , , ,