«Մտածում էի չտրորված ճանապարհով գնալ»

Սվազլյան ՎերժինեԲանագետ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հարյուրավոր գիտական և հրապարակախոսական հրատարակությունների հեղինակ է, այդ թվում` 25 գրքերի: Նա ծնվել է 1934 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական Պողոսյան ազգային վարժարանում, ապա՝ ֆրանսիական թեքումով դպրոցում: 1947 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան:

Վ. Սվազլյանի ծննդյան հոբելյանի և գիտական գործունեության 60-ամյակի առիթով «Անկախը» զրուցել է վաստակաշատ գիտնականի հետ:

- Տիկին Սվազլյան, ինչպե՞ս ընտրեցիք գիտնականի այս ուղին, ինչի՞ց սկսեցիք:
- 1955 թվականն էր, երբ գերազանց դիպլոմով ավարտել էի Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: Թեպետ միայն ես էի գերազանց ավարտել,դժգոհ էի ինձնից. մտածում էի` սովորեցի, գիտելիքներ ստացա, բայց դրանք պետք է նաև ծառայեցնեմ իմ հայրենիքին ու իմ ժողովրդին: Հայրս` եգիպտահայ հայտնի գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանը, ինձ պատգամել էր.
«Վերժինե՛, աղջի՜կս,
Կուզեմ ըլլաս դուն խելացի,
Աշխատանքով, վարքով բարի,
Պատիվ բերես քո ծնողքին
Եվ քո ազգին, հայրենիքին»:
Ահա այս պատգամն ինձ հանգիստ չէր տալիս. ուզում էի մի բան անել, բայց` ի՞նչ… Մտածում էի, եթե կարողանամ մեր զավթված երկրի բանավոր մշակույթը հավաքել, գրի առնել և ամփոփել գրքերի մեջ, ա՛յ դա կլիներ գործ:

Մտածում էի չտրորված արահետով գնալ, որով դեռ ոչ ոք չի անցել: Ես անքուն մտածում էի, թե ինչպե՞ս կարելի է իրականացնել այդ նպատակը: Հաջորդ օրն իսկ Նոր Մալաթիա թաղամասում էի, որը հայրենադարձներով էր բնակեցված: Դիմացի դեղատունը մտա և հարցրի, թե այդտեղ ամենադժվար բարբառով ովքեր են խոսում: Ասացին` մուսալեռցիները:
Դժվար ժամանակներ էին: Ստալինը նոր էր մահացել: Հայրենադարձները վախենում էին զրպարտվելուց և աքսորվելուց: Ես բացատրեցի իմ նպատակը, որ պիտի գիրք գրեմ իրենց մասին, իրենց բարբառով, բանահյուսական նյութեր պիտի գրանցեմ: Ինձ ներս ընդունեցին: Բայց տեսա, որ արագ-արագ էին խոսում իրենց խրթին բարբառով: Սկզբում հուզվեցի, վհատվեցի, բայց հիշեցի հորս խոսքերը. «Կամք, աշխատանք և կորով, երեք ձիրքեր են, որոնք մարդ հողի վրա թե ջրի, անպայման կհաջողի»: Եվ սկսեցի ձեռքով, բառ առ բառ գրի առնել (հեքիաթներ, զրույցներ, երգեր, առած-ասացվածքներ, օրհնանք, անեծքներ, հանելուկներ, աղոթքներ), քանի որ այդ ժամանակ դեռ տեխնիկա չկար:

Այսպես սկսվեց իմ ժողովրդագիտական բանահավաքչական գործունեությունը: Սկզբում այն եղել է անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով, իսկ 1960-ից ՀՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հովանու ներքո` կազմելով և հրատարակելով «Արցախ-Ուտիք», «Տարոն-Տուրուբերան», «Վան-Վասպուրական» հայ ժողովրդական հեքիաթների հատորները, որոնք ընդգրկվել են գիտական բազմահատորյակի մեջ: Զուգահեռաբար լույս է տեսել նաև «Մուսա լեռան բանահյուսությունը» (1984) գիրքս:

- Խորհրդային տարիներին ցեղասպանության թեման արգելված էր: Չէի՞ք վախենում այդ թեմայով նյութեր հավաքելուց:

- Ճիշտ է, այն ժամանակ չէր խրախուսվում Հայոց ցեղասպանության մասին խոսելը: Բայց ես գիտակցել եմ ժողովրդական այդ կարգի նյութերի պատմագիտական արժեքը և լավ է, որ այդ ժամանակ գրի եմ առել, քանի որ հիմա այլևս ականատես, վերապրողներ չեն մնացել:
Հետագայում շարունակեցի նյութեր գրի առնել նաև Կիլիկիայի (Զեյթուն, Հաճըն, Քեսապ, Բեյլան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս)  հայության բանահյուսության վերաբերյալ: Այդ ամենն ամփոփվել է «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994)  հատորում: Բացի բանահյուսական նյութերից, այստեղ ընդգրկել եմ նաև կիլիկիահայ ականատեսների հաղորդած հուշ-վկայությունները Ադանայի կոտորածի, Հայոց ցեղասպանության, 1920 թ. Մարաշի, Այնթապի, Հաճընի ինքնապաշտպանական հերոսամարտերի մասին: Իսկ 1995 թ. լույս է տեսել «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» գիրքս:

- 1994-95 թթ. երկու գիրք եք հրատարակել, ի՞նչ միջոցներով:

սվազլյանի գրքերը- Այդ երկու գրքերս լույս տեսան այն տարիներին, երբ ընդհանրապես գիրք հրատարակելը շատ դժվար էր, տպարանները չէին աշխատում: Արցախյան ազատամարտի տարիներն էին: Այդ պայմաններում այս երկու գրքերի հովանավորությունը ստանձնեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա գումար էր տրամադրել միայն մեկ գրքի համար, բայց խնայողաբար օգտագործելով այդ միջոցները` տպագրվեց երկու գիրք:

1995 թ. աշխատանքի անցա Ծիծեռնակաբերդում նոր հիմնադրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նաև վերապրողներին տեսագրելու տեխնիկական հնարավորություններ կային: Այնտեղ 100-ից ավելի վերապրողի եմ տեսագրել և նրանց պատմածները վերծանել:

- Միայն Հայաստանում բնակվող վերապրողների հուշե՞րն եք գրի առել:

- Նաև արտերկրից: Մանավանդ երբ հրավիրվել եմ միջազգային գիտաժողովների Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ: Լոս Անջելեսի «Արարատ» տարեցների տուն-ծերանոց մուտք գործելու և նյութեր գրառելու համար կամավորագրվել եմ որպես նրանց օգնող և խնամող, որպեսզի նրանց հետ շփվելու հնարավորություն ունենամ:
Իսկ Թուրքիայում գիտաժողովից հետո մտածում էի մուտք գործել Ստամբուլի «Սուրբ փրկիչ» ազգային հիվանդանոցի ծերանոցը, որտեղ դեռ Հայոց ցեղասպանությունից վերապրող ականատեսներ էին ապրում: Բայց դռան առաջ կանգնած թուրք ոստիկանն ինձ թույլ չէր տալու ամեն օր գնալ-գալ, ուստի վիրահատման պատրվակով մուտք գործեցի հիվանդանոց, երկուսուկես ժամ իզուր տեղը նարկոզ ընդունեցի, իսկ երբ մեկ շաբաթից ոտքի կանգնեցի, կարողացա հետին դռնով մուտք գործել նաև կից ծերանոցը, որտեղ գաղտնի կերպով գրի առա շուրջ 40 հուշ-վկայություն:

Այնպես որ, Հայաստանի տարբեր շրջաններից և արտերկրի տարբեր համայնքներից գրառված նյութերի թիվը հասել է 700-ի, որոնք ընդգրկում են Արևմտյան Հայաստանի 150 տեղավայրեր: Փաստագրական այդ նյութերը ներկայացնում են արևմտահայության ոչ միայն 1915 թ. և հետագա գաղթը դեպի Արևելյան Հայաստան, այլև Կիլիկիայի և Անատոլիայի հայության տեղահանություններն ու աքսորը դեպի սիրիական անապատներ, նրանց ջարդն ու կոտորածը Դեր Զորում, Սուրուճում, Մեսքենեում և այլ վայրերում:

- Հայոց ցեղասպանության մասին Ձեր գրքերը նաև Թուրքիայում են հրատարակվում: Ի՞նչ միջոցներով ու ի՞նչ արձագանքներ կան:

- 2005 թ. լույս տեսավ «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» ուսումնասիրությունս, որը ես իմ միջոցներով, նույնիսկ հարսանեկան զարդերս, հորիցս մնացած գորգերը և արվեստի գրքերս վաճառելով կարողացել էի թարգմանել տալ վեց լեզուներով: 2006 թ. այն արժանացավ ՀՀ նախագահի «Հայոց ցեղասպանության» գծով Վերժինե Սվազլյանը և Նիկոլա Զարկոզինառաջին մրցանակի, որը ես ամբողջությամբ տրամադրեցի հետագա գրքերս օտար լեզուներով թարգմանելուն: 2011 թ. Երևանում լույս տեսավ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի հայերեն և անգլերեն տարբերակները, իսկ թուրքերենը` Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպան, առաջավոր մտավորական Ռագըփ Զարաքօլուի «Բելգե» («Փաստարկ») հրատարակչության կողմից: Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվեց հայերեն, անգլերեն և թուրքերեն գրքերի շնորհանդեսը, որի ազդօրինակը Երևան էր բերել անձամբ Ռ. Զարաքօլուն: Թուրքիայում իր հրատարակած գրքի մասին նա ասաց. «Վերժինե Սվազլյանի սույն աշխատությունը մեծ արձագանք կունենա Թուրքիայում: Դա ես կանխազգում եմ, քանի որ ճշմարտությունը վաղ թե ուշ Անկարային ստիպելու է ճանաչել ցեղասպանությունը: Սույն աշխատությունն իր ծավալով և բովանդակությամբ աննախադեպ է 1976 թ. հիմնադրված «Բելգե» հրատարակչության գործունեության մեջ: Գիրքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև մեր՝ թուրք ժողովրդի պատմությունն է: Ամենաշատ ասելիքն այս գրքի մեջ է: Սրանք պարզ ժողովրդական վկայություններ են, որոնք բացելու են թուրք հասարակության աչքերը: 700 վկայություններն այն մարդկանց, որոնք վերապրել են այդ բոլորը, և որոնք կարդալով` ընթերցողը կտեսնի իր գյուղը, իր ծնողներին և այլն, որպես փաստարկ կառերեսվի իր անցյալի հետ: Վ. Սվազլյանի նախորդ աշխատությունները մեծ ճանաչում ունեն և արդեն պատվանդան են, իսկ օրերս հրատարակվածը յուրահատուկ հուշարձան կդառնա, որը տեսանելի կլինի նաև աշխարհին»:

- Հետագայում ի՞նչ աշխատանքներ եք ծրագրել հրապարակել:

- Հաջորդ աշխատանքը լինելու է «ԱՄՆ-ի հայ համայնքի բանավոր ավանդությունը»: Քանի որ գիտաժողովի հանգամանքով չորս անգամ եղել եմ այդ երկրի տարբեր քաղաքներում և ժողովրդական բանահյուսության ու ազգագրության վերաբերյալ տարաբնույթ նյութեր եմ գրի առել: Աշխատությունը բաղկացած կլինի երկու մասից` գիտական ուսումնասիրությունից և սկզբնաղբյուրային նյութերից, որոնք կներկայացնեն հայ համայնքի տարբեր սերունդների լեզվամտածողության և ազգային ինքնության ընկալումների տարբեր մակարդակները:

Tags: , ,