Պատմություն է դարձել Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 1-ական ոսկե, արծաթե, ազատ ոճի ըմբիշները` 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ: Եղածը թեև քիչ չէ, մերոնք դժգոհ են կողմնակալ մրցավարությունից: Այնպես որ հնավոր է` ավարն ավելի մեծ լիներ:
Այդուհանդերձ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը ոգևորված մեր պատվիրակների վերադարձից անմիջապես հետո նրանց հրավիրեց իր գլխավորած գերատեսչություն: Թե ինչու այդ հանդիպումը չի կայացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նա պարզաբանեց, որ այդպես կդիմավորի միայն այն դեպքում, երբ աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենանք: Եթե հաշվի առնենաք, որ մեր ըմբիշներն առայժմ մեկ-մեկուկես տասնամյակը մեկ են աշխարհի չեմպիոն հռչակվում, իսկ օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր ենք ունեցել հեռավոր 1996-ին, ապա դժվար է ասել` Վարդանյանը նման առիթ մոտ ապագայում կունենա, թե ոչ: Ի դեպ, մարզիչներին, աչքի ընկած մարզիկների մի մասին նախարարությունում տարբեր մեդալներ հանձնվեցին, կոչումներ շնորհվեցին: Մինչդեռ Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանը մի տեսակ ստվերում, անտեսված մնաց, նրան խոսելու առիթ չտրվեց, ոչ էլ որևէ պարգև հանձնվեց: Գուցե պատճառն այն է, որ Ալեքսանյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ունի, բայց դա կատարվածը չի արդարացնում:
Ինչևէ: Ստուգատեսում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են 6-րդ և 7-րդ տեղերը: Եվ ահա թե ինչ պարզբանումներ տվեցին կատարվածի մասին մեր երկրի պատվիրակները:
Լևոն Ջուլֆալակյան (Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ)
- Հավաքականը կազմուպատրաստ է ներկայացել մրցավայր, և թիմի անդամներից Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) արժանացան ոսկե և արծաթե մեդալների: Մյուս քաշային կարգերում հանդես եկած մեր բոլոր ըմբիշների մասնակցությունից գոհ եմ: Այդուհանդերձ, երկու մեդալ կորցրեցինք: Մասնավորապես, բուլղարացի և ֆինն ըմբիշների հետ 59 կգ քաշային Կարեն Ասլանյանի անցկացրած գոտեմարտերի ժամանակ կողմնակալ էին թուրք և ֆինն մրցավարները: Հետևողական ենք լինելու, այս անգամ բողոքելու ենք, որպեսզի այդպիսի մրցավարները հետագայում իրենց կամայականությունները դրսևորելու հնարավորություն չունենան: Տեղյակ չեմ` դրա համար պե՞տք է ֆինանսներ մուծել, թե ոչ: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի:
Օրինակը կա: 2008-ին Շվեդիայի ներկայացուցիչ Արա Աբրահամյանը, ի նշան մրցավարների դեմ բողոքի, հրաժարվել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, սակայն դատը շահել է միջազգային արբիտրաժ դատարանում, ապացուցել, որ իր նկատմամբ անարդարություն է դրսևորվել: Այժմ Շվեդիայի յուրաքանչյուր ներկայացուցիչ, երբ մրցագորգ է դուրս գալիս, մրցավարները փորձում են հնարավորինս անաչառ լինել, զգուշանում են:
Վերջին մեկուկես տասնամյակում մրցավարները Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկներից գողացել են առնվազն 10 մեդալ: Ասլանյանը երիտասարդ է, սակայն մեծահասակների առաջնությունում մրցանակակիր դառնալու հնարավորություն ուներ: Այսպիսի խոշորամասշտաբ ստուգատեսներում մրցավարները հաճախակի են սխալներ թույլ տալիս: Ցավոք, քիչ չեն այն մրցավարները, որոնք ըմբշամարտի կանոնները գրքով են սովորում, և նրանց հնարավորություն է տրվում սպասարկելու ներկայացուցչական մրցաշարեր: Հետևանքն աղետալի է:
Խանգարում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին շրջանի ստուգատեսներում մրցավար չունի: Գևորգ Ալեքսանյանը պետք է Եվրոպայի առաջնությունը սպասարկողների թվում լիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց: Նույն ճակատագրին արժանացավ նաև Մակեդոնիայի ներկայացուցիչը:
Տաշքենդում սեպտեմբերի սկզբին կայանալու է աշխարհի առաջնությունը: Այդ ստուգատեսի նախապատրաստության ծրագրով մարզիկները մի քանի փուլ պետք է անցնեն, և հավաքականի կազմի նոր ընտրություն պետք է կատարվի: Առայժմ հնարավոր չէ ասել, թե այդ ստուգատեսում ովքեր կներկայացնեն Հայաստանը: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսված, մերոնք կարողություններն են փորձելու Իտալիայում, Ուկրաինայում, Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարերում: Անորոշ է Ուկրաինայում նախատեսված ստուգատեսի ճակատագիրը: Վստահ չի կարելի ասել, որ անգամ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգան աշխարհի առաջնությունում: Ինչ վերաբերում է գերծանրքաշային Յուրի Պատրիկեևին, ապա նա նախապատրաստվում էր: Պատրիկեևն առայժմ ոչ մի բան չի ասել: Նա պետք է մրցափուլերի մասնակցի, որպեսզի համոզվենք, որ իրոք պատրաստ է: Ըմբշամարտում քաշային կարգերը փոխվել են, և Ռոման Ամոյանն էլ պետք է նոր իրավիճակում հաստատի, որ կարող է լավ հանդես գալ 59 կգ քաշային կարգում: Մի շարք քաշային կարգերում մրցակցություն է հավաքականում ընդգրկվելու համար, իսկ ծանրքաշային կարգում ոչ մի պայքար չկա: 98 կգ և 75 կգ քաշային կարգերում, որոնցում հանդես են գալիս Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը, կան լավ ըմբիշներ, սակայն դեռևս մեր առաջատարներին զիջում են: Ինչ վերաբերում է կանոնների փոփոխությանը, ապա լավ ըմբիշի համար այն միայն դրական ազդեցություն կարող ունենալ:
Հրանտ Ենոքյան (Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ)
- Ուրախալի է, որ մեր ազատ ոճի ըմբիշները երեք մեդալի տիրացան: Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դարձել է արծաթե, Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մուսա Մուրթազալիևը ( 86 կգ)` բրոնզե մեդալակիր: Ցանկալի է, որ աշխարհի առաջնությունում էլ նույնպիսի արդյունք ունենանք: Միայն այդ դեպքում վստահ կարելի է ասել, որ մրցաշրջանը հաջող է: 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը կարող էր մեդալակիր դառնալ: Նա առավելության հասավ առաջին գոտեմարտում, 0:0 հաշվով ավարտեց երկրորդ մրցամարտը Եվրոպայի նախորդ առջնության չեմպիոնի հետ: Նա նկատողությունների պատճառով զիջեց մրցակցին, իսկ դրանք կարող էին նաև չլինել: Ինչ վերաբերում է Գրիգորյանին, ապա նա չեմպիոն դառնալու հնարավորություն չուներ, քանի որ երտասարդ է: Մինչդեռ, եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը` Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Ռուսլան Դիբիրգաջիևը, շատ փորձառու է: Գրիգորը պետք շատ աշխատի, որ հետագայում ավելի բարձր արդյունքի հասնի: Եթե այս մրցաձևում ոսկե մեդալ չկորցրինք, ապա հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն այն ձեռքից բաց թողեց: Ինչ վերաբերում է բողոքարկելուն, այն օգուտ չի տա: Պարզապես նամակով դիմելու ենք, որ այսինչ քաշային կարգում հայ մարզիկի մասնակցությամբ գոտեմարտում այսպիսի բան է կատարվել, և խնդրելու ենք, որ մյուս անգամ ավելի ուշադիր գտնվեն, որպեսզի նույնը չկրկնվի: Ֆինանսական որևէ հարց չկա: Մենք օլիմպիական կարգի մրցավարներ չունենք: Դիմելու ենք, որ այդ բացը լրացվի: Նաև շատ բան կախված է մեր մրցավարներից: Նրանք պետք է սեմինարի մասնակցեն, քննություններ հանձնեն:
Արթուր Ալեքսանյան (Եվրոպայի եռակի չեմպիոն)
- Հինգ գոտեմարտ եմ անցկացրել, ոչ մի միավոր չեմ տվել մրցակիցներին, սակայն դրանք բոլորն էլ դժվարին են եղել: Կարող է թվալ, թե հեշտ է ստացվել, բայց Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չկան, ամեն մեկն առնվազն իր երկրի չեմպիոն է: Լարվածությունը շատ էր եզրափակչում, քանի որ այն ամենից կարևորն է: Ուսի վնասվածքով էի մասնակցում, արդեն 6-7 ամիս է` այն խանգարում է: Վճռական գոտեմարտում մի քանի հնարք կատարեցի, սակայն մրցավարները ցածր գնահատեցին: Բայց դա չընկճեց: Ինձ վստահ էի զգում, և ի վերջո, թուրք Չենկ Իլդեմին հաղթեցի 5:0 հաշվով: Հինգերորդ անգամ էինք միմյանց հետ ուժերը չափում: 4:1 հաշիվն իմ օգտին է: Պարտվել եմ մեր առաջին հանդիպումում` Թուրքիայում 2011-ին անցկացված աշխարհի առաջնությունում: Մրցավարները կոպիտ սխալներ էին թույլ տվել: Դրանից հետո թուրք ըմբիշին 4 անգամ հաղթել եմ: Նպատակ ունեմ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալ, իսկ 2016-ին` օլիմպիական խաղերում:
Արսեն Ջուլֆալակյան (2014-ի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)
- Ռուսաստանի ներկայացուցիչներն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում, և այդ երկրի ըմբիշների հետ պայքարելը միայն այդ առումով է անցանկալի: Եզրափակչում զիջեցի ռուսաստանցի Ալեքսանդր Չիխիրկինին, սակայն ավելի բարդ մրցամարտ անցկացրի 1/16 եզրափակչում խորվաթ Նևեն Ջուգաջի հետ: Նա ավելի ծանր է կշռում, ֆիզիկապես ուժեղ է, բացի այդ, առաջին գոտեմարտը միշտ էլ լարված բնույթ է ունենում, քանի որ հունի մեջ չես մտել, մրցման շունչը դեռ այնքան էլ լավ չես զգում: Խորվաթ ըմբիշը փորձում է մրցակիցներին հոգնեցնել, և հնարավոր է` նրա հետ անցկացրած գոտեմարտից հետո այլևս չհասցնես ուժերը վերականգնել մինչև եզրափակիչ հասնելու համար: Ես կարողացա նրան հաղթել 6:0 հաշվով:
Ի դեպ, վերջին 4 տարվա ընթացքում ամենաբարդ խմբում էի հայտնվել: Կիսաեզրափակչի դանիացի մրցակիցս` Մարկ Մադսենը, աշխարհի քառակի փոխչեմպիոն է: Մինչդեռ Չիխիրկինն առաջին փուլում ազատ էր և ինձնից մեկ գոտեմարտ պակաս էր անցկացրել` ընդամենը երեքը: Կիսաեզրափակչում նա մրցել էր հունգարացի երիտասարդ ըմբիշի հետ, որը գրեթե դիմադրություն ցույց չէր տվել:
Ցավոք, եզրափակչում զգոն չեղա, չպետք է սպասեի, և դա էր իմ մեծ սխալը: Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, երկրորդում պարտվեց 0:3 հաշվով: Նախկինում մենք չէինք հանդիպել: Չիխիրկինը վերջին երկու տարին մի քանի անգամ հաղթել է աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին, սակայն հաշվի առնելով վերջինիս տիտղոսները` նրան էին գործուղում միջազգային ստուգատեսների: Այս անգամ այդպիսի բացառություն չէր արվել: Այդուհանդերձ, եթե վրիպումը չլիներ, ես նրան պետք է հաղթեի:
