Մոնտենեգրոն` հայերի համար լավագույն հանգստավայր

montenegroՄոնտենեգրոն աշխարհի ժողովորդներին հայտնի է իր ծովափնյա լավագույն հանգստավայրով: Նախկին Չեռնոգորիան` այժմյան Մոնտենեգրոն, այդ առավելության շնորհիվ կարողանում է ամեն տարի զբոսաշրջային մեծ հոսքեր ապահովել: Պարզվում է, որ Հայաստանն այս պետության հետ վաղեմի բարեկամ է: Մեր երկրները միմյանց նման են թե՛ իրենց պատմությամբ և թե՛ մշակութային ընդհանրությամբ:

Սև լեռների և դաշտերի երկրները տարիների տարբերությամբ են հռչակել իրենց անկախությունը: Սերբիան առաջիններից է ճանաչել հարևան Չեռնոգորիան, իսկ Ադրբեջանը՝ պատերազմ սկսել Արցախի դեմ:
Ընդամենը 8-ամյա անկախություն ձեռք բերած Մոնտենեգրոյի հետ մեր հարաբերությունները նոր-նոր են սկսում աշխուժանալ: Չեռնոգորիան մտադիր է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տնտեսության տարբեր ոլորտներում, ներառյալ` զբոսաշրջությունը: Նշենք, որ մինչ օրս այս պետության հետ, որը շուրջ 650 հազար բնակչություն ունի, Հայաստանը երբևէ տնտեսական հարաբերություններ չի ծավալել:

Թերևս առաջին քայլը, որ արվել է երկու երկրների համագործակցության ձևավորման
ուղղությամբ, անցած տարվանից դեպի այդ երկիր վիզային ազատ ռեժիմի մեղմացման գործընթացն է, հատկապես` ամռան ամիսներին:

Անցյալ տարի, Երբ Մոնտենեգրոյի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իգոր Լուկշիչը Հայաստանում էր, զբոսաշրջային հոսքերի փոխանակման ցանկություն հայտնեց: Անցյալ տարի Հայաստանի գործարար պատվիրակությունն առաջին անգամ մեկնել էր Բուդվա` մասնակցելու գործարար համաժողովի: Այն տեղի է ունեցել հուլիսի 12-14-ը՝ հայկական շուրջ 25 հոգուց բաղկացած պատվիրակության մասնակցությամբ:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող գործարարներ` սկսած ՏՀՏ ոլորտից, բանկային համակարգից մինչև ոսկերչության և զբոսաշրջության ոլորտները: Իսկ հյուրընկալ երկրի գործարար կազմում մոտ 75 նեկայացուցիչներ էին, այդ թվում նաև տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող պաշտոնյաներ: Նրանք հայ գործընկերներին ներկայացրել են իրենց տնտեսական իրավիճակը՝ ընդգծելով հատկապես տնտեսության այն ճյուղերը, որոնք երկրում առաջնահերթ զարգանում են և կարող են փոխշահավետ գործակցության ոլորտներ դիտարկվել:
Այս տարվանից Հայաստան և Մոնտենեգրո ուղղությամբ նաև զբոսաշրջային ուղերթներ կձևավորվեն: Տուրիստական ընկերություններն աշխատում են, որ դեպի այդ երկիր հետաքրքիր, մատչելի զբոսաշրջային երթուղիներ մշակեն: «Այդ երկիրը հայ զբոսաշրջիկի համար իսկապես կարող է մի շարք տեսանկյուններից գրավիչ լինել թե՛ իր կլիմայով, թե՛ հայերի նկատմամբ բարյացկամ վերաբերմունքով, թե՛ հյուրընկալ գործոնով»,- ասում է Հայաստանից մեկնած գործարար պատվիրակության ղեկավար Հովիկ Մուսայելյանը: Նա ուրախությամբ փաստում է, որ Մոնտենեգրոյի բնակիչները հայերի նկատմամբ ընդգծված վերաբերմունք ունեն և շատ լավ են տրամադրված մեր երկրի նկատմամբ:
Երկու երկրների ժողովուրդների ամենամեծ ընդհանրությունն այն է, որ նրանք լեռնցի են և դարեր շարունակ պայքարել են օսմանայն կայսրության դեմ, պահպանել իրենց ազգային նկարագիրը, մշակույթն ու ավանդույթները: «Նրանք նույնպես հավատացյալ ժողովուրդ են, պահպանում են իրենց ազգային արժեքները և պատկառելի գործոն են համարում նաև մեր՝ առաջին քրիստոնյա երկիր լինելու հանգամանքը»,- ասում է Հովիկ Մուսայելյանը՝ վստահեցնելով, որ երկու ժողովուրդների ընդհանրությունները նաև ազգային խոհանոցով են պայմանավորված: Ի դեպ, կան շատ ուտեստներ, որոնք բավական նման են հայկականին:

Մոնտենեգրոն, բացի զբոսաշրջային գործոնից, Հայաստանին կարող է հետաքրքրել նաև հյուրանոցաշինության ոլորտով: Այժմ այնտեղ ընթանում են հյուրանոցների և ամառանոցների աշխույժ շինարարական աշխատանքներ՝ ելնելով զբոսաշրջիկների օրեցօր աճող հոսքից և առկա պահանջարկից:
Մոնտենեգրոյում նաև հայկական համայնք կա: Հայերն այնտեղ հիմնականում զբաղված են անշարժ գույքի բնագավառում, որն ամենապահանջվածներից է: Երկրում բավական զարգացած է նաև սննդարդյունաբերությունը, և հնարավոր է, որ հետագայում այս ոլորտում ևս համագործակցության եզրեր գտնվեն, քանի որ Մոնտենեգրոն հայտնի է հատկապես պանրի արտադրությամբ: Տնտեսական համագործակցության հիմքերը դրված են, որոնց ընթացքն ավելի պարզորոշ կդառնա առաջիկայում:
Լ.Ն

Անկախ

Tags: