Եղեռն տեսած տատիկիս պատմությունը

Մեր իրավունքի և արդարության հաղթանակը ես տեսնում ու ապրում եմ էությանս բոլոր թելերով, անգամ մեր դժխեմ օրերի այս թանձր ու ցուրտ մթնոլորտի սարսուռների մեջ: Ես հավատում եմ, հա՚յ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի: Հավատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին, Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքույշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ նայում, նայում է ճամփաներին: Եվ հեռու չէ այն օրը, երբ իր բազուկները տարածած` նա կընդունի հեռավոր հորիզոնների տակ հածող ու հեծող իր զավակների կարոտակեզ բազմությունները: Եվ բյուրավոր ձայներ կթնդան Մայր Արաքսի ափերին:
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ԿԱՐՍԱվետյաց երկրի կորստյան ցավն ու կսկիծը սերնդեսերունդ փոխանցվում է, այն ներծծված է արյան մեջ ու արթուն է պահում կարոտը` մորմոքող, ծովածավալ, ափեափ զարնվող, ստեպ-ստեպ ահագնացող կարոտը, որով բռունցքվում է մեր կամքը և կապ չունի, թե որտեղ է վիճակված ապրելու և գոյատևելու: Երկիրն այդ դարերով եղել է բնօրրանը մեր նախահայրերի, մեր պապերի և կարող էր լինել նաև մերը: Այնտեղ հողը տառապում է ազգիս կարոտով: Այնտեղ ականջներումդ կարծես տուն, կահկարասի կորցրած որդեկորույս մայրերի ճիչն է և անվերջանալի գաղթի ճանապարհները, որոնք ուղեկցվում էին մարդկային և հայրենյաց կորուստներով:
Իմ տատիկի ու պապիկի մեջ էլ միշտ վառ էր պատմական հիշողությունը, ես միշտ զարմանում էի, թե ինչ զորեղ է հայրենիքի սերը, որ ողջ կյանքի ընթացքում տակնուվրա էր անում այս մարդկանց հոգիները:
Տարիներ են անցել, նրանք վաղուց չկան, զգացմունքներն այդ, մի ահռելի ուժ դարձած, արդեն մեր` նրանց թոռների մեջ են: Այդ սիրով էլ լցված, ուխտագնացների խմբի հետ, որոնց թվում եղեռնից հրաշքով փրկված աշխարհասփյուռ հայերի զավակներ, ճանապարհ ընկանք դեպի մեր կորուսյալ հայրենիքը:
Ճանապարհը Երևանից Արդահանով մեզ տարավ Հայոց հնագույն մայրաքաղաք Կարս: Շրջեցինք Կարսի նեղլիկ փողոցներով, տեսանք հայկական տներ: Կարծես տանն էինք, բոլորիս զգացողությունն այդպիսին էր:
Բարձրացանք Կարսի անառիկ բերդը, մեր առջև քաղաքն էր իր ողջ շուքով: Բերդապարիսպների ներքևում հպարտ կանգնած էր Առաքելոց եկեղեցին` վերափոխված մզկիթի: Եկեղեցուն կից տեսա Խորեն քահանա Ստամբոլցյանի (1858-1928) տունը: Նա 1897 թ. Կարսի սբ. Աստվածածին եկեղեցում կնքել է Եղիշե Չարենցին, իսկ 1919-1921 թթ. եղել է Առաքելոց եկեղեցու վերջին քահանան: Իր «Հիշատակարանում» նա գրել է. «1920 թ. հոկտեմբերի 30-ին թուրքը նորից գրավեց Կարսը և սրի ու ավերի մատնեց: Ութ ամսից ավելի մնացի գերության մեջ: 1921 թ. մայիսի 18(31)-ին մի կերպ հեռացա Կարսից: Արևը կարծես մթնել էր, այդպես երևաց աչքերիս: Վագոնի դռանը կանգնած` վերջին անգամ նայում էի սիրածս Կարսին, որ գուցե այլևս չպիտի տեսնեի: Սիրտս կծկված, նստած մի արկղի վրա` ձեռներով երեսս ծածկեցի ու լացի: Երբ նորից բաց արի աչքերս, արդեն Կարսից հեռացած էինք»:
Տատիկս` Սիմոնյան Սաթիկը, որ անցել էր գաղթի ճանապարհներով, ապաստանել էր Կարսի որբանոցում, պատմում էր.
- Մեծահարուստ ընտանիք էինք, բազմանդամ, 40 անձից բաղկացած: Ապրում էինք մեկտեղ պապիս` Մկրտիչի և նրա 6 եղբայրների ընտանիքների, երեխաների, թոռների հետ համատեղ: Երբ սկսվեց եղեռնը, զորավար Անդրանիկը, մեզ շրջապատած իր զորքով, բերեց Սարիղամիշ: Մեկ տարի անց լուր եկավ, որ ճանապարհները բաց են, կարող ենք վերադառնալ երկիր: Վերադարձանք: Մեկ տարի ապրեցինք, թուրքը դարձյալ գրավեց տարածքները, ու մենք դարձյալ գաղթեցինք, 1917 թ. հասանք Երևան, հետո Իգդիր: Այստեղ ապրեցինք դարձյալ մեկ տարի մեր հարսների ունեցած ոսկով, նրանք ոսկեղեն շատ էին կրում: Հայրս` Ստեփանը, վերցնելով մորս` Գայանեի ունեցած վերջին ոսկե զարդը` բիլազուկը, որը բավականին ծանր էր, տարավ վաճառելու և այլևս չվերադարձավ: Մեր ժողովուրդը չափազանց ազնիվ էր և միամիտ: Հավանաբար թուրքերը ներս էին տարել և սպանել էին հորս: Հայրս շատ գեղեցիկ, բարձրահասակ և հաղթանդամ մարդ էր: Մայրս էլ ճանապարհներին ծանր հիվանդացավ և մահացավ:
1917 թ. դարձյալ հայտարարեցին, որ երկրի ճանապարհները բաց են: Գնացինք Սարիղամիշ: Պապս, մերոնց կեսին վերցնելով, 5 տարեկան եղբորս` Կորյունին էլ, գնացին գյուղ` Սըթան:
Բոլոր հարազատներին կորցնելուց հետո, երեխաներով մնացինք հորեղբորս մոտ: Սով էր, նա չէր կարողանում մեզ խնամել, այդ իսկ պատճառով մեզ հանձնեց Ընկերական որբանոց: Դա 1918 թ. էր, փոքր եղբայրս` Սեպուհը, 3 տարեկան էր, քույրս` Փառանձեմը` 5, ես 9: Որբանոցում Սեպուհը հիվանդացավ և մահացավ: Հորեղբայրս եկավ, և եղբորս թաղեցին որբանոցի բակում: Մի քանի ամսից մեզ տարան Կարսի ամերիկյան որբանոց, որը գտնվում էր Կարսի ձորում, այնտեղ մեզ լավ մաքրեցին, լողացրին, բուժեցին քոսից, լավ տաք ծածկոցներ տվեցին, քնում էինք գեղեցիկ ֆրանսիական մահճակալների վրա: Շատ լավ կերակրում էին, ուրախությունից գիշերները չէինք կարողանում քնել: Մրսել էինք, և ես ու քույրս հիվանդացանք: Մեզ տարան հիվանդանոց, ես երկրորդ հարկում էի, քույրս` առաջին: Շապիկով դուրս էի գալիս, պատուհանների տակից կանչում էի քրոջս: Սենյակը գտա, երբ խոսում էինք, այնտեղ շատ խիստ էր, մայրապետն ինձ բռնեց, բերեց սենյակ: Այնքան լաց եղա, որ բաց-բաց քնեցի, մրսեցի և ծանր հիվանդացա: Երբ ապաքինվեցի, Փառանձեմին այլևս չտեսա:
Գարունը բացվեց, բակում որբերով արևի տակ էինք նստած, երբ նկատեցի, որ մեկը մոտենում է խումբ-խումբ նստած որբերին: Ինձ կանչեցին, հորեղբայրս էր` Աբրահամը: Հիվանդանալուց հետո շատ էի հյուծվել, հազիվ ճանաչեց ինձ: Ասաց, որ ներքևում գտնվող զինվորական մասում որպես կապիտան ծառայում է իր տղան` Ռուբենը, եթե կարող եմ ընկնել մոտը` լավ կլինի: Առավոտյան հաջողվեց, վերևից գլորվեցի ուղիղ զինվորական մաս, զինվորները վերցրին, ուզում էին նորից տանել որբանոց: Լաց եղա և ասացի, որ հորեղբորս տղան այստեղ է` Ռուբենը, ուզում եմ իրեն տեսնել: Նրան գտան և ինձ հանձնեցին իրեն: Ռուբենն ինձ ֆուրգոնով տարավ կայարան, հետո էլ գնացքով Սարիղամիշ և հանձնեց պապիս: Ինձ կերակրեցին, պահեցին: Երեխաներով գնում էինք Օլթի, արտերի մեջ ցորենի մնացորդներն էինք հավաքում: Շուտով թուրքերը հասան Սարիղամիշ, փախանք Կարս: Թուրք Փաշայի հրամանով որբերիս լցրեցին բաղնիքները, որ վառեն: Ամերիկացիները եկան, սկսեցին բանակցել, նրանք հայտնեցին, որ թուրք ու քուրդ որբեր էլ կան: Մեզ շարք կանգնեցրին: Փաշան ինքը մոտենում էր, մեկ-մեկ հարցնում և համոզվելով, որ այդպես է, հրամայեց թողնել: Ամերիկացիները մեզ հավաքեցին և նորից տարան որբանոց: Իսկ Կարսը հանձնելուց հետո, մեզ` որբերիս, լցրին բեռնատար վագոնները և բերեցին Ալեքսանդրապոլ: Եղբորս` Կորյունին, ուղարկեցին զինվորական մաս, ինձ էլ Կազաչի պոստ: Երբեմն մեզ տանում էին, ով եղբայր ուներ, տեսնվելու: Հետո եղբորս էլ կորցրեցի: Իրար գտանք 1936 թ.: Նա սովորում էր Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում: Ցավոք, սկսվեց Հայրենական պատերազմը, և իմ 31-ամյա նկարիչ եղբայրը` Կորյուն Սիմոնյանը, զոհվեց Մոզդոկի մոտ:

Կարսի բերդից նայում էի քաղաքին և կարծես տեսնում էի ողջ արհավիրքը:
Միակ մխիթարությունը եղավ այն, որ եղեռնից 90 տարի անց իրար գտան Աբրահամ, Ստեփան և Աղասի եղբայրների թոռները` Հենրի Սիմոնյանը, հայրս` Վոլոդյա Աղաբաբյանը և Մելանյա Սիմոնյանը: Մենք, որ տատիկիս կողմից ոչ մի բարեկամ չունեինք, հիմա ունենք հիասքանչ բարեկամներ: Սրանից առավել մեծ երջանկություն անհնար է պատկերացնել:

Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

Կարսը
Կարսի բաղնիքները
Հենրի Սիմոնյանը, Անգին Առաքելյանը (Ազգային պատկերասրահի հուշա-ձեռագրային բաժնի վարիչ) և Վոլոդյա Աղաբաբյանը Ազգային պատկերասրահում, Կորյուն Սիմոնյանի «Ինքնանկարի» մոտ

Tags: ,