1915 թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ նահատակվել է 64 բժիշկ: Թուրքական բանակում և հիվանդանոցում տիֆով վարակվել և մահացել է 52 բժիշկ, սպանված կամ տիֆով վարակված ատամնաբույժները 14-ն են, նահատակվել է 15 ուսանող բժիշկ, նահատակված, տիֆով վարակված և մահացած դեղագործների թիվը 73 է: Այսպիսով, նախորդ դարասկզբին թուրքական յաթաղանին զոհ գնացած հայ բժիշկների ընդհանուր թիվը 218 է:
Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին ընդառաջ` այս փաստերն առանձնացրել է գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանը: «1919 թ. Պոլսի հայ բժշկական միությունը, որի նախագահն էր բազմավաստակ բժիշկ, բանասեր Վ.Հ. Թորգոմյանը, լույս ընծայեց ֆրանսերեն մի գրքույկ «Մեծ եղեռնի նահատակ հայ բժիշկների և ջարդարար թուրք երդմնադրուժ արվեստակիցների» մասին, որում նշվում էր, որ Կայսերական բժշկական վարժարանի առաջին դասախոսները հայ և հույն բժիշկներ էին, որոնք կրթություն էին ստացել եվրոպական բժշկական համալսարաններում: Եվ սպանված հայ բժիշկների մասին տվյալները ներկայացվել են Հայ բժշկական միության պատրաստած վիճակագրության համաձայն: Թուրք բժիշկներից շատերը մասնակից եղան և իրենց ձեռքերը լվացին հայ գործընկերների արյունով: Հայկական ջարդերի կազմակերպիչներն էին իթթիհատի ջարդարարական ծրագիրն իրագործող հետևյալ ուխտադրուժ բժիշկները՝ Նազիմը, Բեհաթթինը, Շաքիրը, Րեշիտ Բեյը, Համիտ Սուատը, Թևֆիք Սալիմը, Մեհմետ Րեֆին, Սուլեյման Նոման փաշան:
Սիլվա Սուքիասյանն ընդգծեց, սակայն, որ վերոհիշյալ տեղակագիրն ամբողջական չէ: Հայոց ցեղասպանության տարիներին նահատակված հայ բժիշկների, նրանց նկատմամբ թուրքական բռնությունների մասին հրատարակություններ էլի կան, որոնք լրացնում են դժնդակ պատմությունը: 1940-ին Թուրքիայում Ա.Ն.Մեզպուրյանը հրատարակեց «Հայ և ծագումով հայ բժիշկները» վերնագրով գիրքը: Տասը տարի անց այս գրքի վերահրատարակությունը լուրջ, երկարամյա քրտնաջան աշխատանքի արդյունք էր:
«1957-ին Բոստոնում բժիշկ Գասպար Կարոյանը լույս ընծայեց «Մեծ եղեռնի նահատակ հայ բժիշկները» վերտառությամբ գիրքը, որում տրված են ոչ միայն բժիշկների անվանացանկերը, այլև ներկայացված են նրանց կենսագրությունը, ճակատագրի մանրամասները, եղերական մահը: Պետք է նշել, որ հայկական տեղահանությունները, Պոլսո հայ մտավորականության ջարդերը կազմակերպող հատուկ հանձնախմբի (Թեշքիլաթի Մահսուսե) մասնակիցներից մեկն էր բժիշկ Նազիմը, որն ավարտել էր Պոլսի կայսերական վարժարանը: Նա վայրագությամբ իրականացնում էր ականավոր հայ բժիշկների սպանությունները, որովհետև հայ բժիշկները ոչ միայն առավելություն, այլև մեծ համբավ էին վայելում, քան թուրք բժիշկները: Ջարդարար, գազանասիրտ թուրք բժիշկը ձերբակալել, բանտարկել և աքսորել է տվել տաղանդավոր բժիշկներից շատերին, որոնցից էր նաև Օսմանյան կայսրության պառլամենտի անդամ, բազմավաստակ բանասեր, երկրագործ Նազարեթ Տաղավարյանը: Նրա գրչին է պատկանում «Բնական պատմություն», «Ծագումն հայ տառից», «Մանրէաբանություն», «Ուսումնասիրություն միզային քարերու», «Տիեզերք և իր կազմություն», «Ծննդական գործարք», «Մարդկային սաղմնախոսություն», «Հայոց հին կրոնքները» և բազմաթիվ այլ աշխատություններ»,- ընդգծեց Սիլվա Սուքիասյանը:
Նազարեթ Տաղավարյանը ծնունդով սվազցի էր (1862-1915), ավարտել է Փարիզի երկրագործական վարժարանը, այնուհետև կրթություն է ստացել Փարիզի Սորբոնի և բժշկական համալսարաններում: Նա, որպես լավագույն ուսանողներից մեկը, բժշկական վկայական է ստանում և վերադառնում Բերիա, որտեղ բացում է իր բժշկական կլինիկան: Չնայած իր մատուցած ծառայություններին` տարաբախտ բժիշկը նահատակվում է Ուրֆայի մոտ:
Սիլվա Սուքիասյանը շարունակում է հայ մտավորականների, բժիշկների ու հոգևորականների մասին պատմությունները, որոնք, ցավալիորեն, շաղկապված են 1915-ի հայոց սև էջի հետ:
«Նազիմի զոհերից էր նաև ազգային երեսփոխան Կարապետ Փաշայան խանը, որը ոչ միայն բժիշկ էր, այլև գրող, գրականագետ, հասարակական գործիչ: Նա ծնվել է Պոլսում (1864-1915): Ավարտել է կայսերական վարժարանը: Որպես բժիշկ հաստատվել է Տիվրիկում, որտեղ առանց ցեղի և կրոնական դավանանքի խտրության, բարեխղճորեն և հավատարմությամբ է ծառայել իր մասնագիտությանը: Նա մասնակցել է նաև ազգային, մշակութային և կրթական գործերին: Հեղինակ է բազմաթիվ նովելների և պատմվածքների: Հիշատակման է արժանի «Մարիա թե Հայկանուշ» սիրավեպը և «Աղջկան մը հիշատակարանը» նովելը: Կարապետ Փաշայան խանը նահատակվել է Ուրֆայից Դիարբեքիր տանող ճանապարհին:
Նազիմը նաև երիտասարդ բժիշկ, բանաստեղծ Ռուբեն Սևակի եղերական մահվան պատճառ դարձավ: Թուրքերը, Ռուբեն Սևակին և հինգ արվեստակիցներին կողոպտելով, մերկ մարմինները կախեցին Գալեճիկ գյուղի ձորի ծառերից: Բեհաթթին Շաքիրը դասավանդում էր կայսերական վարժարանում: Նա Իթթիհատի կենտրոնական վարչության ղեկավարներից էր և
Թեշքիլաթի Մահսուսեի անդամ, որը ծրագրել ու գործադրել է հայ ցեղի բնաջնջումը Անատոլիայում և Հայկական բարձրավանդակում: Նա, մոռանալով իր բժշկական երդումը, 1915-ին դարձել էր ամբողջ հայ ազգի, մասնավորապես հայ բժիշկների ամենամեծ ջարդարարը: Երբ ռուսական բանակը մոտենում է Կարին քաղաքին, նա հրամայում է ամբողջ բնակչությանը քշել դեպի Երզնկա: Եփրատ գետի ափին դարանակալ քրդերը, տեղեկանալով այդ մասին, թուրք զինվորականների հետ կողոպտում, առևանգում են անպաշտպան ժողովրդին և հանձնում գետի հոսանքին: Ռուսական բանակը, գրավելով հայաշատ Կարինը, այնտեղ գտնում է 16 հայ ծերունիների և տարեց կանանց:
Եվս մեկ դրվագ. Դիարբեքիրի կուսակալ բժիշկ Րեշիտ Բեյը 1915-ի ապրիլյան այս օրերին հրամայում է ձերբակալել Դիարբեքիրի ազգային վարչական մարմիններին, առևտրականներին, հայ բժիշկներին, եկեղեցականներին, ուսուցիչներին, մի խոսքով` հայության ընտրանին՝ մոտ 635 հոգի: Նրանց տանում, գազանաբար սպանում են Բեզվանի ձորում արյունարբու թուրք և քուրդ զինվորականները: Ավելին, Պոլսի Րեսիմլի Թարիհ հանդեսը 1953-ին հրատարակել է մի հարցազրույցի պատմություն բժիշկ Րեշիտ Բեյի մասին: «Դուք բժիշկ էիք և որպես բժիշկ՝ Ձեր պարտականությունն է մարդուն փրկել: Ինչպե՞ս եղավ, որ այսքան անմեղներու գունդ առ գունդ ձերբակալելով մահվան գիրկը նետելուն պատճառ եղաք»: Եվ ահա պատասխանը. «Բժիշկ ըլլալս չէր կրնար մոռցնել տալ ազգությունս: Րեշիտ բժիշկ մըն է, բայց իբրև թուրք մը աշխարհ եկած է: Թրքությունս հաղթանակեց բժշկութեանս: Համոզված եմ, որ յօգուտ ազգիս կը շարժիմ»:
Դարեր ի վեր բժշկական գիտաժողովներում խստիվ դրված է այն հարցը, որ մարդկանց վրա գիտափորձեր կատարելն արգելվում է: Սակայն դա չէր վերաբերում թուրք, Մյունխենի բժշկական համալսարանում կրթություն ստացած, կայսերական բժշկական վարժարանի պրոֆեսոր Համիտ Սուատին և նույն վարժարանի պրոֆեսոր Թևֆիք Սալիմին: Նրանք հազարավոր հայ զինվորների ներարկում էին ոչ ճիշտ, գիտականորեն չհաստատված տիֆի դեմ պատրաստված շիճուկը, որով հազարավոր հայերի մահվան դատապարտեցին:
Տիկին Սիլվան հավելում է, որ Երզնկայում ապաստանած հայերի հետ վարվում էին այնպես, ինչպես ծովախոզուկների, ճագարների, մկների հետ: Նրանց ուժով նետում էին Երզնկայի հիվանդանոց և ենթարկում գիտական փորձերի: Այդ մասին վկայել է բժիշկ Օբերաթոր Հայատար Ճեմալը՝ բաց նամակ ուղարկելով ներքին գործոց նախարարությանը: Նա աշխատել է այդ հիվանդանոցում, ավելին՝ մասնակցել այդ գիտափորձերին:
Ցավալիորեն, այս պատմությունները վերջ չունեն: Իթթիհատի կարկառուն դեմքերից Էնվեր փաշայի մտերիմ ընկեր Սուլեյման Նոման փաշան թուրքական բանակի առողջապահական քննիչն էր, նրա պատճառով նաև հարյուրավոր հայեր նահատակվեցին: Նա հովանավորել է ջարդարար թուրք բժիշկներին: Հայ բժիշկների արյունով են իրենց ձեռքերը ներկել Տրապիզոնի առողջապահական տնօրեն Ալի Սայիպը, Երզնկայի զինվորական հիվանդանոցի բժիշկ Շևքեթ Ֆերիտունը, Համտի Սուլեյմանը, Ֆայիք Զիան, Հասան Ֆուատը:
Մայա Խաչատրյան
Tags: Հայոց ցեղասպանություն, ցեղասպանության զոհեր