Հարցազրույց պատմաբան Հայկ Ղազարյանի հետ
- Պարոն Ղազարյան, հայ ժողովրդի ցեղասպանության պրոցեսը սկիզբ է առել 1890 թ. և ավարտվել 1922 թ., իսկ ցեղասպանության իրականացման գագաթնակետը եղել է 1915 թ. ապրիլի 24-ը: Կատարվեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջում, մենք կորցրեցինք մեկուսուկես միլիոնից ավելի խաղաղ բնակչություն և շուրջ 300 հազ. քկմ տարածք` մեր պատմական հայրենիքը, տասնյակ միլիարդների հասնող ազգային հարստություն: Եվ մեր ամբողջ աշխարհասփյուռ հայ ազգի գերնպատակն է ժամանակակից Թուրքիայից պահանջել այն, ինչը մեզ է պատկանում: Հնարավո՞ր է դիվանագիտական ուղիներով, դատական միջազգային ատյաններով լուծում տալ մեր պահանջատիրությանը:
- Ցեղասպանության 90-ամյակի տարեդարձից սկսած` Հայաստանի և հատկապես սփյուռքի պատմաբանները, գիտական աշխատողները, քաղաքագետները հսկայական աշխատանք ծավալեցին և լույս տեսան մի շարք արժեքավոր մենագրություններ: Մոսկվայում Յուրի Բարսեղովը հրատարակեց իր եռահատոր «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը: Փաստաթղթեր և մեկնաբանություններ» ռուսերեն ժողովածուն: Նա, լինելով իրավաբան, փաստաթղթերին տվել է այն արժեքն ու ուղղությունը, որով կարելի է դիմել Հաագայի միջազգային դատարան և քննել հայկական դատը:
Սփյուռքում պատմաբաններն ավելի շատ զբաղվում են պատմագրությամբ, հատկապես` ամերիկահայ պատմաբանները: Վահագն Դադրյանը, որ հանդիսանում է Վաշինգտոնի հայկական ցեղասպանության ինստիտուտի տնօրենը, հրատարակեց հայկական ցեղասպանության պատմության վերաբերյալ մի շարք աշխատություններ` անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն: Հրատարակած աշխատություններ ունի նաև Ռիչարդ Հովհաննիսյանը, որ Կալիֆոռնիայի հայագիտության ամբիոնի վարիչն է: Բաց է մնում հայալեզու գրականությունը: Ժամանակին աշխատանքներ են հրատարակել պրոֆեսորներ Մկրտիչ Ներսիսյանը, Ջոն Կիրակոսյանը, Երվանդ Սարգսյանը, Լավրենտի Բարսեղյանը և շատ-շատերը:
- Դուք անմասն չեք այդ մեծ գործին և ունեք ձեր մենագրությունները: Ի՞նչ եք ներկայացրել ձեր գրքերում, որ առավել նշանակություն ունեն մեր արդար դատը շահելու գործում:
- Իհարկե, որոշ ծառայություններ ես էլ ունեմ, սկսած դեռևս 1959-ից` զբաղվել եմ Արևմտյան Հայաստանի պատմությամբ: 1967 թ. լույս տեսավ «Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ.» ծավալուն մենագրությունս, որ ես համարում եմ իմ աշխատությունների հիմքը: Գիրքը ստեղծվեց Երևանի, Մոսկվայի, Բաքվի պահոցներում քնած փաստաթղթերի, արխիվային նյութերի հիման վրա: Զարմանալին այն էր, որ այդ գրքին հավանություն տվեց երբեմնի ՀԿԿ գլխավոր քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը: Նրա գիտելիքների առատ պաշարից ես շատ եմ օգտվել, իմ դոկտորական թեզը հրատարակվեց ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ: Գրախոսականը գրվել էր Բեյրութում հրատարակված «Բագին» ամսագրում ՀՀԴ բյուրոյի ղեկավար Սիմոն Վրացյանի խմբագրությամբ:
Հետագայում` 2000 թ., հրատարակեցի «Արևմտահայությունը ցեղասպանության նախօրյակին» աշխատությունը: Եղա Մոսկվայում, Փարիզում, Շվեյցարիայում, Գերմանիայում և կարողացա կուտակել արխիվային նյութեր, որոնք հիմք ծառայեցին հետագայում ստեղծելու իմ կապիտալ աշխատությունը: 2005 թ. լույս տեսավ «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» երկհատորյակը:
Ժամանակին Սիմոն Վրացյանը Բեյրութում, Փալանջյան վարժարանում ինձ ասաց. «Գիտե՞ս, բոլորը հրատարակում են հայերենով, ռուսերենով, պետք է ցեղասպանության պատմությունը հրատարակել նաև օտար լեզուներով»:
Եվ ես երկհատորյակը հրատարակեցի 5 լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, թուրքերեն: Այն դրվեց գիտական շրջանառության մեջ: Գիրքն իմ օգնությամբ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի միջոցով հասավ աշխարհի 16 երկրների նախագահներին:
Բնության և հասարակության մասին գիտությունների Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, որի անդամներից եմ նաև ես, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք ակադեմիկոսների` Սերգեյ Սարինյանի, Ալեքսանդր Մանասյանի, Արտեմ Սարգսյանի և շատերի միահամուռ ջանքերով գիրքը ներկայացվեց Նոբելյան մրցանակի: 2008 թ. փետրվարի 10-ի առավոտյան իմացա, որ գրականության և խաղաղության մրցանակը տրված է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալֆրեդ Գոռին:
Դրանից հետո ինձ հետաքրքրում էր Կարսի պայմանագրի խնդիրը: Հայաստանի ղեկավարությունը, նախագահ Ս.Սարգսյանի գլխավորությամբ, որդեգրեց մի քաղաքականություն, որը պատմության մեջ մտավ որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»: Ս.Սարգսյանի թուրքերի հետ բանակցության արդյունքում հրատարակվեց այսպես կոչված «Ճանապարհային քարտեզը»: Երբ Հրանտ Դինքը Երևանում էր, իմ թուրքերեն գիրքը տարավ և խմբագրեց: Ինձ ուղարկեց նաև «Սաբահ» թերթում տպագրված «Ճանապարհային քարտեզը»: Դրա 5 կետերից նշեմ երկուսը. «1.Հայաստանի ղեկավարությունը և Թուրքիայի ղեկավարությունը ճանաչում են Կարսի պայմանագիրը. 2. Պետք է ստեղծել հանձնաժողով և քննարկել` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ»: Ընդ որում, այդ հանձնաժողովի կազմում պետք է մտնեին հայեր, թուրքեր և եվրոպական երկրների ներկայացուցիչներ:
Ս.Սարգսյանը Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտությունով» ուզում էր սահմանները բացել: Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ. հոկտեմբերի 13-ին, որով Թուրքիային էր հանձնվում Կարսը, Արդահանը, Իգդիրը, Սուրմալուն: Նախքան Ազգային ժողովի հաստատումը փաստաթղթերն ուղարկվեցին Սահմանադրական դատարան, որը մերժեց և գտավ, որ դրանք չի կարելի ստորագրել:
Ես հրատարակեցի մի մենագրություն` «Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերն ու դրանց ողբերգական դերը հայ ժողովրդի ճակատագրում»: Գիրքը մակագրած ուղարկեցի Ս. Սարգսյանին, ստացա պատասխանը, որում գրված էր. «Պ-ն Ղազարյան, ինչպես ես, այնպես էլ նախագահի ամբողջ անձնակազմը խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նման կապիտալ աշխատություն ստեղծելու համար և Ձեր դիտողությունները մենք անպայման հաշվի կառնենք»:
Եվ ահա, Ս. Սարգսյանը նամակով դիմեց Ազգային ժողով, հետ վերցրեց այդ արձանագրությունները: Փաստորեն, սառեցրեց: Մենք միշտ պարտվել ենք թուրքերից, մոնղոլներից, թաթարներից, սելջուկներից, միակ հաղթանակը Արցախյան փայլուն հաղթանակն է, որի արդյունքում 5-6 հազար քկմ տարածք ազատագրվեց, և դա թուրքերը դարձրել են վեճի առարկա: Խնդիրը հետևյալն է մենք կորցրել ենք 325 հազ. քկմ,
Նախիջևանն էլ Հայաստանի անբաժան մասն էր, Կարսի պայմանագրով այն հանձնվեց Ադրբեջանին, բոլոր փաստաթղթերը կան իմ գրքում:
Այնուհետև հրատարակեցի «Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան-Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ» երկհատորյակը: Սա իր տեսակի մեջ եզակի աշխատություն է: Աշխատության մեջ դրված է Սևրի պայմանագիրը, որը ոսկե գրիչով ստորագրել է Ավետիս Ահարոնյանը 1920 թ. օգոստոսի 10-ին նշելով, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն է:
Գրքում առաջին անգամ Սևրի պայմանագիրը շրջանառվում է թուրքերենով, տեղադրել եմ նաև ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն տարբերակներով:
1. Սևրի պայմանագրով դաշնակից 14 տերությունները Սուլթանական Թուրքիայի հետ պայմանագիր են ստորագրում և վերընձյուղում ազատ, անկախ և միացյալ ընդարձակ Հայաստան պետությունը:
2.Առաջին աշխարհամարտում հաղթանակած տերությունների միակամ համաձայնությամբ և հանձնարարությամբ` ԱՄՆ 28-րդ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնն իրավարար վճիռ է արձակում և միացյալ Հայաստանի նոր պետության սահմանները բաժանում երբեմնի Սուլթանական բռնապետությունից:
Առաջին հատորը գրելուց հետո չբավարարվեցի, որովհետև Սևրի պայմանագրի օրգանական շարունակությունն էին Վիլսոնյան փաստաթղթերը: Վիլսոնն Ամերիկան դարձրեց Ամերիկա: Վիլսոնն առաջին նախագահն էր, որ չեղյալ հայտարարեց Մոնրոյի դոկտրինան: Այդ հրաշալի մարդու կենսագրությունը խորությամբ հրատարակել եմ գրքում: Վիլսոնը Ժան Ժորեսից հետո երկրորդ մարդն էր աշխարհում, որ ձգտում էր խաղաղության: Վիլսոնն առաջադրեց իր 14 կետերը, որոնք համաշխարհային պատմության մեջ մտել են որպես խաղաղության ամենամեծ ծրագիր: Վիլսոնը կարծում էր, որ Հայաստանը պետք է ստանա իր կորցրած տարածքները և ի տարբերություն Սևրի պայմանագրի` դրեց իր` վիլսոնյան քարտեզը, որի վրա ստորագրել է և դրել կնիքը: Քարտեզը` արված անգլերենով, հայերեն զետեղված է գրքում: Վիլսոնը համարում էր, որ Տրապիզոնի վրայով հայերին ճանապարհ պիտի տան դեպի ծով, դեպի Եվրոպա: Նա ճանաչում էր հայոց անկախ պետությունը մոտավորապես 160 հազ. քկմ տարածքի վրա: Վիլսոնյան փաստաթղթերը, դժբախտաբար, պատշաճ ուշադրության չարժանացան: Պատճառն այն էր, որ Ռուսաստանում հաղթանակել էր սոցիալիստական հեղափոխությունը, և այդ ալիքը հրդեհի նման տարածվում էր: Սևրի պայմանագրից հետո Վիլսոնը վերադարձավ Ամերիկա, որ դիմի Կոնգրեսին: Ցավոք, նա կաթված ստացավ: Վատ վիճակում անգամ նա գնացքով գնում էր ամերիկացիներին բացատրելու, որ մի քրիստոնեական ժողովուրդ տառապանքի մեջ է: 1919 թ. փետրվարի 26-ի բոստոնյան ելույթում հնչում է Վիլսոնի հայտնի կոչը. «Զորակցե՛ք, որ այլևս հայերը երբեք չտառապեն»: Վիլսոնը չկարողացավ հասնել իր նպատակին, 68 տարեկանում մահացավ, փաստաթղթերն էլ դրվեցին մի կողմ:
- Իսկ ի՞նչ գործնական քայլեր են անում մեր հայ պատմաբանները, որպեսզի ցեղասպանության թեման հասանելի լինի նաև թուրք ժողովրդի այս սերնդին:
- Ես կարծում եմ, որ հարկավոր է ստեղծել մի միջազգային մարմին և չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը: Եթե դա արվի` մենք կստանանք Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, Իգդիրը, Անիի ավերակները և Արարատ լեռն իր հարակից շրջաններով: Գոյություն ունի դիվանագիտական ճանապարհ: Փաստաթղթերով, միջազգային ատյանների միջոցով Թուրքիայից կարելի է ստանալ այն, ինչ հնարավոր է: Հարկավոր է հրատարակել փոքրիկ գրքույկներ եվրոպական լեզուներով և, հատկապես թուրքերենով: Այսօրվա թուրք ժողովուրդը նախկինից մի քիչ տարբերվում է: Ճիշտ է, նրանք Հրանտ Դինքին սպանեցին, նացիոնալիզմը, պանթուրքիզմը խեղդում է նրանց, բայց թուրքերի մեջ կա մի սերունդ, որը չգիտի ցեղասպանության մասին: Հարկավոր է` իմանան, որ իրենք ցեղասպան ազգ են և մեղքն իրենց ուսերին է: Այդ մեղքը թոթափելու համար կա երկու ճանապարհ. 1. Թուրքիան պիտի ընդունի իր մեղքը և ճանաչի հայերի ցեղասպանությունը. 2. 325 հազ. քկմ տարածքից, ինչքան հնարավոր է, վերադարձնի Հայաստանին:
Գերմանիան կարողացավ այդ մեղքն իր ուսերից թոթափել, թուրքերն էլ կարող են:
Ես մտածում եմ իմ ժողովրդի մասին, որ ի վերջո ճանաչվի ցեղասպանությունը, և տեր դառնանք մեր հայրենիքին:
Հարցազրույցը` Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆԻ
