Հայագետ, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զեքյանը Հայոց ցեղասպանության, ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման պահանջների վերաբերյալ ունի ինքնատիպ մոտեցումներ, որոնք դուրս են բոլոր կարծրատիպերից և գործընթացներն առաջ մղելու կարևոր, հստակ ուղեգծեր են: «Մեծ եղեռնի 100-ամյակ` հիշողություն և մարտահրավեր» թեմայով երևանյան հանդիպման ժամանակ կարդացած դասախոսությամբ նա անդրադարձավ հայ ինքնության ու կենցաղի մեջ ցեղասպանության նշանակությանը, հիշողության ընկալմանը, նահատակների սրբադասման կարևորությանը և անցյալի հիշողությամբ ապագայի հայացքն ուրվագծելու փորձին. «Մեծ եղեռնը հաղթանակ էր, ոչ թե մահ: Ինչպես պատերազմի ընթացքում շատերն են զոհվում, երբեմն զոհվում է բանակի կեսը: Երկրորդ համաշխարհային պատերազմում, հայտնի է, որ միլիոններով մարդիկ զոհվեցին, մանավանդ սովետական տարածաշրջանի ժողովուրդները, միլիոններով զոհ տվեցին և հաղթանակով դուրս եկան: Այնպես որ մահը հաղթանակի դեմ չէ, մանավանդ որ մահը կյանքի սկիզբն է: Քրիստոնյա հայրերից մեկն է ասել, որ նահատակների արյունը նոր կյանքի սերն է»:
Այս համատեքստում պրոֆեսոր Զեքյանը հայոց պատմության մեջ հայի ինքնությունը կերտող և կոփող երկու երևույթ է առանձնացնում` Վարդանանց պատերազմը և Մեծ եղեռնը: «Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ ցեղասպանությունը մեր ինքնության և էության կենտրոնն է: Այստեղ կա երկու խորհուրդ` ողբերգական և հարության: Կարծում եմ` ժամանակն է, որ առաջինի հանդեպ մտասևեռումը դադարեցնենք: Այդ մտասևեռումն է, որ թակարդ է դարձել գործընթացի առաջմղման համար: Ես մեկ օր բժշկի էի այցելել: Երբ իմացավ, որ հայ եմ, ասաց` խեղճ հայ, խեղճ ժողովուրդ, կոտորվել է, ջարդվել է, մորթվել է: Երբ ավարտեց, ասացի` շնորհակալ եմ, դոկտոր Ձեր համակրանքի, զորակցման համար, բայց կցանկանայի նշել, որ պատմության ընթացքում միայն չենք կոտորվել, այլ բաներ ևս արել ենք: Ճարտարապետություն ունենք, որ ոչ թե հայ մարդը, այլ ռուս մեծ մտավորականը` Անատոլի Յակոբսոնը համարել է համաշխարհային քաղաքակրթության ամենացնցող երևույթներից մեկը: Մանրանկարչություն ենք ստեղծել, որ իտալացի մասնագետները, համեմատելով ժամանակակից իտալական նկարչության հետ, բարձր են գնահատել: Ասացի նաև, որր ձեռագրական ժառանգություն ենք թողել, որ հավանաբար գերազանցում է անգամ աշխարհի մեծագույն բյուզանդական կայսրության ձեռագրերին: Մարդը ափիբերան մնաց: Ես ասացի, որ իմ ազգակիցներիս սխալն է, որ չգիտեք: Ահավասիկ, այս է մտասևեռումը»: Հովհաննես Թումանյանի` 1916 թ. գրած «Հոգեհանգիստը», Լևոն Զեքյանի խոսքով, հոյակապ գլուխգործոց է, և կասկածից վեր է, որ նախորդ դարասկզբի ջարդերը Ամենայն հայոց բանաստեղծի համար ևս հայեցակարգի կենտրոնն էին:
«Հետո եկավ օտար պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը Ուրուգվայն էր: Ճանաչման գործընթացն, անշուշտ, կարևոր է, բայց չպետք է մտասևեռումի վերածել: Մարդակեր գազան մարդը դեռ երկար այսպես կմնա»,- Հովհաննես Թումանյանի վերջին տողն է: Այս տողը հակադրվում է հենց այն տարածված «խոսելով բացառել ցեղասպանությունների կրկնությունը» կարգախոսին: XX դարի երկրորդ կեսին տեղի են ունեցել ահավոր ցեղասպանություններ: Ինձ չափազանց տպավորել է Բիաֆրայի ցեղասպանությունը, ամեն օր 5000 մարդ էր մահանում: Հետևաբար` խոսելով խնդիրը չի լուծվի: Հարցադրումները պետք է լինեն քաղաքական: Օրինակ` ո՞վ կհամարձակվի այսօր քննադատել Սիրիայում Արևմուտքի քաղաքականությունը»:
Լևոն Զեքյանի խոսքով` Մեծ եղեռնի ամենաահավոր ծրագիրը բնօրրանից հայերին արմատախիլ անելն էր: «Այս է ահավոր, նույնիսկ հրեաների ողջակիզումն այդպես չեղավ: Իսրայելի մշակույթի օրրանը չէր: Մեծ ուրախությամբ կցանկանայի նշել ցեղասպանության քրիստոնյա նահատակների սրբադասման վերաբերյալ Մայր աթոռի որոշումը: Վեհափառ հայրապետին ասացի, որ որոշումը Աստծո մեծագույն պարգևն է մեր ժողովրդին եղեռնի 100-ամյակի կապակցությամբ,- ասաց նա:- Կարծում եմ, որ ինքնությունը չուրանալը մեծ առաքինություն է, դա է պատճառը, որ քրիստոնյա մարտիրոսներին միշտ սրբադասել են, որ իրենց մահով կապրեցնեն, հակառակ դեպքում քրիստոնեությունը կվերանար, նույնն է մեր ժողովրդի դեպքում»:
Հայագիտության սերմնացանը հայության հարություն առնող կյանքի մասին խոսում է աշխարհի տարբեր անկյուններում ու Վենետիկում իր ղեկավարած հայոց լեզվի և մշակույթի ամառային դասընթացին հրավիրված հինգ տասնյակից ավելի ուսանողներին, որոնց շարքերում լինում են ոչ միայն սփյուռքահայեր, այլև արտասահմանցիներ: Հայագիտության նվիրյալն ամեն տարի հայերենի հանդեպ սիրով է վարակում բազմաթիվ ուսանողների: Պրոֆեսոր Լևոն Զեքյանի հիմնած դասընթացն արդեն 27 տարվա պատմություն ունի: 2014-ի օգոստոսին ևս սպասվում է արտասահմանցի մեծ թվով ուսանողների մասնակցություն: Վենետիկյան դասընթացը կարևոր դեր ունի Արևմուտքում հայագետների նոր սերնդի պատրաստման գործում: Հայագիտության սերմնացանի «ծիլերն» այժմ մոլորակի առաջատար բուհերում ղեկավարում են հայագիտական ամբիոններ…
Մայա Խաչատրյան
Tags: հայագիտություն, Հայոց ցեղասպանություն