Հայկական ֆուտբոլում ստեղծված վիճակը չի բավարարում ոչ ոքի: Մեր երկրի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին առաջին հերթին զարմացրել է այն, որ Հայաստանի առաջնությունում թիմերը դանդաղ են գործում, իսկ «կանգնած» խաղը բացառվում է, որ գրավչություն ունենա, մեծ հետաքրքրություն ներկայացնի: Ընդ որում, դրանց մեծ մասը կարող է անցկացվել անգամ նստատեղեր չունեցող մարզադաշտերում: Հանդիպումներին շարունակում են սակավաթիվ հանդիսականներ ներկա գտնվել:
Ֆուտբոլի նկատմամբ ունեցած կարոտը մեր մարզասերները փորձում են փարատել հեռակա` հետևելով այլ երկրների առաջնություններին: Ընդ որում, երբեմն հայկական տարբեր հեռուստաընկերություններ միաժամանակ հեռարձակում են միևնույն խաղը: Դա ոչ մի տրամաբանության չի դիմանում, քանի որ ընդամենը մարզական մեկնաբաններն են տարբեր: Իսկ հիմականում ուշադրության կենտրոնում են Գերմանիայի և Ռուսաստանի առաջնությունների հանդիպումները: Պատճառը պարզ է. հետաքրքրում են այն թիմերի մասնակցությամբ մրցամարտերը, որոնցում մեր երկրի հավաքականի խաղացողներ են:
Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կորցրել է հույսը Գերմանիայի չեմպիոնության համար պայքարում, դուրս է մնացել Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարից: Մնում է, որ մնացած խաղերը լավ անցկացնի, նաև մայիսի 15-ին Բեռլինում կայանալիք այդ երկրի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնի կոչումն ապահոված Մյունխենի «Բավարիային»:
Գերմանական ակումբը, Մխիթարյանին գնելով Դոնեցկի «Շախտյորից», վճարել է 27,5 մլն եվրո: Ներկայումս հայ ֆուտբոլիստն աշխարհի թանկ խաղացողների ցուցակում 53-րդն է և արժե 29, 2 մլն եվրո: Եվ հետաքրքրվողներ կան: Հնարավոր է, որ նրան գնի անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը: Չի բացառվում, որ հայ ֆուբոլիստին իր հետ տանի նրա ներկայիս թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որն առաջարկներ ունի մրցաշրջանի ավարտից հետո ստանձնելու կատալոնական «Բարսելոնայի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկը:
Ռուսական թիմերից հատկապես ուշադրության կենտրոնում է Մոսկվայի «Սպարտակը», որի առաջատար ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, երբեմն-երբեմն առանձնանալով տպավորիչ խաղով, նույնպես իրենց մասին խոսելու առիթներ են տալիս: Ի դեպ, վերջերս Օզբիլիսի գործողություններին հետևելու համար հաճախ են Ռուսաստան այցելում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները:
Հայաստանի հավաքականի դռները բացվել են Եկատերինբուրգի «Ուրալի» խաղացողներ Դենիս Թումասյանի և Էդգար Մանուչարյանի առջև: Ժամանակին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բացառել էր այս ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սրբորեն հավատարիմ մնաց այդ «պատգամին»:
Բայց Շալանդը Մինասյանը չէ, նա ասվածը դոգմա չի համարում, և հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներում այդ խաղացողները կարող են համալրել Հայաստանի հավաքականը: Ընդ որում, շվեյցարացի մասնագետն Էդգարի գործողություններին անմիջականորեն հետևելուց հետո անձամբ զրուցել է և խորհուրդներ տվել, նաև հրապարակավ հայտնել է, որ իր գլխավորած ընտրանիին այդ ֆուտբոլիստը կարող օգտակար լինել:
Մնում է, որ լուծվի ՀՖՖ-ի ղեկավարության` Պերուի «Ալյանսայի» 27-ամյա հարձակվող Մաուրո Գևգեոզյանի և մի քանի այլ խաղացողների Հայաստանի հավաքական հրավիրվելու արգելանքը հանելու խնդիրը:
Իսկ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կավարտվի ժամկետից շուտ: Արդեն փոփոխություններ են կատարվել խաղացանկում, որպեսզի թիմերն ավելի շուտ անցկացնեն առաջնության վերջնագծի խաղերը և հավաքականը Շալանդի գլխավորությամբ մայիսի 21-ից ուսումնամարզկան հավաք անցկացնի: Մայիսի 25-ին և մայիսի 31-ին նախատեսված 27-րդ և 28-րդ տուրերի խաղերը կայանալու են ապրիլի 23-ին և ապրիլի 30-ին: Տարօրինակ է, քանի որ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը չի նախապատրաստվելու, սոսկ ընկերական խաղեր է անցկացնելու մայիսի 25-ին Երևանում և մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքում` համապատասխանաբար մրցելով Իրաքի և Ալժիրի հավաքականների հետ:
Առաջնության ամբողջ սրությունն այն է, թե ի վերջո «Արարատին» ո՞ր թիմը կշրջանցի: Հիշեցնենք, որ առաջնության վեջին շրջանի սկզբին արարատցիները միավորների զգալի պաշարով առաջին տեղում էին: Սակայն, աստիճանաբար այդ պաշարը նվազում է, և քիչ հավանական է, որ «Արարատը» դառնա չեմպիոն: Սպասենք գործողությունների հետագա զարգացմանը:
