Կայուն ֆինանսական համակարգ . ԿԲ-ն դրական է գնահատում 2013 թ. գործունեությունը

ֆինանսԱրդեն մի քանի տարի է` երկրի ֆինանսական համակարգը հնարավոր է դառնում պահել կայուն, իսկ ռիսկերը կառավարելի: Սակայն սա չի նշանակում, որ համակարգում խնդիրներ չկան կամ այն զերծ է արտաքին ռիսկերի ներգործությունից:

Ամփոփենք նախորդ տարվա արդյունքները: Երկրի ֆինանսական համակարգը գրեթե բոլոր ցուցանիշներով աճ է արձանագրել` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար։ Էապես աճել է ֆինանսական միջնորդության մակարդակը, որը չափվում է վարկեր-ՀՆԱ և ակտիվներ-ՀՆԱ ցուցանիշներով: Տարվա ընթացքում աճ է արձանագրվել ինչպես արտահանման, այնպես էլ տրանսֆերտների ոլորտում: Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա դրանց աճը դրական ազդեցություն է ունեցել արտահանող ձեռնարկությունների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների և գործոնային եկամտի աճի արդյունքում պահպանվել է դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների վարկունակությունը:
Շարունակում են աճել նաև դրամական փոխանցումները, որոնք դրական ազդեցություն ունեն ֆինանսական կայունության ապահովման վրա: Սակայն տրանսֆերտների կտրուկ անկման պարագայում, ըստ ԿԲ-ի աշխատակիցների դիտարկումների, հնարավոր է, որ որոշակիորեն աճի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող էական ազդեցություն թողնել երկրի ֆինանսական կայունության վրա: Մեր երկրի բանկային համակարգին չի կարող սպառնալ նաև ֆինանսական կայունության և վարկերի ծավալների նվազեցում գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության և ցրտահարության հետևանքով: ԿԲ ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի մեկնաբանմամբ` այդ հանգամանքը կարող է որոշակիորեն ազդել մասնավոր հատվածի վարկային ռիսկերի բարձրացման վրա, բայց ոչ ընդհանուր ֆինանսական համակարգի, քանի որ գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում բավական փոքր է:
Ֆինանսական հաստատություններում բավական մեծացել է վարկային ռիսկը, ինչը, սակայն, այլ երկրների համեմատ կառավարելի և ցածր մակարդակում է: Բանկային համակարգը բավական իրացվելի է և կապիտալացված շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար։ Նախորդ տարվա համեմատ` բանկային համակարգի վարկերի աճի տեմպը դանդաղել է, ինչի արդյունքում ավանդների առաջանցիկ միտումների պահպանման պայմաններում էապես ավելացել է բանկային համակարգի իրացվելիությունը։
Եթե մի քանի տարի առաջ, որպես ֆինանսական կառույց, էական տեղ էին զբաղեցնում առևտրային բանկերը, ապա դրանց տեսակարար կշիռը համեմատաբար նվազել է` տեղը զիջելով վարկային և այլ կազմակերպություններին:
Միջնորդության մակարդակի բարձրացման շարունակականությունն Անդրանիկ Գրիգորյանը վերագրում է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: 2013 թ. բանկային համակարգի վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 40 տոկոս, իսկ առհասարակ ֆինանսական համակարգում այն կգերազանցի 46 տոկոսը, ինչը, ըստ բանախոսի, վերջին տարիների համար բավական մեծ ձեռքբերում է:
Այն գործոնները, որոնք կարող են ազդել ՀՀ տնտեսության և ֆինանսական կայունության վրա, առաջվա պես արտաքին են, այսինքն` համաշխարհային գործընթացներն են: Համաշխարհային տնտեսական աճի վերականգնումն արագացել է միայն տարվա երկրորդ կեսին, որը հիմնականում պայմանավորված է եղել ԱՄՆ-ի դրական մակրոտնտեսական զարգացումներով: Տնտեսական աճի դանդաղելու միտումը շարունակել է պահպանվել զարգացող երկրներում` նպաստելով մի շարք բորսայական ապրանքատեսակների պահանջարկի և գների ցածր մակարդակի պահպանմանը: Թեպետ այդ երկրներում տնտեսական աճի խթանմանն ուղղված աշխատանքներ են տարվել, ՀՀ հիմնական առևտրային գործընկեր որոշ ԵՄ երկրներում և ՌԴ -ում տնտեսական աճը սպասվածից ավելի թույլ է եղել:
Մեր երկրի տնտեսական աճի տեմպի վրա բացասաբար են ազդել մի շարք գործոններ, մասնավորապես, միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների և գների համեմատաբար ցածր մակարդակը, արդյունաբերության ճյուղի ոչ բավարար աճը, շինարարության ճյուղի ցածր ծավալները:
Դանդաղել է նաև բանկային համակարգի վարկերի աճի տեմպը: Բանկերում ակտիվների շուրջ 60 տոկոսը կազմում են վարկերը, որոնք համեմատաբար աճել են թե՛ բացարձակ մեծությամբ, թե՛ ՀՆԱ-ի մեջ: Նույն արդյունքներն են ցույց տրվել նաև բանկային համակարգի տնտեսությունից ներգրավված ավանդների շրջանում: Վերջին տարիների ընթացքում դրանց տեսակարար կշիռը ևս աճել է, ինչը, մի կողմից, պայմանավորված է համակարգի նկատմամբ վստահության մեծացմամբ, մյուս կողմից` հաճախորդների սպասարկման հնարավորությունների և ունակությունների բարձրացմամբ:
Ինչպիսի՞ն է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը: ԱՊՀ երկրների համեմատ` Հայաստանի բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում բավական ցածր է, ինչը, ըստ ԿԲ ներկայացուցչի, ֆինանսական համակարգի կայունության արդյունք է: Ինչ վերաբերում է վարկերի ժամկետայնության կառուցվածքին, ապա այս առումով ևս միտումները գոհացնող են: Մինչև 1 տարով վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերի թվում էականորեն նվազել է: Մեծացել է երակարաժամկետ վարկավորումների ծավալը, որը ներառում է տարատեսակ վարկեր, այդ թվում` հիփոթեկային, բիզնես, սպառողական և այլն: Արձանագրվել է բանկային համակարգի շահութաբերության մակարդակի նվազում, ինչը մասամբ պայմանավորված է տոկոսային սպրեդի (վարկերի և տոկոսադրույքների տարբերություն) նվազմամբ: Այսինքն` վարկերի և ավանդների տոկոսադրույքների տարբերությունն էականորեն նվազել է:
Լ.Ն

Tags: ,