Բեռնար Շալանդը դեռևս ոչ մի անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս չի բերել խաղադաշտ, և վստահության որևէ երաշխիք չկա, որ նա այդ պաշտոնում կարող է հաջողության հասնել: Մտահոգվելու տեղիք է տալիս այն, որ նա նախկինում երբեք չի մարզել որևէ երկրի ազգային ընտրանի: Կասկածներն ավելի սաստկացան, երբ Շալանդի գլխավորությամբ Սկոպիե ուղևորվեց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը: Քանի որ նա նախկինում ղեկավարել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, ակնկալվում էր, որ փորձը կօգնի, մինչդեռ մերոնք խայտառակ մրցելույթներ ունեցան:
ՈւԵՖԱ-ի կազմակերպած զարգացման մրցաշարում Հայաստանի ֆուտբոլիստները 0:1. 0:3, 1:4 հաշիվներով պարտվեցին Վրաստանի, Մակեդոնիայի, Կիպրոսի իրենց հասակակիցներին: Մերոնցից միակ գնդակը մրցակցի դարպասը խփեց Էմիլ Ղուկասյանը: Ուրախանալու առիթ չկա, քանի որ Հայաստանի հավաքականը սեփական դարպասն ընդունել է 8 գնդակ, երեք խաղից երկուսում պարտվել խոշոր հաշիվներով:
Այդպիսի մրցելույթից հետո որևէ պարզաբանումն անիմաստ է:
Այս ընթացքում վերաձևվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, այն համապատասխանեցվել է շվեյցարացի մասնագետի պահանջներին:
Մարզիչը ցանկացել է, որ Հայաստանի հավաքականը մայիսի 21-ից ուսումնամարզական հավաք անցկացնի և նախապատրաստվի մայիսի 25-ին Երևանում և մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքում նախատեսված Իրաքի և Ալժիրի հավաքականների հետ ընկերական խաղերին: Նրա քմահաճույքով մայիսի վերջին նախատեսված Հայաստանի առաջնության եզրափակիչ երկու տուրերի խաղերն ավելի առաջ են բերվել:
Իսկ Հայաստանի առաջնությունում կասկածներն անհիմն չէին, որ մերձավոր հետապնդողից միավորների մեծ անջրպետով մրցաշարային աղյուսակը գլխավորող Երևանի «Արարատը» գուցեև չհռչակվի չեմպիոն: Արարատցիներն անտեղի միավորներ են կորցնում: Եվ կրկին շատ է խոսվում մրցավարների վրիպումների մասին:
Թե ի վերջո որ տեղում կհայտնվեն «Արարատը», որի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, նաև մեդալների համար պայքարող Երևանի «Բանանցը», Գյումրիի «Շիրակը», Երևանի «Միկան»` պարզ չէ:
Իսկ ահա, «Փյունիկն» այդ մրցավեճին խառնվել չի կարող, սակայն Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հանդես գալու հնարավորություն է ստացել և ոչ մի գնով բաց չի թողնի Կապանի «Գանձասարին» հաղթելու, գավաթակիր դառնալու ու Եվրոպայի լիգայի մրցաշարում հանդես գալու իրավունքը նվաճելու հնարավորությունը: Ի դեպ, կապանցիներն առաջին անգամ են խաղալու Հայաստանի առաջնության եզրափակչում:
Ի վերջո, վճռական այդ խաղը որոշվեց անցկացնել մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում, մայիսի 7-ին: Այն կսկսվի ժամը 19-ին:
