Մկրտիչ Սարգսյանի դասերը

մկրտիչ սարգսյանՄեկ տողով անգամ կարելի է մի ամբողջ կենսագրություն ներկայացնել: «Սարգսյան Մկրտիչ, 1924-2002, բանաստեղծ, արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ»: Սա երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի «Հայը» գրքի 476-րդ էջից է` կենսագրություն մեկ տողով: Մեկ տող, որ 78 տարիների պայքար է, հաղթանակ, վայելք, վայրէջք և ուրախություն, թախիծ ու կորով, բարություն ու սեր:

78 տարվա ճանապարհ: Առաջին լուսաբացը` Ախալքալաքում: Իր սերնդի նման հոգսաշատ մանկություն` միջնակարգ դպրոց, հետո պատերազմի բոցեր կամ, ինչպես ինքը պիտի գրեր, «Կյանքը կրակի տակ»:
Պատերազմի ավարտ, զինվորական լեզվով ասած` շարքից դուրս եկած աջ ձեռքով, առանց աշխատանքի: Դժվար էր, մշուշոտ: Հացի քարտի համար օրերով գնում էր շրջգործկոմ: Հետո եկան համեմատաբար տանելի օրեր: Փոխգնդապետ Մկրտիչ Սարգսյանն իր սովորած ու ավարտած դպրոցի զինղեկն էր: Եռանդուն աշխատանքի կարևորագույն մասը դարձավ ինքնագործունեության անսամբլի և հատկապես դրամատիկական թատերական խմբակի ստեղծումը: Միաժամանակ թղթակցում էր շրջանային թերթին: Գրում բանաստեղծություններ, ակնարկներ: Մի անգամ էլ ելույթ ունեցավ շրջանային ռադիոյով և ի թիվս այլ գործերի կարդաց Նաիրի Զարյանի «Ի՞նչու չես խոսում հայերեն» բանաստեղծությունը: Զգուշացվեց վերևներից, բայց հանդգնեց ու նրանց ներկայությամբ երկրորդ անգամ էլ այն արտասանեց հանդիսավոր նիստերից մեկի գեղարվեստական բաժնում: Այդ պահից կրթությունը շարունակելու սևեռուն տենչին գումարվեց հեղձուցիչ միջավայրից փախչելու որոշումը, և դիմեց Երևանի մանկավարժական ինստիտուտ ընդունվելու խնդրանքով:
Շարունակում եմ թերթել Մկրտիչ Սարգսյանի երկերի «Դեպի լյառն Աբուլ» Ժողովածուն: Գիրք-հուշարձան, որն ինձ է ընծայագրել է գրողի որդին` բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը: Նա է ժողովածուն պատրաստել հրատարակման: Գրքի էջերում Ջավախքի գունեղ աշխարհն է, նրա մարդկանց սիրտն ու հոգին արձակ և չափածո գործերում: Հուշերում, գրախոսականներում Ջավախքի գրական գործիչներն են: Վրացիներին և վրաց գրողներին առնչվող հոդվածներ էլ կան ժողովածուում: Նաև` երգիծանք, երգիծաբաններ: «Խաչված քաղաքը» վեպն է այստեղ, որի հերոսների զգալի մասը, հեղինակի բնորոշմամբ, իրական կերպարներ են: Վերջում Մկրտիչ Սարգսյանին հասցեագրված գնահատանք ու բնութագրեր են:
Թերթում եմ ու չեմ դիմանում գայթակղությանը ներկայացնելու Մկրտիչ Սարգսյանի դիմումը Երևանի մանկավարժական ինստիտուտի քննական հանձնաժողովի նախագահ Արշավիր Շավարշյանին. «Քանի որ տնից բերած իմ հացը գողացել են, խնդրում եմ ձեր թույլտվությունը բոլոր բանավոր առարկաները մեկ օրում հանձնելու համար: Հակառակ դեպքում քաղցը ինձ կփախցնի քննություններից: Մայրենի լեզվի գրավորից բարձր նիշ եմ ստացել: Չեմ կասկածում, որ մյուս առարկաները ևս կհանձնեմ հաջողությամբ: Խնդրում եմ օգնել»: Սարգսյանը դիմումի ներքևում ներկայացնում է նույն տեքստի չափածո տարբերակը: Պրոֆեսոր Շավարշյանը ընդունում է նրան, փոքր օգնություն տրամադրում և ապահովում քննությունների ընդունումը երկու օրում: Ցանկանալով իր անձնական արխիվում ունենալ այն` Շավարշյանը խնդրում է, որ Սարգսյանն ամբողջությամբ արտագրի դիմումը:
Ո՞վ գիտի այդ դիմումի մասին, ինչքան աչքեր են թրջվել, ինչքան հպարտություն է ծնվել, ինչքան ջահելներ են օրինակի դասեր առել: Անձամբ ես այդ մասին լսել եմ 1977 թ. գարնանը, երբ մանկավարժականում ուսանելու տարիներին սովորում էի նաև ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի «Կոմերիտական ակտիվի դպրոց» բաժնում:
Իմանալով, որ իրենից հետո մեզ մոտ դասախոսության է գալու ՀԳՄ քարտուղար Մկրտիչ Սարգսյանը` այդ մասին ինձ ասել է իմ հայրենակից, լուսահոգի Աշոտ Փարեմուզյանը` ինստիտուտի նախկին ռեկտոր, հանրապետության այդ ժամանակվա լուսավորության մինիստրի տեղակալ: Հետո իմանալով նաև դասախոսության թեման` «Գրական հերոսների կերպարների օգտագործումը երիտասարդության դաստիարակության գործում», նա մի քանի դրվագ ևս պատմեց Մկրտիչ Սարգսյանի կյանքի ճանապարհից, որ մեկ-երկու բառով կարելի է ձևակերպել որպես պատառիկներ գրողի բարությունից, ազնվությունից, ժպիտներից: Նա չմոռացավ նաև հորդորել, որ կարդամ նրա «Ճակատագրով դատապարտվածները»:
Եվ ահա գրողի դասը: Մի քանի րոպեում մեզ հասու դարձան գրողի տեսածն ու ապրածը: Նա իր հակիրճ խոսքում վիպական և քնարական պատկերները միահյուսում էր խոր փիլիսոփայությանը ու մեզ ներկայացնում անձնազոհի և հայրենասերի կերպարներ: Այսպես հասավ սերժանտ Կարոյին և տեղափոխվեց մյուս գրողների հերոսների աշխարհ` հասցնելով ունկնդիրներիս մինչև ռուսական գրական ակունքներ: Հենց այդ օրն էլ ձեռքս առա նրա «Տիրամոր պատկերի առջև» պատմվածաշարը, որպեսզի շարունակվի նրա անավարտ դասը: Հետո նա մեկ անգամ էլ այցելեց մեզ` ներկայացնելու հայ ժողովրդական ասացվածքների, առածների, ասույթների օգտագործումը գրավոր և բանավոր խոսքում: Այդ դասից էլ մեջս տպավորվել է մի տպավորիչ համեմատություն. «ժողովրդական ասացվածքները, առակները այնքան են հղկվել դարերի ընթացքում, որ պետք է ընդունվեն մաթեմատիկական աքսիոմաների նման: Դրանք արդեն ապացուցման կարիք չունեն, դրանք առավել քան ուղենիշներ են»: Հետո ընթերցողներիս համար սարգսյանական դասերը շարունակելու եկան երիտասարդների ինքնահաստատման, սերունդների միջև հակասությունների հանգույցները բացող, բարոյական բարձր արժեքները քարոզող նրա «Շահմարի առեղծվածը», «Դարավերջի հայը», «Քաջ նազար» երգիծական վեպը և այլ գործեր:
Նախորդ դարի 70-ական թվականներից մինչև իր կյանքի ավարտը Մկրտիչ Սարգսյանը հաճախ է հանգրվանել Վանաձոր քաղաքում` իր ստեղծագործական տանը: Այստեղ Աբուլի փոխարեն Բազումի լեռներն էին թիկունքում, Ջավախքի փոխարեն Լոռվա բնաշխարհն էր նրա ներշնչանքը, իսկ ինքը դարձել էր լոռեցի ստեղծագործողների ոգեկոչողն ու օրինակը: Նա սպասված հյուր էր ամենուր` քաղաքի կրթամշակութային օջախներում, աշխատավորական կոլեկտիվներում: Այսօր էլ նրա անունը կրող գրադարանում և այլ տեղերում սիրով են սպասում նրա որդիներին: Վահագն որդու կողմից նվիրված գրքերն այստեղ հարյուրյակներով են հաշվվում: Գրում եմ այս տողերը և ձեռքս մեկնում գրասեղանիս` մյուս որդու` Դավիթ Սարգսյանի «Երկվություն» աշխատությանը: Կրկին նայում եմ ընծայագրին ու հիշում հեռուստաէկրանից հնչած նրա խոսք- տագնապը . «Ավելի լավ է գրքերս ընթերցողին բաժանեմ, քան դնեմ օրեցօր սեղմվող ցանկով գրախանութներից մեկում և սպասեմ, որ օրերից մի օր այն վաճառվի մեկ շիշ անորակ օղու գնով»: Սա էլ դաս է, շարունակվող դաս առանց զանգի ու դասամիջոցի:
Ես Մկրտիչ Սարգսյանին երրորդ անգամ հանդիպել եմ նախորդ դարավերջին, գրողների միության բակում: Շտապում էր: Որպիսությունս հարցրեց ու միանգամից ձևակերպեց կյանքի մի ամբողջ բանաձև, որն ընդունեցի որպես հանձնարարական. «Մի՛ հուսահատվիր, պայքարիր ու հավատա վաղվա օրվան, հավատարիմ մնա ծննդավայրիդ ու մարդկանց: Հիշիր, որ կյանքը տրվում է մեկ անգամ, ու միշտ փորձիր գտածն արժևորել և կորցրածի հետևից չգնալ: Մի՛ մոռացիր, որ հայրենիքը մեծ ու փոքր չի լինում»: Հիմա հիշում եմ և ուզում եմ բարձրաձայնել ևս մեկ տաղանդավոր ջավախեցու` հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր, մեծարգո Հովհաննես Այվազյանի խոսք-գնահատանքը. «Ջավախք աշխարհն այդքան յուրահատուկ, այդքան բնական` ճշմարիտ նկարագրով ու բովանդակությամբ, ոչ մեկի գործերում այնպես ամբողջական չէ, որքան Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործություններում»:
Ըստ իս, դաստիարակության անփոխարինելի արժեք է պարունակում նաև Մկրտիչ Սարգսյանի կողմից հանրության դատին հանձնված հոր «Կտակը» իր անզուգական արձագանքով. «Ես կատարեցի քո կտակի առաջին մասը, հայրի՛կ. ամուսնացա թունդ սիրահարված, ավա՜ղ, չկատարեցի երկրորդ մասը. ների՛ր ինձ, ների՛ր»: Նրա սիրո խոստովանությունները նաև Դեբեդն է պահում առ այսօր` սերունդներին շշնջալով նրա սիրո խոսքերը, որ հնչել են Ալավերդու Սպանդարյանի անվան դպրոցի այն ժամանակվա ուսուցչուհի Ելենա Դավթյանի ականջին: Ինչ վերաբերում է կտակի երկրորդ մասին` չընդունվել կոմունիստական կուսակցության շարքերը, հավատացած ենք, որ դա լավ բանի չէր տանի: Մենք Մկրտիչ Սարգսյանին չէինք տեսնի ո՛չ ՀԿԿ կենտկոմի ապարատում, ո՛չ «Գրական թերթի» խմբագրի, «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագրի պաշտոններում, ո՛չ էլ Հայաստանի գրողների միության քարտուղարի, հետո էլ Գրողների միության նախագահի խորհրդականի կարգավիճակներում: Եվ որքան ինքը կկորցներ, բազմակի ավելի կկորցնեին ժամանակակիցները, քանզի, ինչպես հավաստում են լոռեցի արձակագիր Ֆելիքս Շաքարյանը և ուրիշներ, «Մկրտիչ Սարգսյանի մեծագույն արժեքը նրա բարությունն էր, մեծ մարդ լինելը, ստեղծագործողների կողքին կանգնելը, նրանց համար ճանապարհ բացելը»:
Մկրտիչ Սարգսյանն այս տարվա մայիսի 2-ին կդառնար 90 տարեկան: Բայց ապրեց 78 տարի: Ժամանակը նրան պարտք մնաց: Բայց ժամանակը` այդ ամենազոր և ամենաարդար դատավորը, երկար պարտք չի մնում: Նվիրյալներին տեղավորում է վերևներում` հավերժի հարթությունում: Իսկ մեզ` ապրողներիս պատվիրում, որ նրանց վերևում փնտրենք:
Ժամանակը նաև պարտավորեցնում է դասեր առնել մեծերից ու ցրել մոռացումի մշուշը: Մկրտիչ Սարգսյանի հոբելյանն արժանի է համազգային ուշադրության: Հավատում եմ, որ կլինեն տարաբնույթ հանդիսություններ, անվանակոչություններ, հրապարակումներ, կսահմանվեն կրթաթոշակներ, գրական մրցանակներ:
Այդ ամենը նաև` երախտապարտ լոռեցիներիս նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Tags: , , ,