Կիրլյան էֆեկտ կամ ինչ է կիրլյանագիրը

կիրլյանՍեմյոն Դավիդովիչ Կիրլյանը (1898-1978) սովետական ֆիզիոթերապևտ, գյուտարար ու հետազոտող է: Իր կնոջ` Վալենտինա Խրիսանֆովնայի հետ մշակել է տարբեր բնույթի օբյեկտների լուսանկարահանման նոր` գազապարպման մեթոդը, որը հնարավորություն է տալիս տեսնելու, հետևելու ատոմների կամ մոլեկուլների լուսարձակումը: Ներկայումս այդ մեթոդը լուսանկարչության նոր տեսակի հիմքն է դարձել, որն ընդունված է անվանել գազապարպման եղանակով լուսանկարչություն, իսկ միջոցը` «Կիրլյանի մեթոդով գազապարպմամբ լուսանկարում», կրճատ` «կիրլյանագրաֆիա» կամ պարզապես «կիրլյան էֆեկտ»:

Կենսագրությունը
Սեմյոն Դավիդովիչ Կիրլիանը կամ Կիրլյանը ծնվել է 1898 թ. փետրվարի 20-ին Եկատերինոդարում` հայ բազմազավակ ընտանիքում: Մայրը Եվա Կիրլյանն էր (օրիորդական ազգանունը` Նազարովա), հայրը` Դավիդ Կիրլյանը: Ընտանիքում 9 երեխա կար: Կրտսեր եղբայրը` Միխայիլը, ջութակահար է, պրոֆեսոր, Կրասնոդարի երաժշտական դպրոցի տնօրեն:
Կրթություն ստանալու հնարավորություն չունենալով` Սեմյոնը ստիպված էր վաղ տարիքից աշխատել կառավարիչ, դեկորատոր, դաշնամուր լարող, սակայն ամենից շատ նրան գրավում էր էլեկտրամեխանիկի մասնագիտությունը:
1923-ին նա ամուսնանում է հոգևորականի դստեր` Վալենտինա Խրիսանֆովնա Լոտոցկայայի հետ, որը լրագրող էր, դասատու: Նա ամուսնու հավատարիմ ընկերն ու օգնականը դարձավ:
Կիրլյանն աչքի էր ընկնում անսովոր աշխատունակությամբ, կարդում ու վերընթերցում էր գիտական ու կիրառական հարցերի վերաբերյալ մեծ քանակությամբ գրականություն, որոնք հետաքրքրում էին իրեն: Ապրում էր իր աշխատանքով ու փորձեր կատարում գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում` ամեն ինչ վերլուծելով ու չընդունելով դրանք որպես դոգմա:
Կիրլյանը մի շարք օգտակար գյուտերի հեղինակ է: Օրինակ` քաղաքային տպարանն օգտագործում էր նրա պատրաստած էլեկտրավառարանը շարվածքի ձուլվածք ստանալու համար, իսկ ալրաղաց գործարանում հացահատիկը մաքրող մագնիսական սարքավորում էր ստեղծել: Շատ հեռանկարային էր մթերքների պահածոյացման արտադրությունում ջերմամշակման սարքավորում ստեղծելու գաղափարը:
1939-ին Կիրլյանն ընդունվեց քաղաքային հիվանդանոց որպես էլեկտրասարքեր նորոգող վարպետ: Նորոգելով խափանված ֆիզիոթերապևտիկ սարքը, որում բարձր հաճախականություն էր գործի դրվում, նա ուշադրություն դարձրեց էլեկտրոդների միջև առաջացած տարօրինակ վարդագույն լուսավորմանը: Կիրլյանը որոշեց ֆոտոժապավենի վրա գրանցել այդ լուսարձակումը: Առաջին առարկան, որ «լուսանկարվել» է այդ մեթոդով, մետաղադրամն էր: Գյուտարարը դրամին միացրեց մի էլեկտրոդը, վրայից դրեց ժապավենն ու ծածկեց երկրորդ էլեկտրոդով, ապա միացրեց բարձր հաճախականությամբ հոսանքը: Պատկերի վրա տեսավ, թե ինչպես է դրամի եզրերից պարպում կատարվում: Կիրլյանը սկսեց տարբեր իրեր տեղադրել այդ դաշտում` առանց լուսանկարչական սարքի լուսանկարելով նաև ծառերի ու սեփական ձեռքերի անսովոր լուսարձակումը: Իր ուսումնասիրությունների հիման վրա նա մի օրինաչափություն նկատեց. բարձր հաճախականության դաշտում հայտնված յուրաքանչյուր կենդանի օբյեկտի լուսարձակման պատկերը կախված է լուսանկարվող օբյեկտի վիճակից: Օրինակ` մի պատկեր էր ստացվում, երբ տերևը նոր էր պոկած լինում ծառից, ու մեկ այլ պատկեր էր ստացվում, ասենք, մեկ ժամ հետո: Էականորեն տարբեր էին առողջ մարդու ու հիվանդ կամ պարզապես հոգնած մարդու ձեռքի լուսարձակումները: Ուսումնասիրության ընթացքում գիտնական ամուսինները հայտնաբերեցին մեկ այլ հետաքրքրական փաստ. պարպման գործընթացը կախված է ոչ միայն օբյեկտի առողջական, այլև զգայական վճակից:
1949-ին նրանց հաջողվեց արտոնագրել իրենց բազմամյա ջանքերի պտուղը` «Կիրլյան» սարքը, որը Գյուտերի ու հայտնագործությունների պետկոմիտեում արտոնագրվեց և իսկույն էլ գաղտնագրվեց: Կիրլյան ամուսինների մշակումները պաշտպանված են հեղինակային 21 իրավունքով:
Նրանք բազմիցս են արտասահմանյան լաբորատորիաներում, ինստիտուտներում աշխատելու Kirlian photograph of two apple halvesհրավերներ ստացել, բայց քանի որ նրանց ելքի անցագիր տալն արգելված էր, գիտնական ամուսինները սահմանափակվում էին գործնական նամակագրությամբ: Արխիվներում պահպանվել են նամակներ աշխարհի 130 քաղաքներից:
Պետական հիմնարկներից ոչ մի աջակցություն և գյուտերի համար որևէ վարձատրություն չստանալով անգամ` նրանք աշխատում էին` չխնայելով իրենց ու փորձեր կատարում, ինչպես Ս. Կիրլյանն է գրել, «ավելի խորը թափանցելու այդ ածանոթ աշխարհը` հանուն Երկրի ու մարդկության բարօրության»:
Գյուտարար ամուսինների չքավորության մասին են վկայում օրագրերում արված բազմաթիվ գրառումներ: Ահա դրանցից մեկը:
Հանրապետական նշանակության անհատական թոշակի որոշման մերժումից հետո Վալենտինա Կիրլյանը 1968-ի մարտի 7-ին գրում է.«Եվ այսպես, հանրապետական թոշակի հույսը տապալվեց: Մերժում: Կնշանակի կրկին կարիք: Կրկին առանց շալվարի, կոստյումի ու վերնաշապիկի: Մինչդեռ ամեն ինչ արդեն մաշվել է: Թավշե բաճկոնի թևքերն արդեն քրքրվել են, կարճացել կարկատաններից: Մոխրագույն միակ շալվարը, հետքերից ու ժամանակից մաշված, ամոթ է անգամ վերարկուի տակից հագնելը: Իսկ շուռ տված վերարկուն, որ արդեն խունացել է արևից, քամուց ու անձրևից, անորոշ գույնի է դարձել: Ոչինչ, բայց Սենան արդեն 8-րդ տասնամյակն է ոտք դրել, պետք է, չէ՞, մի կարգին շոր լինի, չէ՞ որ հարգարժան մարդիկ են նրա մոտ խորհրդի գալիս: Իսկ ես… ես չունեմ գոնե մի, մի այնպիսի շոր, որ չամաչեմ, ամբողջը հնոտիք է: Նորը կարելու կամ գնելու դրամ չկա: Աղետ է: Լույսի ոչ մի շող: Իսկ փորձերը դադարեցնելը կամ չանելն անհնար է: Կյանքը կարճ է, քիչ է մնացել, այնքան քիչ: Իսկ գաղափարները` անհատնում: Պետք է շտապել ու հայտ ներկայացնել: Եթե ուշացնենք, մեզ հետ գերեզման կտանենք: Չնայած դա քչերին է հետաքրքրում: Մեզ բալաստի պես դուրս են գցել, պետության մեջ չկա մի կազմակերպություն, որ մեզ փոխարինի, վերցնի իր վրա բևեռայնացման ու ներդրման նոր սարքավորման մշակումն ու մեթոդիկայի կատարելագործումը: Առաքելությունը, հույսը կտրվեց: Մենք մինչև մահ չենք կարող դուրս գալ այդ նյութական նեղությունից: Անթափանց լույս է: Անհուսություն»:
Իսկ մի օր անց նույն օրագրի էջերում կրկին ստեղծագործական պլանների ոգեշնչված նկարագրություններ են:
1957-ին լույս տեսավ Կիրլյանի` «Պարպումների հրաշալի աշխարհում» գրքույկը, որը գիտական աշխարհում իսկական ցնցում էր:
Այդ գյուտի առիթով բարձրացած ալիքը տարածվեց մամուլում: Այն ժամանակ` 60-ականների կեսերին, այդ գյուտն ասես կոչված էր հաստատելու «սոցիալիստական շինարարության հաջողությունները»: Չնայած այդ աշխուժությանը` ամուսինները հաճախ էին իրենց անպետք ու անօգնական զգում: Ահա մի գրառում` արված 1966-ին Կիրլյանի օրագրում. «17 տարվա ընթացքում պաշտոնական նամակագրություն կա նախարարությունների, կոմիտեների, գիտահետազոտական ինստիտուտների միջև` մեր մեթոդիկայի մշակման համար հատուկ լաբորատորիա ստղծելու համար: Սակայն մինչ օրս, 1949-ից սկսած, այդ լաբորատորիայի հարցը մնում է օդում կախված վիճակում ու ոչ ոք չի փորձում ղեկավարել այն, մինչդեռ Ֆրանսիայում (մենք պատահական իմացանք) արդեն մեթոդը մշակվել է, ու կենսաբաններն այն գործնականում կիրառում են: Հետաքրքիր է` սրանից օգուտ երբևէ կլինի՞, թե՞ ոչ, այն արդեն մեր շնչին է նստած»:
Մի անգամ մի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները Կիրլյան ամուսիններին երկու արտաքուստ միանման տերև բերեցին: Ամուսինները տերևները տեղադրեցին բարձր լարվածության դաշտում ու, ի զարմանս շատերի, ստացան տարբեր պատկերներ: Աշխատակիցները խոստովանեցին, որ մի տերևը վերցված է հիվանդ բույսից: Իսկ հետո հանգեցին այն եզրակացության, որ նոր մեթոդով կարելի է հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերել և ոչ միայն բույսերի, այլև մարդու մոտ, կարելի է վաղ ախտորոշում անել, օբյեկտիվ գնահատել քիմիական դեղամիջոցների թերապևտիկ ազդեցությունը:
1971-ին ծանր հիվանդությունից հետո վախճանվեց կինը` Վալենտինա Խրիսանֆովնան: Եվ չնայած այդ ծանր կորստին ու վատառողջությանը` Կիրլյանը շարունակեց իր կյանքի գործը` աշխատելով ավարտել սկսած հետազոտությունները: Եվ միայն 1974-ին նա արժանացավ ՌՍՖՍՀ վաստակավոր գյուտարարի կոչման: Կյանքի վերջին տարիներին Կիրլյանին Կրասնոդարի «Սատուրն» գիտաարտադրական ընկերության հատուկ լաբորատորիայի վարիչի պաշտոն տվեցին:
Կիրլյանը վախճանվեց 1978 թ. ապրիլի 4-ին:
Կրասնոդարում` Ստավորոպոլսկայա փողոցում, Կիրլյան ամուսիններին նվիրված հուշատախտակ է տեղադրվել, իսկ Դինսկոյ ավանում թանգարան կա:

Կիրլյանի շարադրանքից
«Մտահղացումն իրականացնելու համար նոր գիտելիքներ էին պահանջվում: Հարկ եղավ ուսումնասիրել էլեկտրոնային օպտիկան, ծանոթանալ օպտիկական լուսանկարչությանը, գծապատկեր գծապատկերի հետևից կազմել: Ցավոք, առաջին փորձերը ոչ թե «աստղաբույլ» էին, այլ մատների կմախք: Ես անգամ մտածեցի` գուցե «ռենտգեն» պատկեր է ստացվել: Սակայն փորձերը շարունակվեցին: Դեպի «աստղեր» տանող ճանապարհն անցնում էր փշերի, այրվածքների, հուսահատության ու անկանխատեսելի արդյունքների միջով: Դա ձերդ գերազանցություն Պատահականությունը չէր, այլ երկար ու համառ աշխատանքի արդյունք: Անծանոթ աշխարհ ներթափանցելու տքնանք, ուր մարդու առողջության ու երկարակեցության թանկագին բանաձևերն են թաղված»:
Կիրլյանի օրագրից
«Մարդու մաշկի մեջ յուրօրինակ կենսամեխանիզմներ են կան, որոնք կատարում են բարդ ֆունկցիաներ ներքին օրգանների հետ կապված նյարդային համակարգի միջոցով: Կարծում ենք, որ նորմալ ու հիվանդագին վիճակի մաշկածածկույթի էլեկտրական վիճակի պատկերների համեմատական աղյուսակ ունենալու դեպքում մեր մեթոդը կարելի է ախտորոշման նպատակով կիրառել բժշկության ու անասնաբուծության մեջ»:
Հետագայում Կիրլյանի էֆեկտը կիրառություն գտավ հոգեկան հիվանդությունների ախտորոշման, դեղորայքի արդյունավետությունը պարզելու, օպերատորների հոգնածությունը, մարզիկների գերբեռնվածությունը հայտնաբերելու, գյուղատնտեսության մեջ շատ սերմերի ծլունակությունը որոշելու համար: Այն կիրառվում է նաև մեքենաշինության մեջ մետաղում առկա արատը հայտնաբերելու նպատակով, քրեագիտության, պարահոգեբանության, պաշտպանական արդյունաբերության ու այլ բնագավառներում:
Սեմյոն Կիրլյանի մահից հետո Կրասնոդարի երկրագիտական թանգարանում Կիրլյանի ուշագրավ ժառանգությունը պահ տալու համար տեղ չգտնվեց, նրա գործը շարունակող չկա: Եվ միայն շատ փաստաթղթեր ու գրառումներ հաջողվել է պահպանել Ելենա Կորոբովայի էնտուզիազմի շնորհիվ:

Անկախ

Tags: ,