Սևանը՝ փրկագին…

ՍևանՍևանա լճից օրենքով նախատեսված տարեկան 170 մլն խմ-ի փոխարեն 240 մլն խմ ջրի բացթողումը 5 տարի ժամկետով Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ամենաբուռն քննարկվող հարցերից մեկն էր, եթե ոչ ամենավիճահարույցը: Բանը հասավ նրան, որ կառավարությունն անգամ զիջումների գնաց, և նախագիծն ընդունվեց ոչ թե հինգ տարի ժամկետով, այլ` մեկ:

Խնդիրն այն է, որ Արարատյան դաշտավայրում ձկնային տնտեսությունների կողմից խորքային հորերի բացման և ջրային ավազանի անխնա ու անկառավարելի օգտագործման հետևանքով այսօր արտեզյան ավազանի ջուրը գրեթե ցամաքել է, և հսկայական տարածքներ մնացել են առանց ոռոգման ու խմելու ջրի: Եվ այդ խնդիրը լուծելու միակ տարբերակը կրկին մնում է Սևանը, որը միշտ էլ օրհասական պահերին օգնության է հասնում ժողովրդին:

Սևանից տարեկան 70 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագծի ամենաթունդ քննադատողներից մեկը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էր, որն իր ելույթում նաև սենսացիոն հայտարարություններ արեց: Ըստ պատգամավորի, ոռոգման խնդրից բացի, ջրի բաղթողումը նաև այլ խնդիրներ է լուծում, հատկապես հարուստների` Սևանի ափին գտնվող օբյեկտների, ամառանոցների ջրի տակ անցնելու վտանգը և էլեկտրական հոսանքի արտադրությամբ միլիոնավոր դոլարների ստացումը:
Մեզ հետ զրույցում պատգամավորն իր «համեստ» հաշվարկներն արեց. այս ջրի բացթողնման արդյունքում տարեկան 10 մլն դոլար արժեցող լրացուցիչ էլեկտրաներգիա կարտադրվի:

Ի դեպ, նման մի հաշվարկ էլ արել է «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իբր ջրի բացթողնման իրական պատճառը 50 մլն դոլար արտասահմանյան վարկն է, որի տևողությունը 5 տարի է՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան կառավարությունն ուզում է Սևանից հավելյալ ջուր բաց թողնել: «Հինգ տարվա ընթացքում, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, հավելյալ բաց թողնված ջրով արտադրվելու է 50 մլն դոլարի էլեկտրաէներգիա, որով էլ պիտի փակվի այս վարկը: Իսկ թե 50 մլն վարկային միջոցների ճակատագիրն ինչ է լինելու` բոլորիս էլ հայտնի է»,- գրել էր նա:

Որոշ բնապահպաններ էլ պնդում են, որ հենց հիմա էլ Սևանից բաց է թողնվում օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից էլ ավելի ջուր՝ մոտ 450-500 մլն խմ, և դա տեղի է ունենում օրենքի մեկ այլ խախտումով. ջուրը բաց է թողնվում օրենքով նախատեսված հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածից ավելի շուտ, որպեսզի այդ մեծ թիվը չերևա:

Բնապահպանները մի երևույթի մասին էլ են բարձրաձայնում, որը, ըստ Մանուկյանի, սկանդալ է, եթե հաստատվի. Սևան մտնող Արփայի ջուրը չի հաշվարկվում մուտքի ժամանակ: «Դա ջուր է, որը չի երևում և որը փող է դառնում»,- ասում է պատգամավորը:

Արամ Մանուկյան (1)Նա նաև հայտարարում է, որ կառավարությունը նպատակային ձևով վերջին 3-4 տարվա ընթացքում դադարեցրել է Սևանա լճի մակարդակի բարձրացումը, որպեսզի հարակից տարածքների հարուստ օբյեկտները ջրի տակ չանցնեն. պետական ծրագրով նախատեսված է ջրի մակարդակը բարձրացնել մինչև 6 մետր, սակայն այսօր այն դեռևս 3,9 մետրով է բարձրացել:

Պատգամավորը կարծում է, որ այս ամենը վերահսկող չկա, և Սևանի հետ վարվում են այնպես, ինչպես որոշ պաշտոնյաների անձնական շահն է թելադրում:

Նա մի խնդրի վրա էլ է ուշադրություն հրավիրում, որը բարձրաձայնում են նաև բնապահպանները: Արարատյան դաշտավայրի ջրային ավազանի վնասման հետևանքով հողի տակ սնամեջ տարածքներ են առաջացել, ինչը կարող է հանգեցնել բնական աղետների՝ նստվածքների, երկրաշարժերի և այլն:

Պատգամավորի բարձրաձայնած խնդիրներից թերևս այս մեկի հետ համամիտ է «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը. իսկապես Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներն օգտագործվել են չափազանց սխալ ձևով:

Ինչ վերաբերում է լճից էլեկտրաԷներգիա ստանալու նպատակով ջրի բացթողնմանը, մասնավոր անձանց տարածքները ջրի տակ անցնելու խնդրին կամ գաղտնի ձևով նախատեսվածից ավելի ջուր բաց թողնելուն, Ջավադյանն այս ամենին իր հակափաստարկներն է ներկայացնում: «Սևանա լիճը հսկվում է մի քանի կառույցի կողմից՝ բնապահպանության նախարարության, ՀայպետՀիդրոմետ ծառայության, Ջրպետկոմի, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի և այլն: Հնարավոր չէ որևէ լիտր ջուր ավելի հանել, որ ոչ ոք չիմանա: Այդ ամենը հսկվում է ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան: Ոչ էլ կարող են չորս-հինգ կառույցներ միանալ իրար ու գողություն անել: Դա հիմարություն է, թող ներեն ինձ, իհարկե»:

Այն մտահոգությանը, թե ինչու է այս տարի ջրառն իրականացվել նախատեսված ժամկետից շուտ, Ջավադյանը պարզաբանում է. «Այս տարի խիստ ջրասակավ տարի է, այդ պատճառով էլ ջուրը բաց ենք թողել ապրիլի վերջին, և այսօրվա դրությամբ 18 մլն 600 խմ ջուր արդեն բաց է թողնվել: Եթե անցյալ տարի մայիսին, օրինակ, Հրազդան գետում կար մոտ 33 մլն խմ ջուր, այս տարի՝ մոտ 13 մլն խմ է: Լիքն էր Ազատի ջրամբարը, կիսով չափ լցված էր Յուրի ՋավադյանԱպարանի ջրամբարը: Անցյալ տարի ամբողջ մայիս ամիսն անձրևային էր, դրա համար էլ ջրառը տեղի է ունեցել ժամանակին՝ հունիս ամսին»:

Ընդդիմադիր պատգամավորի և որոշ բնապահպանների դիտարկումը, թե Սևան մտնող Արփայի ջուրը չի վերահսկվում, Ջավադյանը նույնպես հերքում է՝ ասելով, որ մի քանի չափման սարքեր կան տեղադրված, իսկ վերջինը, դեպի Սևանա լիճ իջնող հատվածում, արբանյակային ծրագրով վերահսկվում է նաև ամերիկացիների կողմից:

Իսկ թե ինչու է վերջին տարիներին կասեցվել ջրի մակարդակի բարձրացման գործընթացը, բացատրում է. « Սևանը 6 մետր բարձրացման պետք է հասնի մինչև 2029 թվականը: Այսօրվա վիճակը դեռ մի բան էլ ավելին է, մենք հիմա առաջընթաց բարձրացում ունենք և՛ բնության գործոնով պայմանավորված, և՛ մեր խիստ վերահսկողության շնորհիվ, և արդյունքում հասել ենք 2019 թ. մակարդակին»:

Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների խնդրի մասին խոսելիս «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրենն ավելի կոշտ քննադատություն է հնչեցնում ՝ փաստելով, որ դաշտավայրի ջրերի սխալ կառավարման պատճառով 31 համայնքներ զրկվել են խմելու և ոռոգման ջրից, իսկ այսօր արդեն մեծ ռիսկեր կան ատոմակայանի հետ կապված, քանի որ հովացման համակարգի պոմպերը չեն աշխատում ջուր չլինելու պատճառով: «Այժմ միջոցառումներ են ընթանում այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- ասում է Ջավադյանը, որը հենց նոր էր վերադարձել Մեծամորի ատոմակայանից:

Նա նաև հիշեցնում է, որ Հանրային խորհուրդն իր ստեղծման օրվանից ի վեր՝ հինգ տարի շարունակ, բարձրացրել է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգի հարցը՝ հասցնելով այն նաև կառավարության ղեկավարին ու երկրի նախագահին: Եվ միայն վերջերս նախորդ կառավարությունը որոշեց ընթացք տալ այդ խնդրին և կասեցնել ձկնաբուծության նպատակով ջրի անարդյունավետ ու ապօրինի օգտագործման գործընթացը, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հանրային խորհրդին այդ հարցը հետևողականորեն բարձրացնելու համար: «Ոչ միայն ասել ենք, այլև մեկ տարի շարունակ ուսումնասիրել ենք խնդիրը, ծրագիր կազմել, ներկայացրել կառավարություն, որն էլ դրա հիման վրա սկսել է համապատասխան քայլեր ձեռնարկել»:

Ինչ վերաբերում է իրավիճակը շտկելու հնարավորություններին, ապա Ջավադյանի խոսքով՝ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ բոլոր ձկնային տնտեսություններն անցնեն կիսափակ համակարգի. «Այսինքն` ընդերքից հանեն 30 տոկոս ջուր, և հանածի 70 տոկոսը պտտացնեն»:

Նշենք, որ կառավարության սկսած միջոցառումներից հետո 77 ձկնային տնտեսություն արդեն վերացել է՝ չկարողանալով բավարարել անհրաժեշտ չափանիշները: «Պետք է ծախսեր, ներդրումներ անեն: Ավելի գրագետ շահագործելով՝ կարող են շահույթ ստանալ, ճիշտ է՝ վերադարձը կարող է մի փոքր ուշ լինել, բայց կլինի: Իսկ էս վիճակում, պարզ է, գերշահույթներ էլ կստանան»:

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է հասնել նրան, որ արտեզյան ջրային ավազանից վայրկյանում 22.7 խմ հանվի ոռոգման և խմելու ջրերի համար, իսկ 12 խմ՝ բոլոր ձկնային տնտեսությունների: Այժմ ձկնային տնտեսություններն օգտագործում են մոտ երեք անգամ ավելի ջուր՝ 30 խմ վայրկյանում: «Երբ որ կառավարությունը հասնի դրան, այդ օրվանից սկսած` 4-5 տարի հետո մենք կունենանք ջրերի բարձրացում, և արտեզյան ավազանը կսկսի վերականգնվել: Ինչքան ուշացնենք այդ գործընթացը, ամեն տարի 10 տոկոսով վիճակն ավելի կվատանա»:

Բնապահպանների այն պնդմանը, որ արտեզյան ջրային ավազանի սխալ օգտագործման հետևանքով հողի տակ առաջացել են սնամեջ տարածքներ, որոնք կարող են բնական աղետների պատճառ դառնալ, Ջավադյանը հակադարձում է՝ ասելով, որ մտահոգվելու լուրջ պատճառ չկա, քանի որ դրանք ոչ թե սնամեջ ավազաններ են, այլ ընդամենը ճեղքեր:

Միաժամանակ ինքն էլ է փաստում, որ այն շրջաններում, որտեղ գրունտային հողերն իջել են, տների կրող պատերը սկսել են ճաքել, և այժմ քաղաքաշինության ու արտակարգ իրավիճակների նախարարությունները համապատասխան ուսումնասիրություններ են իրականացնում տեղանքում: «Խոսքը շուրջ 20 000 հեկտարի մասին է, հիմնականում` Մասիս քաղաքը` իր գյուղերով: Եվ եթե ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկվեն, լուրջ հետևանքներ տեղի չեն ունենա»:

Այս խնդիրների տրցակը, իհարկե, ծառացած չէր լինի մեր իշխանությունների ու ժողովրդի առջև, և Սևանն էլ ստիպված չէր լինի փրկագին վճարել, եթե ժամանակին բարձրացված խնդիրներին երկրի ղեկավարությունն օպերատիվորեն արձագանքած լիներ: Բայց քանի որ մեր երկրում ամեն ինչ փոխկապակցված է, այդ թվում նաև ձկնային տնտեսություններն ու իշխանական որոշ շրջանակներ, օլիգարխ-իշխանավորներին չդիպչելու արատովոր երևույթի պատճառով դանակը հասավ ոսկորին: Հիմա պետք է փրկել գոնե այս իրավիճակը, իսկ մեղավորներին պատժել խստագույնս:

Գլխավոր դատախազությունն արդեն մի քանի ամիս է՝ քննում է գործը: Մնում է, որ այստեղ էլ չբախվեն օլիգարխաիշխանական շահերը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Tags: , , , ,