Զարմանալին հայկական լողում

լողՀայաստանի որևէ մարզադպրոցում լողի խմբեր չկան, այդուհանդերձ, ոչ միայն այդ մարզաձևի մեր երկրի առաջնություններ են անցկացվում, այլև ուշագրավ արդյունքներ են արձանագրվում: Մասնավորապես, օրերս Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում կայացած մեր երկրի առաջնությունում Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա լրացվեց, 27 անգամ գերազանցվեց սպորտի վարպետի, 7 տասնյակ անգամ` առաջին կարգայինի նորման, թարմացվեց Հայաստանի 4 ռեկորդ: Ստուգատեսից ստացած տպավորությունները հայտնեց Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբւոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Սաֆարյանը:

- 14 թիմի 120 մարզիկ-մարզուհի էին կարողությունները փորձում: Վերջին տարիներին մեր երկրի առաջնություններում այդ առումով նման ցուցանիշ չէինք ունեցել: Ռեկորդներն էլ` զարմացնում են:

- Խորհրդային տարիներին լողի տարբեր մրցաձևերի համար նույնպես սահմանված էր ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմա: Ներկայումս Հայաստանի սպորտի վարպետի նորման գերազանցում է այն ժամանակվա արդյունքը:
- Հայաստանի սպորտի վարպետի նորման չի տարբերվում ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմայից, անգամ ավելի բարձր է, բայց Ռուսաստանի սպորտի վարպետի նորմայից մի փոքր ցածր է, ասենք 1,5-2 վայրկյանով: Հայաստանի լողի ֆեդերացիան է կազմում նորմատիվները և հաստատման ներկայացնում է մեր երկրի սպորտի նախարարություն:

- Միջազգային կարգի սպորտի վարպետի նորման լրացրած լողորդի արդյունքը օրինաչափ է, այն սպասելի՞ էր:
- 18-ամյա Վահան Մխիթարյանը 2013-ին կայացած աշխարհի պատանիների և մեծահասակների առաջնություններում բարձր ադյունքներ էր ցույց տվել` երկու անգամ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի մասնակցելու վարկանիշն էր լրացրել: Այդ ստուգատեսները կայացել են Դուբայում և Բարսելոնում: Լողորդը, որն այս տարի ավարտելու է դպրոցը, 50 մ ազատ ոճով լողում լրացրեց Հայաստանի միջազգային կարգի վարպետի նորման, նաև մեր երկրի ռեկորդ սահմանեց: Ի դեպ, պատանեկան առաջին օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ուներ, և երկուսն էլ հրավերով էին, հանդես էին գալիս «սպիտակ քարտով»: Այս անգամ էլ հնարավոր է` մեկ լողորդուհու մասնակցելու հրավեր ուղարկվի: Մինչև հունիսի 15-ն ամեն ինչ պարզ կդառնա: Թե ով պետք գործուղվի` կորոշի Հայաստանի լողի ֆեդերացիան: Այդ պատվին հավակնում է Տաթև Բադանյանը: Չինաստանում պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի ծրագրով լողի մրցումները կմեկնարկեն օգոստոսի 15-ին:

- Ինչո՞ւ Հայաստանի առաջնությունում թիմային հաշվարկ չի կատարվում:
- Թիմեր մասնակցում են, սակայն հաշվարկ չկա: Թիմերի կազմերում 12 և ավելի մարզիկ էր հանդես գալիս, սակայն մեր ունեցած պայմաններում հնարավոր չէ, որ որևէ թիմ ամբողջական կազմ ունենա: Դրա համար անհրաժեշտ է մինչև հիսուն մարզիկ-մարզուհի մեկնարկի դուրս բերել:

- Մասնակից թիմերի աշխարհագրությունը բավարարո՞ւմ է:
- 12 թիմ Երևանից էր: Հանդես էին գալիս նաև Գյումրիի, Վանաձորի ներկայացուցիչները:
- Հանելուկ է մնում, որ մարզադպրոցներում լողի խմբեր չկան, սակայն հուսադրող արդյունքներ ու առաջընթաց նշմարվում են: Լողի կենտրոններում վճարո՞ւմ են, որ պարապողները նաև վարպետության դասեր առնեն:
- Տարբեր լողավազաններում դրվածքը տարբեր է: Ամեն կենտրոն, մարզական ակումբ ունի իր հավաքականը: Եվ հավաքականի անդամներին թույլատրվում է, որ անվճար մարզվեն: Հայաստանի հավաքականի տարբեր տարիքի շուրջ երկու տասնյակ մարզիկ-մարզուհիներ նույնպես անվճար են պարապում: Նրանք առավոտյան մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, իսկ երկրորդ պարապմունքն անցկացնում են իրենց ակումբներում:

- Ընթացիկ մրցաշրջանում պատասխանատու ի՞նչ փորձություններ են սպասում մեր լողորդներին:
- Հայաստանի երկու լողորդ կմասնակցի Եվրոպայի մեծահասակների, մեկ մարզիկ`պատանեկան առաջնությանը: Հուլիսի 7-12-ը Հոլանդիայի Դորտրեխտ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունում կարողություններն է փորձելու Վահան Մխիթարյանը: Օգոստոսի10-16-ը Գերմանիայի Բեռլին քաղաքում անցկացվելիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի պատիվը պաշտպանելու են Արամ Կոստանյանը և Մոնիկա Վասիլյանը: Մխիթարյանը մասնակցելու է 50 մ և 100 մ ազատ ոճով, 100 մ դելֆին ոճով լողի մրցումներին: Վասիլյանը հանդես կգա 50 մ և 100 մ ազատ ոճով լողի, Կոստանյանը` 50 մ և 100 մ թիկնալողի մրցումներում: Նախատեսվում է, որ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերում Մխիթարյանն ուժերը կչափի 50 մ և 100 մ ազատ ոճով լողի, 50 մ դելֆին ոճով լողի մրցումներում: Հույս ունենք, որ նա Չինաստանում հաջող հանդես կգա: Պատանեկան օլիմպիական նախորդ խաղերում Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ նախնական փուլի մեկնարկներից հետո դուրս էին մնացել պայքարից:

- Հայաստանում նախատեսվո՞ւմ է նախապատրաստական ուսումնամարզական հավաք:
- Հայաստանի հավաքականն այդ մեկնարկներից առաջ` հունիսին, շուրջ 20 օր ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Այնտեղ 50 մ-ոց լողավազան կա: Առաջիկա բոլոր միջազգային մրցումները 50 մ-ոց լողավազանում են անցկացվելու: Իսկ ահա դեկտեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությունն անցկացվելու է 25 մ-ոց լողավազանում: Առայժմ այդ ստուգատեսի հրավեր չենք ստացել և պարզ չէ, թե քանի մասնակից կունենանք: Հայաստանի հավաքականից վարկանիշ ունի միայն Մխիթարյանը: Հույս ունենք, որ մեր երկրի ևս 3-4 ներկայացուցիչ հանդես կգա: Նախորդ ստուգատեսում Հայաստանից հրավիրվել էր 3 մարզիկ: Վերջին առաջնությունը, որը կայացել էր 2012-ին, Հայաստանը ներկայացրել էին 2 լողորդուհի և 1 լողորդ: Լողի միջազգային ֆեդերացիան ունի դասակարգման աղյուսակ, որում աշխարհի բոլոր լողորդների ցուցանիշներն են: Ըստ դրա էլ որոշվում է, թե որ երկրից քանի մարզիկ է հրավիրվելու: Ի դեպ, հոկտեմբերի 10-ին էլ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը: Այդ ստուգատեսի մասնակցությունը վարկանիշով չէ: Հավանական է` կազմակերպիչները Հայաստանից հրավիրեն 3-5 լողորդի: Անցյալ տարի մեր երկրից այդ ստուգատեսում հանդես է եկել 6 մարզիկ: Դեր կխաղա այն հանգամանքը, թե Հայաստանի լողի ֆեդերացիան ֆինանսական ինչ հնարավորություններ կունենա: Եթե համապատասխան ֆինանսներ լինեն, ավելի շատ պատվիրակներ կգործուղենք:

- Վերջին շրջանում ֆինանսների և պայմանների առումով Հայաստանի լողորդների կյանքում դրական տեղաշարժեր կա՞ն:
- Պայմանները շարունակում են մնալ դժվարին, չունենք 50 մ-ոց լողավազան, որում կարող են պարապել հավաքականի անդամները: Նրանք մարզվում են ավելի կարճ լողավազաններում: Դա ազդում է ցույց տված արդյունքների վրա: Հնարավոր չէ պարապել փոքր չափեր ունեցող լողավազանում և մրցումների ժամանակ հաջողության հասնել բոլորովին այլ տիպի լողավազանում: Ժամանակակից լողավազանում տարեկան միայն մեկ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում: Հովանավորներ չունենք: Տարեկան աջակցության կարգով պետությունը ֆեդերացիային 10 մլն դրամ է հատկացնում: Այդպես եղել և մնում է: Լողը զարգացնելու համար դա շատ չնչին գումար է: Իսկ ժամանակակից լողազգեստներ, Լողի միջազգային ֆեդերացիայի երաշխավորությամբ, Հայաստանի հավաքականի անդամներին խոշորամասշտաբ ստուգատեսներից առաջ տրամադրում են հայտնի ֆիրմաները: Վերջին 5 տարին այդ աջակցությունը ստացել ենք: Ի դեպ, աշխարհի առաջնությունների մասնակցության բոլոր ծախսերն իր վրա է վերցնում Լողի միջազգային ֆեդերացիան: Դա մեծ գումար է, քանի որ տրանսպորտի, կեցության համար մեծ փողեր են պահանջվում: