Դեպի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն` առանց ուսումնամարզական հավաք անցկացնելու հնարավորության

2-rd nyut 38545Աշխարհի գավաթի խաղարկության հերթական մրցափուլում, որն անցկացվել էր Քաթարի մայրաքաղաք Դոհայում, մեր մարմնամարզիկների ունեցած փայլուն մրցելույթից հետո քիչ ժամանակ է անցել: Մերոնք տիրացել էին հարուստ ավարի, և օտարները կատակով ասել էին` աշխարհի գավաթի խաղարկության մրցաշար է անցկացվո՞ւմ, թե Հայաստանի առաջնություն: Բայց ժամանակը չի սպասում, և Հայաստանի մարմնամարզիկներին մայիսի 17- 26-ը ևս մեկ լուրջ քննություն է սպասում Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Նրանք հանդես են գալու Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում:

Ընդ որում, երիտասարդների առաջնություն կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ: Ուշագրավ է, որ այս անգամ այդ ստուգատեսում խաղարկվելու են Չինաստանում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Եվրոպայի մեծահասակների առաջնությունում կարողությունները կփորձեն այն մարզիկները, որոնք հանդես էին եկել Քաթարում. Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը: Երիտասարդներից մեկնարկի դուրս կգա Վիգեն Խաչատրյանը: Վարկանիշ լրացնելու համար նա պետք է բազմամարտում առնվազն 19-րդ տեղը գրավի, որը մեր մարմնամարզիկի համար միանգամայն լուծելի առաջադրանք է: Ընդ որում, գաղտնիք չէ, որ այդ արդյունքին Թովմասյանը կարող է հասնել, եթե անգամ մրցելույթ ունենա իր միջին կարողություններով:
Վիգենի նախասիրած մրցաձևը հենացատկերն են: Հաջող հանդես գալու դեպքում նա կարող է պայքարել նաև մեդալների համար: 2013-ին Ուտրեխտում կայացած Եվրոպայի օլիմպիական օրեր փառատոնի ծրագրով մրցումներում նա բազմամարտում 16-րդն էր, իսկ հենացատկերում ճանաչվել է 6-րդը: Այժմ երիտասարդ հայ մարմնամարզիկը զգալիորեն բարդացրել է վարժությունների կատարման իր ծրագրերը, և ավելի բարձր արդյունք է ակնկալվում:
2013-ին Մոսկվայում անցկացված մեծահասակների Եվրոպայի նախորդ առաջնությունում Արթուր Դավթյանը հենացատկերում դարձել է բրոնզե մեդալակիր, բազմամարտում 8-րդն է, իսկ Հարություն Մերդինանը նժույգաթափերում գրավել է 5-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնությունում ակնկալիքներ ունի իր բոլոր սաներից:
«Աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր մարզիկները ցանկացած ստուգատեսում ի վիճակի են եզրափակիչ մտնելու և պայքարելու մեդալների համար: Եվրոպայի առաջնությունում խնդիր է դրված, որ առաջին հերթին 8 լավագույնների թվում ընդգրկվեն, իսկ եզրափակչում ամեն ինչ հնարավոր է անել: 40 երկրի 176 մասնակից է լինելու»,- ասաց Սերոբյանը:
Իսկ 2014-ի աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի Նանջին քաղաքում: Մարզիչը պարզաբանեց, որ այդ ստուգատեսի մասնակցության մասին կմտածեն միայն Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Հիմնականում ամեն ինչ կախված կլինի ֆինանսական հնարավորություններից: Եթե շատ գումար մնա, Հայաստանից այդ ստուգատեսում մեծ թվով մարմնամարզիկներ հանդես կգան:
Թեև Կատարում գրանցված արդյունքի համար մերոնք պարտական էին այն բանին, որ Դոհայում մրցումներից առաջ կարճատև ուսումնամարզական հավաք են անցկացրել, բարվոք պայմաններում պարապել, այդուհանդերձ, փողի պակասի պատճառով Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու են տանը, ոչ թե ժամանակակից, այլ հին մարզագործիքների վրա: Իսկ բացը լրացնելու, դրսում ուսումնամարզական հավաք անցկացնելու հնրավորություն չկա: Ի դեպ, անգամ վերջին հաջող մրցելույթից հետո մարմնամարզիկներին ոչ ոք չի խոստացել օգնության ձեռք մեկնել: