Ճիշտ է` վերջին շրջանում համաշխարհային քաղաքականության թատերաբեմում փոքր-ինչ ակտիվացան Կորեական թերակղզում ընթացող գործընթացները, բայց աշխարհի այդ տարածաշրջանը դեռևս չի հավակնում խլելու Մերձավոր Արևելքից ամենաթեժ կետի «տիտղոսը»: Մերձավոր Արևելքում շարունակվում են աշխարհաքաղաքական շահերի բախման գործընթացները, և Սիրիայի շուրջ ձևավորված մթնոլորտն օրըստօրե ավելի է թանձրանում:
Հայտարարություններ, որոնք էլ ավելի են լարում իրավիճակը
Վերջին շրջանում մի քանի ուշագրավ միջադեպեր եղան այս տարածաշրջանում: Սիրիան սկսեց մեղադրել Իսրայելին իր տարածքները հրթիռակոծելու, ապստամբներին աղքատացված ուրանի մարտագլխիկներով հրթիռներ տրամադրելու և այլ մեղքերի համար: Նաև մեղադրական հայտարարություններ արեց Թուրքիայի վերաբերյալ, նշում էր մասնավորապես, որ Թուրքիան ապակայունացնող քաղաքականություն է իրականացնում Սիրիայում` զինելով ու պատրաստելով ապստամբներին:
Իր հերթին ԱՄՆ-ն հայտարարեց, թե պատրաստ է օգնել Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, ինչին ի պատասխան էլ Իրանը հայտարարեց, թե կործանիչ հարված կհասցնի բոլոր այն արտաքին ուժերին, որոնք կշարունակեն զինել Սիրիայի ապստամբներին: Մի խոսքով` իրավիճակը Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի է լարվում:
Փորձագետները կարծում են, որ Արևմուտքն այժմ ամեն կերպ փորձում է Սիրիային կռվացնել Թուրքիայի հետ, Թուրքիային հաշտեցնել Իսրայելի հետ, ոչնչացնել Սիրիան որպես
պետություն, բաժանել այն մի քանի մասի և դարձնել Իրանի դեմ հերթական հենարանը: Վաղուց է նշվել, որ այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, ուղղված է Իրանի, իսկ ապագայում նաև Ռուսաստանի դեմ:
«Եթե մենք ուշադրություն դարձնենք, Իրանն այսօր սահմանակից է Աֆղանստանի հետ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերն են տեղակայված, Իրաքի հետ, որտեղ նույն զորքերն են: Եվ այսօր ծրագրվում է այդ զորքերը տեղակայել նաև Սիրիայում, ի դեպ, հաջորդիվ նաև Ադրբեջանում: Սա խոշոր ծրագրի իրականացում է, որի նպատակն է հսկողության տակ վերցնել Արևելքի բոլոր նավթագազային ճանապարհները, ծրագրերը, իշխանությունը դարձնել դրսից կառավարվող և, ի վերջո, շրջափակման մեջ վերցնել Ռուսաստանը: Փաստորեն, այսօր Սիրիայում, որտեղ ընթանում է այսպես ասած քաղաքացիական պատերազմ, իրականում քաղաքացիական պատերազմ չէ: Դա հենարան է ստեղծում ապագա էքսպանսիայի համար: Եվ դա կայունացնել հնարավոր է միայն ուժով և միջազգային կազմակերպությունների շատ ակտիվ, լուրջ աշխատանքով, ինչն այս պահին, դժբախտաբար, չի նկատվում: Ինձ թվում է, որ Թուրքիա-Սիրիա հայտարարությունների ու մեղադրանքների փոխանակումը դեռ Թուրքիա-Սիրիա պատերազմի չի հանգեցնի: Բայց այն, որ դա կբերի լարվածություն թուրք-սիրիական սահմանին և Սիրիայի զինված ուժերի մի մասի ուշադրությունը կշեղի այն պայքարից, որն ընթանում է ներսում, միանշանակ է: Այն, որ Թուրքիան նպատակ ունի Սիրիայից գրավել բավականին մեծ տարածքներ, արդեն չի էլ թաքցնում: Բայց Թուրքիան դա չի փորձի անել սեփական ուժերով, այլ` այլոց ուժերով, ինչն, ի դեպ, դեռևս հաջողվում է Թուրքիային»,- այս կապակցությամբ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Իրանը չի հրաժարվում իր քաղաքական կուրսից
Ստացվում է, որ այժմ Մերձավոր Արևելքում` ընդհանրապես և Սիրիայում` մասնավորապես, գործընթացներն Իրանի համար բավականին վտանգավոր են: Որովհետև Սիրիայի անկայուն վիճակը, ինչպես բազմիցս նշել ենք, անմիջական կապ ունի Իրանի հետ: Բացի դրանից, արդեն երկար ժամանակ ձգձգվող և անընդհատ ուժեղացող պատժամիջոցները Իրանին կանգնեցրել են փաստի առջև: Այս պահին, սակայն, Արևմուտքի նպատակն առաջին հերթին Իրանում ներքին լարվածության ստեղծումն է, որ իր համար որոշակի խնդիրներ լուծի: Իսկ խոսել որոշակի ռազմական գործողությունների կամ ռազմական միջամտության մասին հիմա թերևս իրատեսական չէ, որովհետև, եթե Իրանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի, ամբողջ տարածաշրջանի վրա կանդրադառնա` անկանխատեսելի հետևանքներով հենց նույն Արևմուտքի և մյուս խոշոր խաղացողների համար:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարությանը Իսրայելի կողմից Իրանին հարվածեր հասցնելու վերաբերյալ, ապա Իրանի արձագանքն այս հարցում նորություն չէր, որովհետև իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի համար առաջին թշնամիները ԱՄՆ-ն և Իսրայելն են: Եվ Իրանը, բնականաբար, չի պատրաստվում շեղվել որդեգրված կուրսից:
«Թե ինչպիսի արձագանք կլինի, չենք կարող ասել, բայց համենայն դեպս, ԱՄՆ-ի հայտարարությունը, թե կաջակցի Իսրայելին Իրանին հարվածելու դեպքում, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, ԱՄՆ-ն վերջին շրջանում իր քաղաքականությունը հենց տանում է Իրանի զարգացումը խոչընդոտելու ճանապարհով: Որովհետև պատճառը ոչ թե Իրանի միջուկային ծրագիրն է, այլ հենց Իրանը` որպես տարածաշրջանում զարգացող պետության մոդել, որ կարող է ձգտել ազդեցության ուժեղացման, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Բարդ քաղաքական խաղ է ընթանում, որի նպատակը Արևմուտքի կողմից Իրանին խոչընդոտելն է, որպեսզի տարածաշրջանում չկարողանա ամրապնդել իր դիրքերն ու խնդիրներ ստեղծել Արևմուտքի համար: Իսկ Իրանում հակառակն է` հնարավորինս խոչընդոտել Արևմուտքի և ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում»,- նշեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև Իրանում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Վերջին` 2009 թ. նախագահական ընտրություները հարևան երկրում բավականին լարված անցան, և այժմ Արևմուտքն ակնհայտորեն սպասում է, թե ինչ զարգացումներ կլինեն այս անգամ: Իհարկե, բացառված չէ նաև, որ Արևմուտքը և ԱՄՆ-ն փորձեն ինչ-որ կերպ ապակայունացնել Իրանի ներքին կյանքը հենց նախագահական ընտրությունների ժամանակ: Դա ավելի ձեռնտու է Արևմուտքի և ԱՄՆ-ի համար, քան ռազմական միջամտությունը, որովհետև նրանք դեռ չեն կարողացել «մարսել» սիրիական ճգնաժամը:
Ավելի մեծ է տարածաշրջանային պատեազմի հավանականությունը
Այժմ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Մերձավոր Արևելքում տեսնում է երկու գործընթաց. առաջինը, ցավոք սրտի, շատ ուժեղ է և տանում է դեպի լարվածության ուժեղացում, որը գնալով դառնում է անկառավարելի և Սիրիայի սահմաններից դուրս գալու միտումներ է ցուցաբերում: Եվ սա շատ վտանգավոր է, հետագայում ավելի զարգանալով` կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել զանգվածային պատերազմի: Երկրորդ գործընթացը, որը շատ թույլ է, բայց կարող է ուժեղանալ, այն է, որ վերջերս և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից, որոշ փոխզիջման հասնելու և Սիրիայում ստեղծված ծանր իրադրությունից ելք գտնելու ձգտում է նկատվում:
«Տարածաշրջանային ավելի խոշոր պատերազմը միանգամայն սպասելի ու հնարավոր է: Եթե շարունակվի այսպես, ինչպես Սիրիայում է, ու եթե դրսից ավելի շատ զենք տրամադրվի Սիրիայում կռվող ապստամբներին, որոնց մեծ մասը գործում է ջիհադի դրոշի ներքո, կարծում եմ, որ կարող ենք ականատես լինել լայնածավալ պատերազմի, որում կներգրավվեն ոչ միայն Սիրիան, այլև նրա հարևանները, և առաջին հերթին Լիբանանը, ինչն արդեն շատ վտանգավոր է»,- հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Մի բան ակնհայտ է. Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, ամենևին էլ չի պատրաստվում հրաժարվել իր մերձավորարևելյան ծրագրերից: Ու վաղ թե ուշ այս տարածաշրջանում սանձազերծվելու է ավելի մեծ պատերազմ:
Tags: աշխարհում, հակամարտություն, մերձավոր արևելք, Սիրիա
