Այլընտրանքային երկաթգիծ. ցանկալի՞, թե՞ անհրաժեշտ

       երկաթուղի Ի՞նչ խնդիրներ կլուծի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը

 Իրան-Հայաստան երկաթուղու  կառուցման և շահագործման մասին խոսվում է արդեն երկար տարիներ:  Նշենք, որ այսօր Հայաստանի երկաթուղային կապն այլ երկրների հետ ապահովվում է Վրաստանով, որով իրականացվում է  բեռների հիմնական հոսքը Այրում-Սադախլու ճանապարհներով: Այս հատվածից էլ բեռները տեղափոխվում են սևծովյան նավահանգիստներ, ապա լաստանավով` ՌԴ և Ուկրաինա: Թեպետ դեպի Իրան գործում է ավտոմոբիլային ճանապարհ, սակայն հայ գործարարները դեպի Պարսից ծոց դուրս գալու այլընտրանքային ճանապարհ չունեն: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դեպքում էապես կավելանան հայրենական ապրանքների թե՛ արտահանման, թե՛ ներկրման ծավալները:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը նպատակային ծրագիր էր դեռևս հետխորհրդային ժամանակաշրջանում: Այս խոշորագույն տրանսպորտային հատվածը միշտ համարվել  է  ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանի համար, որի իրագործման համար թերևս երկար տարիներ բանակցություններ և ֆինանսական ռեսուրսներ էին հայթայթվում: Ակնհայտորեն ծրագիրը բավական հավակնոտ է և ֆինանսական տեսանկյունից բավական ծախսատար,  բայց եթե  այս ճանապարհային  ժամանակակից հաղորդակցությունը կառուցվի, ապա այն տնտեսապես շահավետ կլինի և հենց սովորական քաղաքացու համար, մասնավորապես` գործարարների: «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը նախևառաջ  կխթանի բեռնափոխադրողներին և առևտրաշրջանառությունը: Փաստորեն, այս առանցքային օղակի կառուցման պարագայում հնարավոր կլինի Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ փոխադրումներ իրականացնել ամենակարճ երթուղով: Այս նախագիծն արդեն իրականություն է, ձեռք են բերվել համապատասխան միջոցներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև արդեն ստորագրվել են Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի և Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագրեր, որոնց գործունեության ժամկետը մինչև 30 տարի է  շինարարության ավարտից հետո: Պայմանագրի շրջանակներում կողմերը նպատակադրված են ֆինանսավորել և զարկ տալ Հայաստանի հարավային երկաթուղու և Հայաստանի արագընթաց ճանապարհի նախագծման ու կառուցման աշխատանքներին: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել պայմանագրերով նախատեսված նախագծերի ուսումնասիրությունը, հետագայում կոնսորցիումի եղանակով պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացնել շինարարությունն ու շահագործումը:

Համաշխարհային բանկը և Զարգացման ասիական բանկն արդեն պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես աջակցելու մայրուղու շինարարությանը մասնակցող ներդրողներին: Նախագիծը ֆինանսավորելու համար պետությունը պետք է  վերանայի իր գործելաոճը, որպեսզի նոր մասնավոր ներդրողների և կազմակերպություններ ներգրավի ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Ռասիա ՖԶԷ» ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ-ի միջև եռակողմ փոխըմբռնման հուշագիր  է ստորագրվել ծրագրի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին:

Ծրագրի արժեքը 3 մլրդ դոլար է, իսկ նախագծերի ուսումնասիրության իրագործելիության ժամկետը` 18 ամիս: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պայմանագիր է ստորագրել միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների և կամուրջների կառուցման մեջ մասնագիտացված Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության հետ: Տեխնիկական առաջադրանքները ստորագրվել են  նախորդ տարվա նոյեմբեր ամսին, իսկ նախագծի ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են դեկտեմբեր ամսին:

Գծային երկաթուղին մոտ 316 կմ է լինելու  և սկսվելու է Գավառից՝ Սևանի արևմտյան մասից` ձգվելով մինչև Մեղրի: Ակնկալվում է, որ երկար սպասված այս ռազմավարական ծրագիրը սկզբունքային փոփոխություն է  մտցնելու Հայաստանի և տարածաշրջանային հաղորդակցությունների կառուցվածքում: Ունենալով Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին՝ օգտագործվելու է Հայաստանի ռազմավարական դիրքի ողջ ներուժը, ինչը կհանգեցնի տրանսպորտային ծախսերի և ժամանակի խնայողության զգալի բարելավման՝ խթանելով տարածաշրջանում տնտեսական աճն ու առևտուրը:

Մեր երկիրը զգալի արտադրական, հանքային և հումքային պաշարներ ունի, և դրանց լիարժեք շահագործման ու արտահանման համար անհրաժեշտ են ժամանակակից բարձրակարգ հաղորդակցության ուղիներ: Ծրագրի իրագործման աշխատանքներում նախատեսվում է  ներգրավել Միջանցքի գործունեությամբ շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` ՌԴ-ին, Իրանին, Հնդկաստանին, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի երկրներին տարածաշրջանում առևտրային և հաղորդակցական հարաբերությունները բարելավելու նպատակով: «Մենք կողջունենք և ամեն կերպ կնպաստենք յուրաքանչյուր կազմակերպության, գործարարի մասնակցությունը մեր և տարածաշրջանի համար կարևորագույն  այս ծրագրերի իրագործմանը»,- նշել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Ռասիա ՖԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժոզեֆ Բարկովսկին արդեն հայտնել է, որ  իրենք ձգտելու են ժամանակին ավարտել ծրագիրը՝ միաժամանակ ապահովելով որակական պահանջների իրականացումը: Որպեսզի այդ գործընթացներն իրականացվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում, որոշում է կայացվել այդ հսկայածավալ աշխատանքը բաժանել առանձին հատվածների, որոնցում միաժամանակ կիրականացվեն շինարարական աշխատանքներ:

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու առաջին տրանշը, որը միմյանց է կապելու Երևանն ու Արարատը, Երևանն ու Աշտարակը, արդեն կառուցման փուլում է: Երկրորդ տրանշը՝ միմյանց կկապի Աշտարակն ու Թալինը: Այս հատվածում արագընթաց նոր ճանապարհի կառուցման նախնական աշխատանքներն օրերս են մեկնարկել: Երկրորդ ճանապարհային հատվածի կառուցման արժեքը 170 մլն դոլար է, որի կառուցման արդյունքում մոտ 40 րոպեով կկրճատվի Երևանից Գյումրի տանող ժամանակահատվածը: Ի դեպ այս մայրուղին կոնենա  42 կմ երկարություն և կապահովի երկկողմանի արագընթաց երթևեկություն: Այս հատվածի շինաշխատանքները փոքր-ինչ դանդաղում էին այդ տարածքում օտարման ենթակա բազմաթիվ հողատարածքների պատճառով:  Ուստի պետությունը փոխհատուցման գումար է հատկացրել, և բնակչության շրջանում իրականացվել են բացատրական աշխատանքներ:

 Լ.Ն

 

 

Tags: ,