Ծածկած շուկայի սեփականատերն ամեն ինչից վեր է…

շուկաՀայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված, Երևանի ամենաարժեքավոր կառույցներից մեկը համարվող Ծածկած շուկան շարունակում է մնալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անձնական բիզնես-ծրագրերի զոհը: Այն արդեն մեկ տարուց ավելի է՝ ենթարկվում է ապօրինի շինարարության, որի ընթացքում ոչ միայն կորչում է կառույցի պատմամշակութային տեսքը, այլև լրջորեն վնասվում է անվտանգությունը: Բոլորի աչքի առջև Երևանը կորցնում է իր խորհրդանիշներից մեկը` երբեմնի գեղեցիկ շուկան, իսկ Սամվել Ալեքսանյանին չեն կանգնեցնում անգամ պատկան մարմինների բացասական կարծիքներն ու ապօրինի կառուցված հատվածն ապամոնտաժելու որոշումները:

Այսօր արդեն շուկայի կտուրին «վեր է խոյացել» բետոնե հսկայական կառույց, որը ենթադրում է հավելյալ հարկերի ավելացում, իսկ շինարարական սպանդը, որի հետևանքով գրեթե ոչնչացվել էին շուկայի ամենաարժեքավոր դետալները՝ կամարները, մնում են չվերականգնված: Մինչ օրս սեփականատերը չի ներկայացրել  վերակառուցման համալիր ծրագիր:

Քաղաքացիների և հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված աղմուկին ի պատասխան` Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը օրեր առաջ հայտարարեց, որ Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն միայն հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար, որի վերաբերյալ ի սկզբանե եղել է մշակույթի նախարարության դրական եզրակացությունը: «Սակայն սեփականատերը դուրս է եկել այդ աշխատանքների շրջանակներից՝ երկու անգամ քաղաքապետի որոշմամբ ենթարկվելով վարչական տույժի»,- ասել էր Կամո Արեյանը:

Զարմանալի է, որ համապատասխան մարմինները փորձում են Սամվել Ալեքսանյանին պատժել «օրենքի սահմաններում»` մոռանալով, որ մի քանի միլիոն դրամն այն գումարը չէ, որի պատճառով նա հրաժարվի իր «մոնումենտալ» ծրագրերից:

«Սա նշանակում է, որ մենք իշխանություն չունենք, պետականություն չունենք, օրենքներն էլ դարակում դրված են»,- այս ամենի վերաբերյալ «Անկախին» իր կարծիքն է հայտնում ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միության անդամ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի անդամ Սաշուր Քալաշյանը:

Նա հիշեցնում է, որ Հայաստանը միջազգային պայմանագրեր է կնքել, որոնցով մի շարք պարտավորություններ է ստանձնել: Այդ պարտավորություններից մեկն էլ այն է, որ եթե երկու անգամ պատժվելուց հետո սեփականատերը շարունակում է օրենքը խախտել, ապա նրան պետք է զրկել սեփականության իրավունքից:  «Հիմա դատական կարգով հուշարձանը պետք է վերցնեին նրա ձեռքից, բայց չեն արել, քանի որ հիմնվում են ոչ թե օրենքների վրա, այլ հրահանգների»,- եզրակացնում է ճարտարապետը,- իսկ եթե հանկարծ մի շարքային քաղաքացի առանց զգուշացնելու քարը քարին դնի, երկրորդ օրը հսկիչը կգա, գլխին կկանգնի: Քաղաքի կենտրոնում շինարարությունն ընթանում է, իսկ մշակույթի նախարարն ասում է, թե առաջին անգամ է այդ մասին լսում: Դա ի՞նչ կեցվածք է»:

Անվանի ճարտարապետն անձամբ մի քանի անգամ Ծածկած շուկայի խնդրի վերաբերյալ զրուցել է համապատասխան պաշտոնյաների հետ: Ասում է, որ վերջիններս ընդունել են խնդրի կարևորությունը, բայց միաժամանակ հարցրել. «Ի՞նչ անենք, լիազորություն չունենք»:

«Պարզվում է` մեր երկրում լիազորությունները միայն օրենքով չեն…»,- հերթական եզրահանգման  է գալիս նա:

Սաշուր Քալաշյանն այս ամենի դեմն առնելու մի ճանապարհ է տեսնում. «Բոլորս պետք է գնանք և ինքներս քանդենք էդ ապօինի շինությունը»:

Իրավիճակն անտրամաբանական է համարում նաև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Եթե մի բան պետք է ապամոնտաժվի, ապա նախ դրա շինարարությունը կանգնեցնում են, հետո զբաղվում ապամոնտաժման աշխատանքներով»,-նկատում է նա:

Բայց այսօր ապօրինի գործընթացը ոչ միայն դադարեցված չէ, կառույցն էլ` ապամոնտաժված, այլև շինարարությունը նոր եռանդով շարունակվում է: Զարմանալի է նաև այն, որ Ճարտարապետների միության նամակներին ի պատասխան՝ բոլոր պատկան մարմիններն ընդունել են խնդիրը՝ հավաստիացնելով, որ դրա դեմ քայլեր են ձեռնարկվում. «Դուրս է գալիս, որ բոլորը ձգտում են ապօրինի շինարարության կասեցմանը, բայց արդյունքը զրո է,-ասում է նա,-փաստորեն, ոչ միայն մեր հնչեցրած ահազանգերը, բողոքներն ու նկատառումները հաշվի չեն առնվում, այլև պատկան մարմինների որոշումները: Սա նշանակում է, որ սեփականատերն ամեն ինչից վեր է»:

Մկրտիչ Մինասյանի համար անհասկանալի է միայն ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը, որում նշված է, թե սեփականատիրոջ գործողություններում որևէ հանցակազմ չկա:

Այստեղ էլ մեկ այլ աբսուրդ իրավիճակի ենք հանդիպում. պետական մարմինների մի մասն ընդունում է շուկայի սեփականատիրոջ գործողությունների ապօրինի լինելը, ինչը ենթադրում է, որ նրա գործողություններում հանցակազմ կա, իսկ գլխավոր դատախազությունը հակասում է պետական այդ կառույցների տեսակետին: «Ասում են` արտագաղթը շատացել է: Բա, եթե մարդիկ տեսնում են, թե օրը ցերեկով ինչպես է ոչնչանում պատմամշակութային հուշարձանը, և որևէ մեկը դրա դեմը չի կարողանում առնել, ապա մտածում են` իրենք ինչքան անպաշտպան են, և ակամա ուզում են գնալ այստեղից»,- ասում է Ճարտարապետների միության նախագահը:

Օրեր առաջ Երևանի Ծածկած շուկայում տեղի ունեցող ապօրինի շինարարության վերսկսման վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ կոչ անելով պատկան մարմիններին ձեռնարկել համապատասխան միջոցներ ապօրինությունը վերացնելու և մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ:

Դեռևս մեկ տարի առաջ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում նույնպես քննարկվեց Ծածկած  շուկայի հարցը, որի ընթացքում բավականին հետաքրքիր փաստեր բացահայտվեցին: Պարզվեց, որ սխալը եղել է սկզբից, քանի որ չի կնքվել օրենքով պարտադիր համարվող պարտավորագիր, որով սեփականատերը պետք է որոշակի պարտավորություններ ստանձներ: Այդ պարտավորություններից ամենակարևորն այն է, որ առանց համապատասխան թույլտվության արգելվում է որևէ ճարտարապետական միջամտություն կատարել: Մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի կողմից սեփականատիրոջը զրոյական հարկում շինթույլտվություն տալը նույնպես անօրինական է եղել, սակայն դա ստիպված են եղել անել, քանի որ սեփականատերն արդեն իսկ հիմքերն այնպես էր փորել, որ լուրջ վտանգ էր առաջացրել կառույցի համար: Պարզվել էր նաև, որ պետության պահպանության տակ գտնվող 6000 հուշարձաններից 5800-ի դեպքում սեփականատերերի հետ չի կնքվել պահպանման պարտավորագիր, ինչը պարտադրվում է օրենքով: Մի խոսքով, օրենքները շրջանցվել են ամենասկզբից, ինչի հետևանքով այսօր ով ինչ ուզում անում է:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում որոշվել էր պատրաստել համապատասխան փաստաթուղթ, որում ներառված կլինեն օրենքը խախտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու, շենքի քանդված հատվածները վերականգնելու, իսկ ընդհանուր տեսքը նույնությամբ պահպանելու հարցերը, ինչպես նաև  պետության պահպանության տակ գտնվող մնացած 5800 կառույցների սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրերի կնքման հարցը և ամենակարևորը՝ հասարակական կյանքում նմանատիպ կտրուկ փոփոխությունները հանրաքվեի միջոցով (ինչը թույլ է տալիս ՀՀ օրենքը) լուծելու հարցը:

Այդ որոշումից անցել է մեկ տարի, սակայն Ծածկած շուկայի խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև գնալով խորացել է: Հանրային խորհուրդն առաջիկայում պատրաստվում է ևս մեկ քննարկում անցկացնել խնդրի վերաբերյալ:

Սակայն, ինչպես ասում են, ասողին լսող է պետք:

 

Tags: ,