Դոպինգ օգտագործած մեր ծանրորդներին Հայաստանի մասնագետները չեն ստուգել

դոպինգ«Անկախն» ապրիլի 25-ի համարում անդրադարձել է, որ Հայաստանի ծանրորդներին փորձաքննության ենթարկելուց հետո 7 դրական արդյունք է ստացվել, այսինքն` բացահայտվել են արգելված դեղամիջոցների օգտագործման դեպքեր: Ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, նախապես մարզիկներին մեր երկրի համապատասխան մասնագետները ստուգե՞լ են, թե՞ ոչ:

Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի հակադոպինգային բաժնի պետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը տեղակացրեց, որ այս տարի մեր երկրի ծանրորդներին չեն ստուգել: Խնդիրն այն է, որ  այդպիսի աշխատանք կատարելու առաջարկ չեն ստացել և ոչ մի ծանրորդից փորձանմուշ չեն վերցրել:

Ընդունված կարգի համաձայն` մարզական ֆեդերացիաները պաշտոնապես դիմում են, և փոխհամաձայնեցված ստուգումներ են իրականացվում:  Դրա համար հակադոպինգային մասնագետները վարձատրվում են և այլն: «Համագործակցում ենք Հայաստանի բռնցքամարտի, ըմբշամարտի ֆեդերացիաների հետ: Իսկ թե Հայաստանից ովքեր են բռնվել արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում, ոչինչ չգիտեք և չենք էլ ցանկանում այդ թեմային անդրադառնալ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնը վերջերս հավաստագիր է ստացել: Փաստորեն, հաստատվել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են հակադոպինգային ծառայություններ մատուցել Միջազգային օլիմպիական կոմիտեի «ՎԱԴԱ» հակադոպինգային կազմակերպության չափորոշիչներին համապատասխան: Առաջին պահանջն այն է, որ հակադոպինգային կենտրոնի աշխատակարգի կանոնները համապատասխանեն միջազգային կանոններին: Դեռ 2009-ից  է այդ պահանջը մերոնց կողմից կատարվում: Երկրորդ` պետք է աշխատել միջազգային հակադոպինգային թեստավորման սկզբունքներով, դոպինգի ստուգումը ճիշտ իրականացնել: Բացի այդ, հակադոպինգային կենտրոնը պետք է  անկախ լինի, նաև` ապահովագրված: Ապահովագրության հարցը կարևոր է: Եթե որևէ մարզիկ հակադոպինգային կենտրոնին դատի տա, ապա այդ ծախսերը պետք է վերցնի ապահովագրական կազմակերպությունը: Այդ պարտականությունը ստանձնել է «Նաիրի» ինշուրանսը: Հավաստագիրը հատկացնելու համար ստուգում է կազմակերպվել, որն իրականացրել են Գերմանիայի հակադոպինգային ծառայության մասնագետները:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնի մասնագետներն աստիճանաբար ճանաչում են ստանում: Նրանցից երեքը` Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը և Խորեն Մանուկյանը, հավակնում են, որ կսպասարկեն 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը: Դա Ռուսաստանի «Ռուսադա» հակադոպինգային կազմակերպության մասնագետների առաջարկի շնորհիվ է, որոնք Հայաստան են այցելել և ծանոթացել մեր երկրի մասնագետների հնարավորություներին:

 

Ի դեպ, ռուսական հակադոպինգային կազմակերպությունն իր կայքն ունի, որում անմիջականորեն հարապարակում են դոպինգի հետ կապված, բոլոր բացահայտումները: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մեր երկրում էլ նույնատիպ կայք է գործելու: «Հունիսի 1-ին Հայաստան են ժամանելու հակադոպինգային 9 երկրների ներկայացուցիչներ: Բարձրացվելու են հրատապ հարցեր: «Անի» հյուրանոցում 3 օր շարունակ մի շարք հիմնախնդիրներ են քննարկվելու: Հայաստանի ներկայացուցիչները զեկուցումով են հանդես գալու, քանի որ մեր երկիրը տարածաշրջանում առաջինն է, որը հակադոպինգային միջազգային աշխատանքներ կատարելու հավաստագիր է ստացել: Ի դեպ, մայիսի 23-ին էլ Մոսկվայում կայանալու է ԱՊՀ հակադոպինգային կազմակերպության համաժողովը, որում կրկին Հայաստանի ներկայացուցիչները զեկուցելու են իրենց փորձի մասին: Իսկ աշխատանքային  պատվերներ ունենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից: Մասնավորապես, առաջիկայում ստուգվելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, նրանց ևս երեք թիմակից ու երկու ազատ ոճի ըմբիշներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Tags: ,