«Համաներում» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մի շարք թեկնածուներին

2-րդ նյութ top_football_topՄարզասերներն անհամբերությամբ են սպասում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ մեր երկրի ընտրանու առաջին ընկերական հանդիպումներին: Դրանք կայանալու են մայիսի 25-ին և 31-ին: Նախատեսված է, որ մերոնք Երևանում կհյուրընկալեն Իրաքի հավաքականին և Սիոնում կմրցեն Ալժիրի ներկայացուցիչների հետ:

Շվեյցարացի մասնագետը բծախնդիր է, և նրա պահանջով հնարավորություն է տրվել, որ հավաքականը մայիսի 21-ից նախապատրաստությունը սկսի Ավանում գտնվող հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում: Դրա համար վերանայվել է Հայաստանի առաջնության խաղացանկը, տեղափոխվել են վերջին տուրերի խաղերը: Բայց ուշագրավն այն է, որ կատարվել է մասնակի «համաներում», և հավաքական են հրավիրվել այն ֆուտբոլիստները, որոնց մասին նախկինում թթու խոսքեր էր ասել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Պատճառը դժվար չէ հասկանալ: Նոր մարզիչը պետք է ցանկացած գնով արդյունքի հասնի: Մինչդեռ, Հայաստանի հավաքականը բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս ունի: Եվ արտասահմանյան ակումբներում հանդես եկող ամեն արժանի խաղացողի մարզիչ ցանկանում է փորձարկել և անձամբ որոշել, թե նա ինչքանով կարող է օգտակար լինել թիմին:
Նախ հրավիրվել են արտասահմանյան ակումբներում խաղացող հավաքականի թեկնածուները: Եվ կան մի շարք նոր անուններ: Հրավեր ստանալու առումով բացառություն են միայն «Ուրալի» ներկայացուցիչ Դենիս Թումասյանը և Ուրուգվայի քաղաքացի, արգենտինյան «Կլիմեսի» հարձակվող Խոակին Բոգոսյանը:
Իսկ արտերկրում խաղացող 19 ֆուտբոլիստ է հրավիրվել, որոնց թվում նորեկներ են` պերուական «Ալիանսիայի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, Ֆինլանդիայի «Յարոյի» հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանը, Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմի ավագ Արթուր Միրանյանը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» խաղացող Արտյոմ Սիմոնյանը:
Մյուս ֆուտբոլիստները հին «գվարդիայից են»` Ռոման Բերեզովսկին («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան), Արտակ Եդիգարյանը («Ժալգիրիս», Լիտվա), Լևոն Հայրապետյանը («Պրիբրամ», Չեխիա), Ռոբերտ Արզումանյանը («Ակտոբե», Ղազախստան), Արտյոմ Խաչատուրովը («Տիրասպոլ», Մոլդովա»), Արթուր Եդիգարյանը («Կայրաթ», Ղազախստան), Կառլեն Մկրտչյանը («Անժի», Ռուսաստան), Արազ Օզբիլիսը («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյանը («Բորուսիա», Դորթմունդ, Գերմանիա), Էդգար Մանուչարյանը («Ուրալ», Ռուսաստան), Գևորգ Ղազարյանը («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Նորայր Ասլանյանը («Վիլեմ II», Հոլանդիա), Յուրա Մովսիսյանը («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսովը («Վոլգա», Ռուսաստան):
Հրավեր է ստացել նաև Ղազախստանի «Ակտոբեի» կազմում հանդես եկող, Հայաստանի հավաքականի բրազիլացի խաղացող Մարկոս Պիզելին, սակայն նա խնդրել է, որ ընտանեկան պատճառներով չմասնակցի ուսումնամարզական հավաքին:

Tags: ,