ՄԱՅԻՍ-ՎԱՅԻՍ. ՆԱԽԱՊԱՇԱՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Nyut 2 AՀոգևորականները լռում են, երիտասարդները՝ շարժվում ավանդույթի համաձայն

Հայ Առաքելական եկեղեցու հեգևորականը մայիսին չամուսնանալը կապում է սնահավատության հետ, իսկ սնահավատությունը կարող է առաջացած լինել կենցաղային ցանկացած մանրուքից: Մենք՝ հայերս, սովորություն ունենք ընդհանրացնել ամեն ինչ, ապրել ուրիշի դժվարություններով ու ուրախություններով:
Պատմությունն էլ այս հարցում իր պնդումներն ունի. վաղ անցյալում սիրահարները մայիսին չէին ամուսնանում: Ասում են` դա հաջորդել է Պահքի շրջանին և Սուրբ Զատկին. մարդկանց պահուստները դատարկ են եղել և հարսանիք անելու միջոցներ չեն ունեցել: Որքան էլ բազմազան և անհեթեթ լինեն մայիսին չամուսնանալու վերաբերյալ բացատրությունները, այնուամենայնիվ, փաստ է, որ հենց այս ամսին են ամենաքիչ թվով ամուսնություններ գրանցվում:

Փորձենք ամեն ինչ, այսպես ասած, ներսից ուսումնասիրել:

ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ
Ամուսինների պարտականությունների մասին խոսում է Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղած նամակում. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով, կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն տիրոջը»: Նամակում Պողոս Առաքյալը Աստծուն և տղամարդուն միևնույն նժարի վրա է դնում, բայց, այնուամենայնիվ, կնոջն էլ չի անտեսում. «Եվ ինչպես որ եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ, խոսքով, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ ու անարատ»:

Կինը, ճիշտ է, պետք է հնազանդվի տղամարդուն, բայց տղամարդու վրա առավել մեծ պարտականություն է դրված՝ անձը զոհել կնոջ համար: Այսօր իզուր չէ, որ մեր բանակում տղամարդիկ են ծառայում, որովհետև պարտավոր են պաշտպանել: Աստված ուժով է օժտել տղամարդուն, որ կարողանա պաշտպանել, և կինը զգա իրեն ապահով նրա ներկայությամբ: Մեր եկեղեցին, երբ տղամարդուն հարցնում է «տե՞ր ես» և կնոջը «հնազա՞նդ ես» , հենց այդ հարաբերությունն է հաստատում:
Արման սարկավագ Պալյանն ասում է, որ եթե ամուսինները ֆիզիոլոգիապես հավասար չեն, չեն կարող հոգեբանորեն հավասար լինել, անհնար բան է:

- Մի տղամարդ, որի ձեռքը կտրված է, շատ տարբեր ապրումներ ունի, քան այն մարդը, որ ամբողջապես առողջ է: Ուր մնաց կին արարածը, որի ֆիզիոլոգիան տարբեր է, մտածելակերպը` ևս: Նրանց մի նժարին դնել չես կարող, ամեն մեկն իր գործն ու դերն ունի: Ընտանիքում խնդիրներից չես խուսափի, և որպեսզի այն ամուր լինի, Աստված պատվիրեց տեր և հնազանդ լինել,- ասում է հոգևորականը:

«Երգ երգոց» գրքում նկարագրվում է փեսայի ու հարսի առաջին գիշերվա հանդիպումը: Այն դրված է Աստվածաշնչի կենտրոնում՝ խորհրդանշելով Աստծո և մարդու հանդիպումը:
- Ինչպես տղամարդն ու կինը նմանեցված են Քրիստոսին ու եկեղեցուն, այնպես էլ նրանց առաջին հանդիպումը Աստծո և մարդու համեմատությամբ է: Թե Աստված ինչպես է մեզ սպասում, այդ նույն զգացումներով պետք է ամուսինը սպասի իր կնոջը, և կինը կարոտի նրան: Գրքում հարսն ասում է. «Թող ինձ համբուրի իր բերանի համբույրներով»: Փեսան պատասխանում է. «Քո ստինքներն ավելի լավ են գինուց և քո օծման յուղերի հոտը բոլոր խնկերից»,- պատմում է հոգևորականը:- Սա նախկինում թույլ էին տալիս կարդալ, երբ մարդ հասունանում էր: Սուրբ են այդ հարաբերությունները, ինչպես Աստծո և մարդու դեպքում: Այս սպասումը նաև ընտանիքն է ամրացնում. եթե ինչ-որ մեկը թերանա, մի կողմի կարոտը չի լինի, մյուսի սերը շատ կլինի, ու կծագեն ընտանեկան գժտություններ:

ԽՈՍՔԸ ՄԵԾԻՆՆ ԷՐ

- Եթե խոսում էր տան մեծ տղամարդը` բոլորը լռում էին, այսինքն՝ ավագության սկզբունքը, որ հատուկ է ավանդական հասարակությանը, հստակ գործում էր: Տարիքն առած կանանց խոսքը ևս հարգվում էր, բայց վճռական խոսքը տղամարդունն էր,- ասում է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը:

Նա պատմում է, որ մեր հասարակությունն ավանդական հայրիշխանական էր, և կանայք, նույնիսկ` տարեցները, ոտքի էին կանգնում, երբ ներս էր մտնում տղամարդը, կամ եթե տղամարդն անցնում էր, նրան տեսնելիս ոտքի էին կանգնում: Դա հարգանքի, ակնածանքի դրսևորում էր:

- Սեղանապետն էլ անպայման տղամարդն էր, չէ՞,- հարցնում եմ:

- Գիտեք, սեղանը որոշակի մշակութային, սոցիալական տարածք է. սեղանի գլխին՝ ամենագլխավոր տեղում, նստում է ամենապատվավոր մարդը, այսինքն՝ տան տերը: Սեղանի շուրջ որոշակի սոցիալական շերտավորում կա. որքան մոտ են նստում սեղանի գլխին բազմած նահապետին, այնքան հարգված են, և որքան հեռանում են կենտրոնից, նստում դռան մոտ, այնքան նվազում է սոցիալական կարգավիճակը:
Հացկերույթի ժամանակ էլ որոշակի կարգ է գործել: Առաջինը սեղան նստել են տղամարդիկ, հետո նոր միայն կանայք, ընդ որում՝ նստել են առանձին՝ երեխաների հետ: Ամենակարևորը՝ հացկերույթը գլխավորել են տղամարդիկ, խոսքի, ելույթի, այսինքն՝ կենացի իրավունք ունեցել են միայն նրանք:

Ազգագրագետը նշում է նաև, որ հնում մարդիկ իրար չէին սիրահետում, սերն, այսպես ասած` գաղտնի էին պահում:

- Ավանդական հասարակությունում ամուսինները երբեք միմյանց նկատմամբ տածած սերը մյուսին ցույց չէին տալիս, սիրո ցույցերը չէին խրախուսվում, և որևէ մեկը դա իրեն թույլ չէր տալիս: Փաղաքշական բառեր էլ միմյանց չէին շռայլում, ինչպես՝ սիրելիս, իրար անունով էլ չէին դիմում: Դիմելաձևը տարբեր էր` այնինչի տղա, այսինքն՝ հոր անունն էին տալիս: Սրանք չգրված օրենքներ էին, որ սերնդեսերունդ փոխանցվում էին:

ԵՐԲ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացիական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Ղազարյանն ասում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը դեռևս 1998-ից սահմանում է «ամուսնական պայմանագիր» հասկացությունը:

- Այսօր շատ երիտասարդներ կան, որոնք մտադիր են պայմանագրով կարգավորել իրենց ամուսնական հարաբերությունը: Դա նաև հստակեցնում է գույքային իրավունքները, եթե ամուսինները պայմանագիր չեն կնքում, ապա ինչ գույք, որ ձեռք են բերում համատեղ ամուսնության ընթացքում, համարվում է երկուսի համատեղ սեփականությունը, այսինքն՝ հավասարապես պատկանում է նրանց,- ասում է իրավաբանը,- իսկ մինչ ամուսնությունը ձեռք բերված գույքը, համատեղության սկզբունքով չի կիսվում: Այս ամենը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

- Որո՞նք են ամուսնական պայմանագրերի ամենակարևոր կետերը,- հետաքրքրվեցինք:

- Մեզ մոտ ամուսնական պայմանագրերում սովորաբար շեշտը դրվում է գույքային հարցերի վրա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վեճի գլխավոր պատճառը գույքի իրավունքն է: Հետաքրքիր է, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում պայմանագրում ներառում են նաև կենցաղային պարտավորություններ՝ ըստ պայմանագիրը կնքողների հայեցողության: Նման հարցեր նախապես կարող են պարզաբանել նաև հայ ամուսինները, սակայն հային հատուկ բնավորությամբ` այդքան չեն մանրամասնում,- նշում է իրավաբանը:

- Իսկ ամուսնալուծությո՞ւնը:

- Ամուսնությունը լուծվում է դատական կարգով, կամ եթե կողմերի միջև համաձայնություն կա, նաև ԶԱԳՍ-ը կարող է ամուսնալուծել: Բայց այս հարցի շուրջ մի քանի բացառություններ կան: Օրինակ՝ եթե կինը հղի է, առանց նրա համաձայնության ամուսինը իրավունք չունի ամուսնալուծության հայցով դիմել դատարան:
Ամուսնալուծությունից հետո հայրը որոշակի պարտականություններ է կրում, այդ թվում՝ ալիմենտի, որն ուժի մեջ է մինչև երեխայի չափահաս դառնալը: Բայց և այնպես, հայրը նաև իրավունքներ ունի: Եթե նախկին կինը փորձի թույլ չտալ, որ նա շփվի երեխայի հետ, նա դատական կարգով կարող է տեսակցության ժամեր սահմանել,- ասում է իրավաբանը:- Ամուսնությունը լուծել` չի նշանակում երեխայի հանդեպ իրավունքները կորցնել: Ամուսնալուծությունը միմիայն վերաբերում է ամուսիններին: Ընդ որում, այնպես չէ, որ երեխաները պետք է միայն մոր խնամքին մնան: Այս հարցում ծնողները հավասար իրավունքներ ունեն: Կարող են լինել հայրեր, որոնք երեխայի դաստիարակությամբ շատ ավելի լավ կզբաղվեն, կամ մայրեր, որոնք ընդհանրապես ուշադրություն չեն դարձնի երեխաներին: Մեր դատական պրակտիկայում այդպիսի շատ դեպքեր կան. մայրն անբարո կյանք էր վարել, երեխային երեք թե չորս օր թողել, գնացել էր, և փոքրիկը բարուրի մեջ սովից մահացել էր: Երբ նրա նախկին ամուսինը ցուցմունք էր տալիս, պետք է տեսնեիք, թե ինչպես էր դողում: Այնպես որ, դատարանում նախապատվություն չի տրվում որևէ մեկին, և վճիռը կայացվում է` միմիայն երեխայի շահը հաշվի առնելով:

Այն հարցին էլ, թե դատարանը չի՞ հաշտեցնում զույգերին, նման պրակտիկա չկա՞, իրավաբանը պատասխանում է.

- Եթե հաշտեցման եզրեր լինում են, դատարանն ընտանիքը պահելու կողմնակից է: Օրինակ՝ մեր դատավորներից մեկը հաշտեցնելու մեծ փորձ ունի, ասես վարպետացել է այդ ոլորտում, կարողանում է համոզել, տարբեր մարդկանց կյանքից օրինակներ է բերում, որ չշտապեն, գնան ծանրութեթև անեն և գուցե մտափոխվեն: Եթե դատավորը տեսնում է, որ կողմերը կարող են հաշտվել, երեք ամսով ժամանակ է տալիս: Փորձը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում զույգերը հանդարտվում են, բարկությունն անցնում է, ու կարողանում են ավելի սթափ մտածել, շատ դեպքերում` իսկապես հաշտվում են:

 

Tags: ,