Վիրավորանք. ինչպես կարելի է հաղթահարել

վիրավորանքՑավում է հոգին, կրծքավանդակն է անհասկանալի ճնշվում, ասես մեծ քարաբեկոր է վրան ու խանգարում է արտաշնչել: Կոկորդում ինչ-որ բան խանգարում է կուլ տալ նույնիսկ օդը: Արտասվելու, աղիողորմ արցունք թափելու անհաղթահարելի ցանկություն կա, որը, սակայն, չի ստացվում: Միակ բանը, որ հաջողվում է, շրթունքները կրծոտելով ծվարելն է մութ անկյունում. այնտեղից երբեք դուրս չգալու ցանկությունը ստիպում է մեկուսանալ: Գլխում մտքերն անզուսպ հեղեղով իրար են հաջորդում, մարդկային դաժանությունը հուսահատեցնում է: Միայնակ ես զգում այս ամբողջ, ունայն աշխարհում: Թվում է` այլևս լույս ու հույս չկա, սպառվեց: Վերջ: Վերջակետ:
Զգացմունքային դառնություն
Ինչպե՞ս է վիրավորանքը դրսևորվում: Բացատրական բառարաններում այն ներկայացվում է որպես անտեղի պատճառված ցավ, վիրավորանք ու զգացում, որն առաջանում է դրանց հետևանքով: Կարելի է հասկանալ այն մարդուն, որը վիրավորված է: Սակայն անիմաստ է այդ զգացմանը տրվելը: Վիրավորանքը ներքին աններդաշնակություն է ծնում, ընկճախտի հանգեցնում ու նունիսկ լուրջ հիվանդություններ ծնում:
Որքան ու ինչից ասես կարելի է վիրավորվել ուրիշներից, սակայն հնարավոր է, որ նրանք դրա մասին այդպես էլ չիմանան, մինչդեռ հոգեկան ժանգը կսկսի ներսից կրծել ու քայքայել: Բացի այդ, այն շատ նենգ է: Կարող է վերաճել վրիժառության ծարավի, ինչը շատ վտանգավոր է: Հետևաբար, հարկավոր է վիրավորանքի զգացումը գիտակցաբար հաղթահարել, հնարավորության դեպքում` արմատախիլ անել:
Գիտակից ընտրություն
Երբ մարդը ներում է մյուսին, ապա դրանով ծառայություն է մատուցում ոչ թե նրան, այլ` իրեն: Երբեմն օգնում է ստեղծված իրավիճակի սթափ վերլուծությունը: Շատ հաճախ վիրավորանքն առաջանում է այն դեպքում, երբ ուրիշի խոսքերն ու արարքներն այն չեն, ինչ սպասում ենք լսել ու տեսնել: Այլ կերպ ասած` ինչ-որ մեկն իր արարքով պարզապես հիասթափեցնում է: Հարկ է հիշել, որ ուրիշները պարտավոր չեն համապատասխանել մեր սպասումներին: Վիրավորվելը կամ չվիրավորվելը մարդու ազատ ընտրությունն է: Քանի դեռ վիրավորանքն ու դառնությունը գլուխ չեն բարձրացրել, կարելի իրավիճակի, դրության տերը դառնալ, սանձել այդ զգացումներն ու վանել կամ նայել դրան կողքից: Ասենք` ինչ-որ մեկը վիրավորել է ձեզ: Փորձեք մտածել, որ նրան էլ ինչ-որ մեկն է վիրավորել, ու դա ինչ- որ կերպ նրա հակազդեցությունն է:
Հաճախ ուրիշի խոսքը ճշմարտության հատիկ է ունենում, ինչն այնքան էլ հաճելի չէ մեզ: Այդ դեպքում գուցե հարկավոր է վերլուծել վիրավորանքը: Գուցե մարդն ինքն իր ես-ի հետ այնքան էլ ազնիվ չէ ու փորձում է ինքն իրենից ինչ-որ բան թաքցնել:
Զգացմունքների սանձում
Ինչ-որ մեկից վիրավորվել նշանակում է նրա ձեռքը հանձնել ձեր նկատմամբ իշխանությունը: Ստացվում է, որ ձեր տրամադրության ու ներաշխարհի վրա պատահական մարդիկ են իշխում, որոնք, դիցուք, տրորել են ձեր ոտքը կամ փողոցում կոպտել: Վիրավորանքը հասկանալի պատասխանն է ձեր զգացմունքային տարածք անհարգալից ներխուժման դիմաց: Սակայն չի կարելի է այդ բացասական զգացմանը թույլ տալ, որ իշխի ձեր հոգում:
Վիրավորանքը ոչ թե ուժեղ բնավորության , այլ թուլության ցուցիչ է: Դրանից մանկան անզորության հոտ է գալիս: Գրեթե միշտ վիրավորանքը սեփական ես-ի հանդեպ խղճահարության զուգընկերն է: Եթե մեկ անգամ կարողանաք հաղթահարել վիրավորանքը, ապա դրանից հետո դա շատ ավելի հեշտ կստացվի: Գուցե ժամանակի ընթացքում կարողանաք սովորել վիրավորանքը ներս չթողնելու արվեստն էլ: Զգացմունքները կառավարելը հեշտ բան չէ: Բայց ամեն ինչ պետք է փորձել, պարզապես հարկավոր է սկսել:
Վիրավորվելը վտանգավոր է առողջության համար
Հոգեբանները հաստատում են անհերքելի մի փաստ. ում հետ ապրում ենք` նրա վրա էլ ամենից շատ ենք բարկանում ու նրանից վիրավորվում: Ու հիմնականում` առանց լուրջ պատճառի:
Զգացմունքներ ու միայն զգացմունքներ
Մարդը 5 հիմնական զգացմունքներ է ապրում, որոնց նաև անվանում են հիմնարար. երջանկություն, վիշտ, զայրույթ, վախ ու տագնապ: Դրանք օգնում են ապրել, հաղթահարել խոչընդոտները, լուծել խնդիրները, պատրաստվել ինչ-որ բանի և ընդունել ճակատագրի վայրիվերումները: Դրանք նաև կենդանիներին են հատուկ, բայց, ի տարբերություն մարդկանց, կենդանիներն իրենց զգացմունքները չեն կարողանում թաքցնել: Օրինակ` զայրույթի, կատաղության դեպքում գազանները մռնչում են կամ ատամները մերկացնում: Անմիջական են այդ հարցում նաև երեխաները, սակայն ոչ մեծերը: Հասուն մարդիկ տարիներով թաքցնում են զգացմունքները, կուտակում վիրավորանքը, ինչը ֆիզիկական պլանում մեծ լարվածություն է ստեղծում: Քչերը կարող են այսօր պարծենալ, որ առավոտյան անկողնուց վեր են կենում առույգ ու պարզ գլխով: Հիմնականում արթնանում ենք հոգնած ու ճնշված, մշուշոտ աչքերով խոհանոց ենք գնում սուրճի համար, հետո մի կերպ աշխատավայր հասնում` ճանապարհին, բնականաբար վիրավորվելով ցանկացած ռեպլիկից: Իսկ աշխատավայր հասնելով` հիսթերիայի մեջ ենք ընկնում մեր նկատմամբ խղճահարությունից ու տիեզերական անարդարությունից: Ո՞վ է մեղավոր: Մենք` ինքներս, իհարկե:
Վիրավորվելու հետևանքները
Վիրավորանքն առաջին հերթին արտահայտվում է մկանների կծկումով, սեղմումով: Ու որքան մարդ ջանադրաբար է փորձում թաքցնել վիրավորանքը, այնքան շատ են սեղմվում մկանները: Այն մասնագետները, որոնք բավականին ժամանակ են հատկացրել այդ խնդրի ուումնասիրությանը, վստահեցնում են, որ հիմնականում դրանից տուժում են իրանի վերին հատվածը` ստոծանուց վերև, ու հոդերը: Հատկապես խիստ սեղմվում են կրծքավանդակն ու կոկորդի մկանները: Եթե վիրավորանքին անմիջապես պատասխանել չի ստացվում, ապա այդ վիրավորանքը փորձում ենք «կուլ տալ», ինչը, սակայն, չի ստացվում, այն «կոկորդում է մնում»: Ժամանակի հետ միջադեպը մոռացվում է, սակայն կոկորդի մկաններում լարվածությունը չի թուլանում ու երբեմն էլ հիվանդության է հանգեցնում: Բրոնխիալ ասթման, սրտի իշեմիկ հիվանդությունը, միոկարդի ինֆարկտը, ռևմատոիդ արթրիտը, գլխացավերը կուտակված վիրավորանքի հետևանք են:
Եթե մարդը վահանձև գեղձի խնդիր ունի, ապա պետք է մտածի` գուցե շատ շուտ եմ վիրավորվում: Մասնագետներն ասում են, որ տևական հազը ևս կուտակված վիրավորանքի հետևանք է: Այս հիվանդությունների նկարագրությունները կարելի է անվերջ շարունակել, սակայն կա մեկ հետևություն` վիրավորվելը վնասակար է առողջության համար:
Վիրավորվելը նաև հոգեկան հետևանքներ է ունենում: Այն կուտակվելով մի օր կարող է հանգեցնել խոր դեպրեսիայի ու որպես դրա հետևանք` հոգեկան խանգարումների:
Մեկ այլ, ոչ պակաս կարևոր փաստարկ էլ կա վիրավորանքի դեմ, ատելությունը, որն առաջանում է կուտակված դժգոհությունների հանրագումարում: Այդ զգացումը քայքայում է անգամ ամենաիդեալական ընտանիքները, տարիներով կուտակված վիրավորանքն ամուսինների միմյանց նկատմամբ հարգանքն է կործանում: Արհամարհանքից ազատվելը շատ ավելի դժվար է, քան վիրավորանքը ներելը:
Կանայք տղամարդկանցից հաճախ են վիրավորվում, քանի որ մարդկության ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ առավել զարգացած է գլխուղեղի ձախ կիսագնդի հատվածը (պատասխանատու է տրամաբանության ու վերլուծության համար), իսկ կանանց մոտ` աջ կիսագունդը (համապատասխանաբար` զգացումքի, ինտուիցիայի): Ուստի կանայք ավելի բուռն են արտահայտում իրենց զգացմունքները:
Ինքնատիրապետման երեք միջոց
1. Իրականում ինքնավերահսկողության կարող է հասնել յուրաքանչյուր ոք: Սոկրատեսն ասում էր, որ վիրավորվելը մարդկային արժանապատվությունից ցածր է:
2. Երկրորդը վիրավորանքը դուրս գցելն է:
Թույլ մի տվեք, որ վիրավորանքը ձեզ իշխի: Իսկույն ձեզ վիրավորողին ասեք ինչ մտածում եք: Պարտադիր չէ, որ դա արվի կոպիտ խոսքերով ու արտահայտություններով: Պարզապես կարելի է ասել, որ դա ձեզ զայրացնում է: Ու անպայման պետք է ասել մեկ շնչով, քանի դեռ այն չի «տեղավորվել» ու նստվածք չի տվել ձեր ներսում:
Վիրավորանքը պետք է դեն նետել` աղբամանը գցված անպետք իրի պես:
3.Ներել, ներել ու կրկին ներել` սեփական բարօրության համար: Ներել ոչ թե ընտրովի, ինչ-որ բաներ, այլ ամեն ինչ: Ի՞նչ իմաստ ունի ներել մի բան, իսկ մյուսները մտապահել, հիշել ու նեղվել անընդհատ:
Իսկ որտե՞ղ են բնակվում ապրումները
Վախ. հայտնի արտահայտություն կա` վախից ծնկներս ծալվեցին: Վախի առաջին գոտին ոտքերն են: Վախից առաջացած հիվանդությունները կենտրոնանում են արևահյուսի շրջանում:
Վիրավորանք. վիրավորանքի «բնակության վայրը» կոկորդն է ու կրծքավանդակը:
Զայրույթը նստվածք է տալիս ծնոտներում: Ի դեպ, ասում են, որ նա, ով գիշերն ատամներն է կրճտացնում, ցույց չի տալիս, սակայն զայրույթ է ապրում ու նյարդային է: Զայրույթը սիրում է հաստատվել կոկորդում, կրծքում ու թևերում:
Տագնապն ամենասարսափելի զգացումն է: Այն տարածվում է ամբողջ մարմնում (կծկվում են մկանները), սակայն ամենից շատ դրանից տուժում է սիրտը:
Վիշտ, դրանից ամենից շատ տուժում են կուրծքն ու քունքերը:

Tags: ,