Տատրակ սովորական,(Tussillago farfara L.,мать-и-мачеха)

мать-и-мачехаԱնվանում են նաև`խոճիկ,խոճկորիկ,հազի խոտ,իշատոտիկ,դդմաճ,ձիու եղունգ,փուղր:

Նկարագրությունը.Տատրակը աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող  բազմամյա խոտաբույս է, պատված է թեփուկավոր մանր տերևներով, ունի 10-25 սմ սողացող, հաստ կոճղարմատ: Ծաղկում է վաղ գարնանը, պտղակալում  ապրիլ-մայիս ամիսներին: Ծաղիկները ոսկեդեղին են, իսկ պտուղը` փուփուլավոր սերմիկ: Բազմանում է ինչպես սերմերով, այնպես էլ խիստ կենսունակ կոճղարմատներով: Տատրակը հանրահայտ մոլախոտ է և հանդիպում է ամենուր: Աճում է գետեզրերին, խոնավ ձորերում,  խոնավ հանդամասերում և այլուր:

խոճկորիկՑեղի “Տուսիլագո” անվանումը լատիներեն է, որ նշանակում է ալրոտ, քանի որ տերևների ստորին երեսները պատված են ալրանման խավով: Հետաքրքիր իմաստ ունի ռուսական мать-и-мачеха անվանումը.  քանի որ տերևների վերին երեսը մերկ է ու սառը, կոչել են “խորթ մայր”. իսկ ներքևի  փափուկ  ու տաք երեսը ` “մայր”:

տատրակԲուժական նշանակությունը.Բուժման նպատակով օգտագործում են տատրակի տերևներն ու ծաղկազամբույղները: Ծաղիկները հավաքում են ծաղկազամբույղների լրիվ բացվելուց հետո, իսկ տերևները` ամռան առաջին կեսին, քանի դեռ դալար են ու չեն ժանգոտվել:Հումքը շտապ չորացնում են հով, լավ քամհարվող տեղում: Այն լինում է անհոտ ու դառնահամ:Պահում են թղթով փաթաթված կամ փայտե արկղերի մեջ:

Տատրակը որպես դեղաբույս ունի կիրառման հին պատմություն: Դեռևս հին հռոմեացիները այն օգտագործել են հազի դեմ, իսկ Հիպոկրատը, բացի խուխամուղ նպատակից, տատրակը ջերմախյուսի ձևով օգտագործել է նաև թարախապալարների դեպքում:

Դիոսկորիդը և Պլինիոսը դեղաբույսն առաջարկել են շնչառական հիվանդությունների ժամանակ, իսկ հազը հանգստացնելու համար առաջարկել են ներշնչել բույսի ծուխը: Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսն  օգնում է հազին, ասթմային, ինչպես խմելիս, այնպես էլ ծխելիս, նաև  սրացնում է տեսողությունը: Տերևները բացում ու բուժում են խոցերը: Հայկական բժշկության մեջ տերևները դնում են չիբանի և այլ տեսակի թարախապալարների վրա `բորբոքման պրոցեսը շուտ հասունացնելու նպատակով: Բույսը վերոնշյալ նպատակներից բացի   օգտագործում են  նեֆրիտների, ցիստիտների, ստամոքսաղիքային տրակտի  կատառի, թոքաբորբերի, ստորին վերջույթների տրոմբոֆլեբիտի և այլ բորբոքումների ժամանակ` ուկրաինական, ռուսական, լեհական, բուլղարական,  գերմանական ժողովրդական բժշկության մեջ: Նաև տրորված թարմ տերևը դնում են այրվածքների,ուռուցքների և արյունահոսող օջախների, իսկ խյուսի ձևով `բորբոքված կրծքագեղձի և երակների վրա: Այս դեղաբույսի կիրառման  այլ ձևեր դեռ էլի կան:

Կիրառման եղանակները.Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 1ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 20 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 4-6 անգամ կամ 10-15գ հումքը  10 րոպե թրմում են 200 մլ եռման ջրի մեջ, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ`օրական 5-6 անգամ: բոլոր դեպքերում տերևների հետ կարելի վերցնել ծաղկահումք` պաշտպանելով ընդհանուր դեղաչափը: Եփուկ պատրաստելու համար 10-15 գ հումքը 15 րոպե եփում են 1 բաժակ ջրի մեջ, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ`օրական 2-3 ժամը մեկ: Հումքը փոշու ձևով ընդունում են  1-ական գրամ, մեղրով կամ կաթով`  օրական 3 ամգամ: Գլխի քորի և թեփոտության ժամանակ հավասարաչափ վերցնում են տատրակ ու եղինջ: 2 ճ.գդալ այդ խառնուրդից  10 րոպե եփում են 1 բաժակ ջրում , հովացնում, քամում և գոլ վիճակում քսում  գլխի մաշկին: Շնչառական օրգանների սուր և քրոնիկ բորբոքումների ժամանակ հավասարաչափ վերցնում են տատրակի տերևներ ու ծաղիկներ, քարխոտի արմատ, սեզի կոճղարմատ,լորենու, խռնդատի և թանթրվենու ծաղիկներ: Այդ խառնուրդից 1ճ.գդալ 30 րոպե թրմում են 1բաժակ եռման ջրի մեջ, հովացնում ,քամում և ըմպում օրական 3 անգամ:

Այլ օգտակար խորհուրդներ.Բույսը մեղրատու է, հարուստ ծաղկափոշով: Տատրակի մեղրը ոսկեդեղին է, շատ թանձր, մածուցիկ, շուտ բյուրեղացող, բնորոշ ուժեղ հոտով և լավ համով:Տերևները սիլոսի համար արժեքավոր հումք են:

Անկախ

Tags: , , ,