Առաջավոր խոշորագույն հարևան երկրներ Իրանի և Թուրքիայի փոխհարաբերությունները տարիների ընթացքում բազում վերելքներ և վայրէջքներ են ապրել: Փոխհարաբերությունների ներկայիս փուլում առկա են բազմաթիվ խնդիրներ: Դրանք լուծելն այդքան էլ հեշտ չէ:
Առաջին հայացքից` ներկա իրավիճակը նպաստում է հարևան երկրների միջև նոր մակարդակի հարաբերությունների ստեղծմանը:
Անցյալ տարի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիան) միջև նախնական համաձայնությունը Մերձավոր Արևելքում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել: Գրեթե բոլոր երկրները փորձում են գնահատել համարձակ քայլերը, հաշվարկել հնարավոր մարտահրավերներն ու հնարավորությունները:
Այս օրերին կարելի է նկատել, որ ողջ տարածաշրջանն ընկղմվել է «փոխըմբռնման հասնելու» գործընթացում: Իրան-Արևմուտք հարաբերություններում տերությունների զգուշավոր լավատեսությունն ու հարաբերությունների բարելավման ցանկությունը տարածաշրջանի բոլոր երկրներին մղել է վերագնահատել իրենց արտաքին քաղաքական ծրագրերը: Թուրքիան բացառություն չի կազմում:
Վերջին տարիներին Անկարան Թեհրանի հետ տնտեսական և քաղաքական կապերում ձգտում է պահպանել հավասարակշռությունը:
Երրորդ հազարամյակի հենց սկիզբից երկու երկրների միջև տնտեսական հարաբերութուններն ակտիվացել էին: Իրանի և Թուրքիայի իշխանությունները կարծում էին, որ այդ համագործակցությունը կհարթեցնի արտաքին քաղաքական դաշտում ունեցած մի շարք տարաձայնությունները: Այդ ժամանակահատվածում իսկապես կային հեռանկարներ:
2007-ին Իրան ու Թուրքիան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի համաձայն, Թուրքիան ակտիվորեն մասնակցելու և ներդրումներ էր կատարելու իրանական թիվ 22, 23, 24 գազատարների, ինչպես նաև մեկ նոր գազատարի կառուցման և նախագծման աշխատանքներում: Բայց շատ կարճ ժամանակ անց այս ծրագիրը սառեցվեց: Պատճառն Արևմուտքի գործադրած ճնշումներն էին Թուրքիայի վրա: Թուրքիան չպետք է ներդրումներ կատարեր այդ ծրագրի իրականացման գործընթացում, Արևմուտքի համար դա աններելի էր, քանի որ Թուրքիան ֆինանսական վարկերի մեծ մասը ստանում է դրսից:
Ներկայում Իրանի և Թուրքիային միջև իրականացվում է 14 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն, որից 8 մլրդ դոլարը ծախսվում է Իրանից նավթ և գազ արտահանելու համար: Թուրքիան հավասարապես կախում ունի ինչպես դրսի վարկավորումից, այնպես էլ` էներգետիկ ռեսուրսների ներմուծումից:
Երկու երկրները տարակարծիք են Մերձավոր Արևելքում , Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Իրանի անվստահությունը Թուրքիայի հանդեպ հատկապես մատնանշնվում է ռազմական ոլորտում: Այս անվստահությունն իր գագաթնակետին է հասել 2012-2013-ին: 2012-ի աշնանը Թուրքիան դիմեց ՆԱՏՕ-ին` խնդրելով թուրք-սիրիական սահմանին հակահրթիռային համակարգեր տեղակայել: ՆԱՏՕ-ն բավարարեց խնդրանքը, և արդեն 2013-ի հունվարին հակահրթիռային համակարգեր տեղակայվեցին Թուրքիայի հարավային նահանգներում (Քահրամանմարաշ, Ադանա, Գազիանթեփ):
Թուրքական կողմի նման քայլերն Իրանն որակավորեց ոչ բարեկամական, ինչը վտանգում է երկրի անվտանգությունը և ռազմավարական հետաքրքրությունները:
Իրանաթուրքական հարաբերությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ըմբռնելու համար հարկավոր է հասկանալ` ովքեր են Իրանում և Թեհրանում ներկայացնում քաղաքական «էլիտան»:
Իրանում իշխանությունն այն սերնդի ձեռքին է, որը զենքը ձեռքին, պայքարել է իրաքցիների դեմ: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իրանաիրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) զբաղեցրել է նախագահի պաշտոնը, նախորդ նախագահ Ահմադի Նեժադը պատերազմի վետերաններից է, ներկայիս նախագահ Հասան Ռոհանին պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել զինված ուժերի հրամանատարությունում:
Թուրքիայի իշխանական վերնախավը պատերազմական գործողություններին այնքանով է տեղյակ, ինչքանով ռազմական գործողություններ է իրականացնում քրդերի դեմ` ինչպես իր տարածքում, այնպես էլ` իրաքյան Քուրդիստանում:
Եթե համեմատենք Թուրքիայի ներկայիս և 30 տարի առաջ ունեցած դիրքորոշումները, ապա կնկատենք, որ 1980-1988-ին` հենվելով ՆԱՏՕ-ի հովանավորության վրա, այն փորձում էր օգտվել պատերազմող թե՛ Իրանի, թե՛ Իրաքի կաշկանդված վիճակից: Ներկայում ևս Թուրքիան փորձում է օգուտներ քաղել Իրանում տիրող իրավիճակից, որի դեմ Արևմուտքը շարունակում է պատժամիջոցներ կիրառել:
Իրանաթուրքական հարաբերությունների հեռանկարները բավականին կանխատեսելի են: Երկու պետություններից ոչ մեկը մտադիր չէ խորացնել միմյանց միջև եղած հակասությունները, փոխարենը` փորձում են հարթեցնել արտաքին քաղաքականությունում ունեցած տարաձայնությունները` տնտեսական կապերի և երկկողմանի ապրանքաշրջանառության ծավալի մեծացման հաշվին:
2007-2013-ի ընթացքում Թուրքիան հնարավորություն ուներ դառնալու Իրանի գլխավոր գործընկերներից մեկը: Բայց Անկարան նախընտրեց եվրաատլանտյան համագործակցությունը:
Այսօր Իրանի և Թուրքիայի համար կարևոր է բացառել փոխադարձ հակասությունները Սիրիայի, Լիաբանանի, Իրաքի հարցերում: Երկու պետությունները շարունակում են տարածաշրջանում մնալ քաղաքական և տնտեսական գլխավոր մրցակիցներ, միաժամանակ երկու կողմերն էլ հստակ գիտակցում են, որ մի շարք սկզբունքային հարցերում փոխադարձ համագործակցությունը շատ կարևոր է:
Արմինե Բեգլարյան
Tags: թուրքիա, իրան