Բերդի զարգացման մշակութային ու զբոսաշրջային այցեքարտը

բերդԹանգարանային գիշերը Բերդի թանգարանի դռները նույնպես բաց էին արվեստասեր այցելուների առաջ:
Տավուշի մարզի Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանն այս տարի ունեցել է երկու հազարից ավելի այցելու: Այդ ցուցանիշը, անցած տարվա համեմատ, կրկնապատկվել է: Այցելուների հոսքը մեծ է եղել հատկապես ապրիլի 24-ին և մայիսի 9-ին:
Տուֆակերտ թանգարանը «Սորան» ազգային պարկի հարևանությամբ գործում է արդեն 33 տարի և այժմ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ է: Թանգարանում են պահպանվում տարածաշրջանի հնագիտական պեղումների գտածոները` սափորներ, ջրամաններ, պղնձե, կավե թասեր:
Ցուցադրվող խողովակները, ի դեպ, վկայում են, որ Տավշո ամրոցն ապահովված է եղել ջրամատակարարմամբ: Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից` կավե փողրակներով, որոնց մնացորդները պահպանվել և այժմ գտնվում են Բերդի թանգարանում:
«Թանգարանը քաղաքի կենտրոնից հեռու է, այդ պատճառով այցելուների թիվը մեծ չէ: Հիմա քննարկվում է, որ քաղաքի կենտրոնում կամ քաղաքապետարանի առաջին հարկում և կամ մեկ այլ հարմար սրահում ցուցադրություն ներկայացնենք: Մեկը քաղաքապետարան է գալիս, մեկը` սոցապ ծառայություն, մարդիկ նաև պարապ են, և քաղաքի կենտրոնական մասում մարդկանց հոսքն ու շարժը մեծ է: Կարծում ենք, որ այդ կերպ հնարավոր կլինի ապահովել շամշադինցիների ու Բերդ այցելած հյուրերի հաղորդակցումը մեր մշակույթին ու թանգարանային արժեքներին: Մեր կանխատեսմամբ` օրը 50 մարդ կդիտի ցուցադրությունը: Իսկ տոնական օրերին մարդիկ կարող են գալ արդեն թանգարան: Նաև մտածում ենք ֆինանսական մեխանիզմի ստեղծման մասին, որով հնարավոր լինի հոգալ թանգարանի խնդիրները»,- «Անկախի» թղթակցի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը:
Թանգարանում պահպանվող ցուցանմուշներն ամբողջական պատկերացում են տալիս Բերդի տարածաշրջանի կենցաղի, մշակույթի, ավադույթների մասին: Առանձին բաժիններ են հատկացված անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը: Ներկայացված են հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ աշխատանքներ: Բերդցիները խնամքով պահպանում են նաև հարևան Ադրբեջանի նվերը` Ստեփան Շահումյանի պատկերով գույնզգույն գորգը:
բերդ2Թանգարանի աշխատակից Զինա Բադալյանի խոսքով` հնագույն գտածոների տարիքը դեռևս հստակեցման կարիք ունի, ուստի այս պահին չի կարող ասել` որն է թանգարանի ամենահին ցուցանմուշը: Թանգարանն ունի տատիկի, մոր և մանկան անկյուններ, ներկայացված են հնագույն նվագարաններ: Բերդցի նկարիչ Միշա Հովհաննիսյանի գծանկարները թանգարանը պատկերասրահի է վերածել: Ներկայացված են հայ գրականության, գիտության, մշակույթի, արվեստի, շախմատի, թատերարվեստի ու կինոյի մեծերի` Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Մհեր Մկրտչյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի դիմանկարները: Ցուցադրվում են նաև քաղաքի նկարիչ Ռոմեո Մելիքյանի կտավները:
Թանգարանի ֆոնդերում պահպանվում են նաև Արցախյան ազատամարտին և Մեծ հայրենականին մասնակցած ու կյանքը նվիրաբերած տավուշցիների ու ընդհանրապես հայ հերոսների մասին իրեր, փաստեր ու լուսանկարներ:
Մշակույթի նախարարության աջակցությամբ թանգարանի շենքում այժմ մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Միաժամանակ մշակույթի նախարարության հետ միասին քննարկվում է արգելոց-թանգարանի ստեղծման գաղափարը: Նախատեսվում է ամբողջական համալիրում ընդգրկել Տավշո և Կիկլոպյան ամրոցները, բերդցիներին հայտնի Ղալի քարը, «Սորան» ազգային պարկը` մոտ վեց հեկտար տարածք: «Եթե կարողանանք ցանկապատել, դիտահրապարակներ պատրաստել, եթե Ղալի քարի վրա` անդունդի եզրին, դիտահրապարակ ստեղծենք, կգան մարդիկ, դա աշխարհում զբոսաշրջության մեջ կիրառելի մեթոդ է, էքստրեմալ տուրիզմի մի տեսակ: Արգելոցի ստեղծման գործընթացը սկսված է, և մինչև ամսվա վերջ համակարգը ձևավորված կլինի»,- նշեց Արթուր Երկանյանը:
Բերդն իր անունը ստացել է հենց Տավուշի բերդի անունից, որը հիշատակվում է Հովհաննես Դրասխանակերտցու մոտ: Բերդի անունն էլ կապվում է Ցլիկ Ամրամի հետ: Դիտարժան է հատկապես Բերդի տարբեր հատվածներից տեսանելի Տավշո ամրոցը, որտեղ, ըստ Մուրացանի Գևորգ Մարզպետունու պատմավեպի, հաճախ էր հյուրընկալվում Աշոտ Երկաթը` տեսնելու Ասպրամին` Ցլիկ Ամրամի տիկնոջը:
«Կիկլոպյան ամրոցից ահագին բան է պահպանվել, ես էլ նոր եմ բացահայտել, հետնամասում պատեր կան պահպանված: Սակայն թե՛ այդտեղ, թե՛ Բերդում ընդհանրապես պեղումներ քիչ են կատարվել, Բերդն ամբողջությամբ ուսումնասիրված չէ»,- ասաց թանգարանի տնօրենը:
Տավուշի բերդը X-XI դարերում պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, ապա` Զաքարյաններին: Պահպանված են բերդի պարսպի մնացորդները, մինչև 12 մ բարձրությամբ, խոշոր քարերով և կիկլոպյան շարվածքով եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր: Պատմամշակութային հարուստ պատմություն ունենալով, ըստ Արթուր Երկանյանի, պետք է մշակել տուրիստական երթուղի, որը կլինի դեպի Տավուշ` Դիլիջան-Իջևանի շարունակությունը` ընդգրկելով Շամշադինը: «Միայն թե հակառակորդի կրակոցներն են խանգարում: Սակայն վստահ եմ` արտերկրում աշխատանքի մեկնած տավուշցիների մեջ մի օր արթնանալու է կարոտը, նրանք ցանկանալու են վերադառնալ ու տեսնել այս գեղատեսիլ տարածքները»:
Արգելոց-թանգարանի ստեղծման ծրագիրը կյանքի կոչելու գլխավոր քայլերից մեկը ենթակառուցվածքների ապահովումն է: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի նախաձեռնությամբ շուտով կսկեն «Սորան» ազգային պարկ տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները, արդեն իսկ կառուցվում են ճանապարհի հենապատերը: «Ինչ վերաբերում է Ցլիկ Ամրամի բերդին, ապա միջնաբերդն է պահպանված, հրաշք տեսարան է, որտեղ էլ հովանավոր գտնելու դեպքում կարելի կլինի կառուցել դիտահրապարակ: Մշակույթը պետք է փողով լինի, ամբողջ աշխարհում է այդպես: Տուրիզմի զարգացումը կնպաստի ոչ միայն Տավուշի գրավչությունների ներկայացմանը, այլև տարածաշրջանի տնտեսական առաջընթացին»,- նշում է թանգարանի տնօրենը:
Թանգարանը տարածաշրջանի գյուղերում, հատկապես համայնքերի կրթամշակութային շենքերում կազմակերպում է շրջիկ ցուցադրություններ: Արթուր Երկանյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին այցելություն է նախատեսված սահմանամերձ Չինարի, որտեղ կցուցադրվեն բերդցի նկարիչ Արտակ Ադամյանի նկարները: Բերդի դպրոցականները չինարեցիների համար կասմունքեն Սևակ, իսկ Շամշադինում հայտնի երգիչ Սերժիկ Վարդազարյանը սահմանապահ Չինարիում կհնչեցնի հայտնի «Դռները բացեք, գարուն է գալիս» երգը:

 Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Tags: , ,