«Միայն նախազգուշական կրակել եմ, որ հասկանան` մեր առյուծներն արթնացան` իրենց վերջը կգա»…

վինետկա«Գեղեցիկ յոլկա նախշերով մանրահատակ էր»,- երկհարկանի տան երկրորդ հարկի ննջարանն է հիշում Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Հենրիկ Գալստյանը: Նրա տունը, որ ուղղահայաց նայում է դիմացի բարձունքին ամրացած ադրբեջանական դիպուկահարին, առաջին անգամ հրետակոծվել է 1994 թ.: Քսան տարի է անցել, բայց գյուղի պատմության ուսուցիչը դեռևս չի կարողացել վերացնել գնդակոծության հետևանքները, տունը նորոգել չի ստացվել: Տան այդ հատվածն ամբողջությաբ ավերված է: Դեռ չի եղել կրակոց, որ Հենրիկ Գալստյանի տունն ու այգին շրջանցի:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ վերջին շրջանի գնդակոծությունների հետևանքով վնասվել է նաև Հենրիկ Գալստյանի ավտոմեքենան, որը 2004-ին նրան` որպես շրջանի տարվա լավագույն ուսուցչի, նվիրել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բարեբախտաբար, փամփուշը լուրջ հետևանքներ չի ունեցել, միայն թեթևակի քերծել է մեքենայի դիմապակին:
Այս օրերին համագյուղացիների հետ միասին Հենրիկ Գալստյանը շատ զբաղված է. գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են, նաև ժամանակն է ամփոփել ուսումնական տարին:
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի 109 աշակերտներից ավարտական դասարանի 12 աշակերտներ այս ուսումնական տարում հրաժեշտ կտան դպրոցին: Վերջին զանգի օրը դեռ ստույգ չէ, հարաբերական է, բայց կլինի մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում: «Երաժիշտը Բերդից է հրավիրվում ու քանի որ մի քանի դպրոցում է միջոցառումներ իրականացնում, հնարավոր է` մեր գյուղում մի օր շուտ կամ ուշ լինի դպրոցական վերջին զանգը: Երաժշտի գրաֆիկից է կախված»,- նշում է Հենրիկ Գալստյանը:
ուսուցիչԱվագ` 10-12-րդ դասարաններում երեխաներ կան, որոնք, ըստ գյուղի դպրոցի պատմության ուսուցչի, շատ շնորհալի են, համալսարանական մակարդակ ունեն և իրենց ուժերով կարող են շարունակել կրթությունը: «Այնպես որ` մեզ արժանի փոխարինողներ կան: 4-5 հոգի համալսարան են դիմել, արդեն հայտ են ներկայացրել` մասնակցելու բուհական քննություններին: Հիմնականում` օտար լեզուների ֆակուլտետներ: Շրջկենտրոնում` Բերդում, կրկնուսույցի մոտ են պարապում, քանի որ գյուղում անգլերենի ժամաքանակը շատ չէ: Եթե իմ առարկայից էլ գնային, չէին նեղվի: Վերջին տարիներին մոտ 20 երեխա ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ. այս փլված գյուղից: Որդիս` Հրաչյա Գալստյանն էլ է սովորում պատմականում, 4-րդ կուրսում է, հեռակա ուսուցման համակարգում: Հիմա այստեղ է, գյուղում է ապրում, Բերդում աշխատում»,- ասում է Ներքին Կարմիրաղբյուրի պատմության ուսուցիչ Հենրիկ Գալստյանը:
Նրա խոսքով, երեխաներն ինքնանպատակ չեն դիմել բուհեր: «Ես նրանց անընդհատ ուղղություն եմ տալիս, որ էն բանը, ինչ իրենց սրտով է, անպայման էդ ուղղությամբ աշխատեն, ուղղակի տոլստոյական միտքը` եթե որոշել ես մի բան կատարել, ուրեմն կատարի: Երբ կատարում ես, լավ կատարի: Եթե մի բան մոռացել ես` աշխատիր հիշել, ոչ թե փորփրել գրքերը»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Դպրոցականները, ըստ ընկեր Գալստյանի, ուժեր ունեն և կարող են պատվով անցնել բարձրագույն քննական ստուգատեսը: Դպրոցական խնդիրներից Հենրիկ Գալստյանն առանձնացնում է երկկազմ դասարանները և դասերի հնգօրյա կազմակերպումը: «8,7 ժամ երեխան չի կարող նստել: Թեկուզ 5-րդ, 6-րդ դասարանի երեխան 7-րդ ժամին արդեն ֆիզիկապես չի կարող դիմանալ: Շապուհի դպրոցին է նմանվում, երբ Աբովյանը մտավ, արգելեց, թե երեխաներին ինչու եք այդքան երկար տանջում»:
Հենրիկ Գալստյանի դասղեկական դասարանը դպրոցի 11-րդ դասարանն է, որտեղ աղջիկների և տղաների թիվը գրեթե հավասար է: Ինչպես հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները, այնպես էլ սահմանապահ այս գյուղի կրթական հաստատությունը պատրաստվում է վերջին զանգի արարողությանը: «Սցենարը շատ ընտիր, արդիական կլինի, հայկականություն, արդիականություն: Բոլորն օգտվում են համացանցից: Չնայած գյուղական դպրոց է, բայց շնորհալի ուսուցիչներ ունենք, որոնք օժանդակում են»,- նշում է Գալստյանը:
Հակառակորդի արձակած կրակահերթերը երբևէ ներքինկարմիրաղբյուրցիների դասերը չեն ընդհատել: Գիշերային ինտենսիվ գնդակոծությանը հաջորդող առավոտյան անգամ առաջին դասարանցիները պարտաճանաչ դպրոց են ներկայանում: «Այս զոնան մահացու է (խոսքն իր տան հատվածի մասին է, որից ոչ հեռու տեղակայված է նաև գյուղի դպրոցը), կրակահերթից հետո բռերով փամփուշտ ենք հավաքում տան տարբեր հատվածներից ու այգուց: Վտանգավոր է հատկապես տեղանքին անծանոթ մարդկանց համար: Պետք է իմանաս, որ երբ կրակում են` թաքնվես որևէ պատի հետևում, գոնե կյանքի փրկությունը 70 տոկոսով այդ դեպքում հնարավոր է: Մեր գյուղը մի քանի հենակետից են խփում: Այնպիսի զինատեսակներից, որոնք արգելված են: Ես նորից կարող եմ ասել 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան, չորս համաձայնագրերը, 1977-ի երկու լրացուցիչ արձանագրությունները, Ժնևի իրավունք, Հաագայի իրավունք: Ես ամաչելով եմ բացատրում երեխաներին: Դպրոցն ավարտողներն արդեն հասկանում են, որ չի կարելի թափորի վրա կրակել, գյուղի վրա կրակել, մանկապարտեզի, կրթական, բնակելի օբյեկտների վրա կրակել»,- նշում է Հենրիկ Գալստյանը` ավելացնելով, որ արդեն հիասթափված է և վստահ, որ ադրբեջանցիները միջազգային իրավունքի այբուբենն անգամ ի վիճակի չեն սովորել:
Գյուղի պատմության ուսուցիչը 1990-ականների թեժ կռիվներին շատերի նման գրիչը զենքով է փոխարինել: Սակայն նշում է, որ սահմանին որքան էլ լարված իրավիճակ է եղել, ինքը զենքն ադրբեջանցի հնձվորի կամ հովվի վրա չի ուղղել: «Միայն նախազգուշական կրակել եմ, որ հասկանան` մեր առյուծներն արթնացան, իրենց վերջը կգա: Նախազգուշական կրակել եմ, որ հեռանան»,- շեշտում է Հենրիկ Գալստյանը:
Նա հայրենի գյուղի բոլոր հենակետերում հերթապահել է. անցյալում` կռվելով, այսօր արդեն` ապրելով, պաշտպանելով սահմանը: «Իմ բոլոր աշակերտները տիրապետում են այդ նորմերին, հասկանում, որ պատերազմն էլ իր կանոններն ունի, հատկապես` զինանդադարի խախտման վերաբերյալ»:
Զեփյուռ Ավագյանը մեկն է նրանցից, ովքեր լավ են սերտել ընկեր Գալստյանի դասերը: Կփորձի տուրիզմի բաժին ընդունվել, նպատակ ունի զբոսաշրջիկների համար բացահայտել Ներքին Կարմիրաղբյուրի գրավչությունները` սահմանից այն կողմ դարանակալած անհաջող հարևաններին հասկացնելով` չլինի, որ աչք դնեն իր չքնաղ գյուղի վրա…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Tags: , ,