Նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ կպայքարի նորովի՝ խորհրդի նոր կազմով

սուրեն քրմոյանԻրավական պետության կայացման հարցում առանցքային դեր ունեն օրինավորության հաստատումը հանրային կառավարման համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարը:
Չնայած այն հանգամանքին, որ դա կառավարության ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման հսկողություն ապահովող և այդ գործունեությունն իրականացնելու լիազորություններով օժտված մարմինը ներկայումս բացակայում է:
Նման հիմնավորմամբ էլ նոր կառավարությունն ընդունել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» որոշում:
Ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը. ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ դրան վերապահելով հակակոռուպցիոն բարեփոխումների կատարման համակարգումն ու վերահսկողությունը, ինչպես նաև խորհրդի` բարձրորակ մասնագետներով համալրված, մշտապես գործող քարտուղարություն, որի աշխատանքներում կներգրավվեն նաև անկախ փորձագետներ:
Խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, ՀՀ ֆինանսների, արդարադատության նախարարներին, գլխավոր դատախազին, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահին, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների մեկական ներկայացուցչի, Հանրային խորհրդի նախագահին, համայնքների միության մեկ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների: Խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվել է 2004 թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Իսկ մինչ այդ՝ 2001-2003 թթ., կառավարությունն ամբողջականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի պետական քաղաքականությունը, օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմնական շրջանակները։
Այնուհանդերձ հայտնի չէ, թե այս 10 տարիների գործողությունների արդյունքում որքանով է Հայաստանում նվազել կոռուպցիան, քանի որ, ինչպես գիտենք, մինչ օրս էլ դա համարվում է երկրի լրջագույն մարտահրավերներից մեկը:
Նաև նշենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ գործող կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը սկսեց ակտիվանալ 2012 թ. վերջին՝ նախագահական ընտրություններից առաջ: Այն ժամանակ խորհրդի նիստերին մասնակցելու հրավեր ուղարկվեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերին, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մերժեցին՝ նշելով, որ դա իմիտացիոն բնույթ ունի, իսկ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» մասնակցեցին` ելնելով քաղաքական էթիկայից: ՀՅԴ-ն կարծում էր, որ Հայաստանում պետք է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի գործակալություն, ոչ թե խորհուրդ, որը զբաղվում է միայն նիստեր անելով և կոռուպցիայի փաստն արձանագրելով:
Ինչևէ: Նոր կառավարությունը պարտավոր է շարունակել նախորդներից մնացած ծրագրային ժառանգությունը, և ապրիլի 10-ին հաստատել է Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որի շրջանակներում մինչև 2014 թ. հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ են համարվել կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքման, ոստիկանության ոլորտները՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կառույցների հետ մշակել հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագիծը:
Մեզ հետ զրույցում ՀՀ արդարադատության նորանշանակ փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ նախարարությունն այս հարցով կոնկրետ հանձնարարականներ է ստացել և հիմք ընդունելով հայեցակարգը՝ պետք է երկամսյա ժամկետում մշակի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր և միջոցառումների ժամանակացույց:
«Պետությունը կոռուպցիայի դեմ պայքարը ծրագրային փուլերով իրականացնում է: Հիմա մենք մտել ենք նոր փուլ, որը նոր մոտեցումներ է ամրագրել: Մասնավորապես, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն այսօր պետք է հիմնված լինի փոփոխության տեսության վրա, ինչը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքարի վերաիմաստավորում, նոր արժեքների ու սկզբունքների ամրագրում: Ամենաառաջինը քաղաքական կամքն է: Պետության բոլոր ճյուղերը լիովին պետք է գիտակցեն կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու կարևորությունն ու համագործակցեն այդ դաշտում: Ամրագրված է նաև, որ իշխանության և հանրային ինստիտուտների ներկայացուցիչներն իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնահերթությունը պետք է տան հանրային շահին»,- ասաց Քրմոյանը:
Հարցին, թե նախկինում այդ սկզբունքներն ամրագրված չե՞ն եղել, Սուրեն Քրմոյանը պատասխանեց. «Մենք նորովի ենք դրանք ներկայացնում, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները պետությունները շատ երկարատև փուլերով են իրականացնում, և դա վերջացող պրոցես չէ: Խորհրդի ներկայիս կազմն էլ շատ ներկայացուցչական է, մենք բազմակարծության հիման վրա պետք է այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք»:
Իսկ խորհրդի կազմում ընդգրկված անձինք տվել են արդեն ներգրավվելու համաձայնությունը, թե ոչ, Քրմոյանն ասաց, որ այո, հարցը քննարկվել է պաշտոնատար անձանց հետ:
Սակայն գոնե խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների մասով կարող ենք վստահ ասել, որ նրանք անգամ տեղյակ չեն նոր խորհրդի գոյության մասին: Մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեցին, որ տեղակ չեն, թե խոսքն ինչի մասին է: Նրանք, բացառությամբ Լևոն Զուրաբյանի, չցանկացան նաև դիրքորոշում հայտնել իրենց մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ՝ նշելով, որ քանի դեռ առաջարկ չկա, դիրքորոշում էլ չկա: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի այդ խորհրդի աշխատանքներին, ինչ էլ որ այն լինի, ովքեր էլ որ ներգրավված լինեն, քանի որ դույզն-ինչ վստահություն չունեն դրա նկատմամբ:
Սակայն Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ աշխատանքները դեռ նոր են սկսվում, և ընդդիմադիր խմբակցությունները նույնպես սահմանված ժամկետում կտեղեկանան խորհրդի մասին: Նա նաև հույս հայտնեց, որ ընդդիմադիրները չեն մերժի իրենց առաջարկը, քանի որ սա ուղղված է իրենց կողմից մատնանշված գաղափարների, սկզբունքների ու խնդիրների լուծմանը. «Նրանք պետական կառույցների կողմից լսելի են լինելու, և նրանց առաջարկները պետք է պարտադիր կարգով քննարկվեն: Կարծում եմ՝ նոր ձևավորված կառավարության հանդեպ ընդդիմությունն ավելի կոնստրուկտիվ վերաբերմունք կդրսևորի և անպայման իր մասնակցությունը կունենա այս գործընթացում: Այնուամենայնիվ, դա իրենց որոշելիք հարցն է»:
Հարցին, թե նախորդ ռազմավարության և ընդհանրապես այս կառույցի նախորդ գործունեության վերաբերյալ վերլուծություն և արդյունքների գնահատում արվել է, թե ոչ, Քրմոյանն ասաց՝ այո: «Կատարվել է 2009-12 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան վերլուծություն, կան դրա արդյունքները: Վեր են հանվել այն խնդիրները, որոնք դեռևս պետք է լուծում ստանան, պետք է վերաձևակերպվեն, պետք է շարունակվեն կամ փոփոխվեն»,- նշեց նա:
Ըստ Քրմոյանի՝ հենց այդ զեկույցն է հիմք հանդիսանալու հաջորդ ռազմավարության մշակման համար, որովհետև հաշվի են առնվելու նախորդի թերություններն ու առավելությունները. «Մենք փորձելու ենք այնպիսի քայլեր անել, որոնց արդյունքները զգալի կլինեն հասարակ քաղաքացու վրա: Մասնավորապես, պետական ծառայություններ ստանալիս քաղաքացին անմիջապես պետք է զգա վարչարարության բարելավումն ու ռիսկերի նվազեցումը»:
Նոր կառավարություն, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմներ և նոր խոստումներ: Այդ չարիքն արմատախիլ անելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և իհարկե՝ քաղաքական կամք: Համակարգային փոփոխությունների առումով ակներև է, որ մեծ ակնկալիքներ չկան, իսկ թե որքանով կառավարության նոր անդամները, որոնց մի մասի անունը կապվում է օլիգարխիայի հետ, թեկուզ մի քանի օղակներում կոռուպցիան նվազեցնելու կամք կդրսևորեն, ցույց կտա մոտ ապագան:

 

 

 

Tags: ,