Սպասելիքներ ԱՊՀ երկրների ձյուդոյիստների երևանյան առաջնությունից

2-րդ նյութ51983Հայաստանում ձյուդոն հենակետային մարզաձև է, սակայն վերջին անգամ մեր երկրում` Երևանում, ձյուդոյի միջազգային ներկայացուցչական ստուգատես` Եվրոպայի երիտասարդական առաջնություն անցկացվել է 2009-ին: Դրանից հետո հայտ է ներկայացվել, որ 2011-ին Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալի Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցներին, սակայն հետագայում ստիպված էինք հետ կանգնել այդ մտադրությունից:

Հրաժարվեցինք, քանի որ Հայաստանի կառավարությունը ֆինանսներ չտրամադրեց այդ ծրագիրն իրականացնելու համար:

Մինչդեռ 2009-ին մարզահամերգային համալիրում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո ոգևորությունը մեծ էր, քանի որ այն Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր բարձր մակարդակով: Ընդ որում, պատվիրակներ էր ուղարկել նաև Ադրբեջանը:

Գոհ էին մնացել ոչ միայն բոլոր երկրների մասնակիցները, այլև Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիան, որն այս ստուգատեսը ճանաչել էր տարվա լավագույն մարզական միջոցառում:

Եվ ահա, հուլիսի 18-20-ը Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելու է ԱՊՀ երկրների բանակային մարզիկների ձյուդոյի առաջնություն:
Հայաստանը նախապատրաստվում է մարզիկներ տատամի դուրս բերել այդ ստուգատեսի 7 քաշային կարգերի մրցումներում: Անցկացվելու է նաև թիմային հաշվարկ:

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ անգամ են կարողությունները փորձելու այս ստուգատեսում: Մերոնք 2012-ին 3-րդ տեղ են գրավել, 2013-ին` 2-րդ:
Սպասելիքներ կան բոլոր մարզիկներից, իսկ չեմպիոն կարող են դառնալ մեր 60 կգ, 66 կգ, 73 կգ քաշային ձյուդոյիստները:

60 կգ քաշային կարգում նախապատրաստվում են Հովհաննես Ալեքսանյանը, Գրիգոր Իվանյանը, 66 կգ քաշային կարգում` Դավիթ Ղազարյանը, Արսեն Ղազարյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Մհեր Կարապետյանը, 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը: 100 կգ քաշային կարգում առայժմ հստակեցված չէ, թե ով է հանդես գալու: Իսկ գերծանր քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Ազատ Աբրահամյանը:

Թիմը համալրելու հնարավորություն կա, քանի որ թույլատրվում է, որ մասնակցեն նաև պայմանագրային ծառայողներ:

Tags: ,