Ջերմոցները կաշխատեն նոր տեխնոլոգիաներով, իսկ ներկրվող բանջարեղենը կփոխարինվի տեղականով

nkar jermocԲանջարեղենի և մրգի պահանջարկը մեծապես ապահովում են ջերմոցային տնտեսությունները: Դրանք արտադրանք են տալիս տարվա այն եղանակին, երբ բաց դաշտում դա հնարավոր չէ: Մեր երկրում դրանք առավելապես զարգացած են եղել 1970-1980 թթ., սակայն անկում են ապրել ճգնաժամի հետևանքով: 2000-2001 թթ. որոշ ջերմոցներ սկսել են ակտիվանալ:

Գյուղնախարարության տվյալների համաձայն՝ ՀՀ տարածքում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների (հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ) մակերեսը կազմում է ավելի քան 500 հա, իսկ սինթետիկ թաղանթապատ ջերմատների ընդհանուր մակերեսը` 160 հա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թ. 97 հա փակ գրունտում արտադրվել է 5986 տ բանջարեղեն, իսկ 2012 թ.` 173 հա պաշտպանված գրունտում 12346 տ:
Ջերմոցներ հիմնականում մշակվում են Արարատյան դաշտավայրում, սակայն Կոտայքի մարզում, ցածրադիր լեռնային գոտիներում նույնպես տնտեսվարողները զբաղվում են ջերմոցային գյուղատնտեսությամբ: Ընդհանուր առմամբ, այսօր գործում է 980-1000 ջերմոցային տնտեսություն, որոնց 60 տոկոսում մշակվում է բանջարեղեն և ծաղիկ:
Այսօր ջերմոցներում կազմակերպվում է բանջարեղենային արտադրություն, սածիլների աճեցում, և այս գործընթացների արդյունքում խթանվում է հանրապետության հյուսիսային և լեռնային շրջաններում ջերմասեր բանջարեղենի աճեցումը:

Արտադրական ծավալները, սակայն, մշտապես մտահոգում են ջերմոցային տնտեսություն վարողներին: Նրանք մթերքն ամբողջությամբ իրացնում են, սակայն արտադրական ծավալներն ավելացնելու խնդիր ունեն: Արտադրության և սպառման ծավալներն այսօր այնքան էլ գոհացնող չեն:

1 քմ տարածքի հաշվին ջերմատնային տնտեսությունները կարողանում են ստանալ շուրջ 18-20 կգ բանջարեղենային արտադրանք` վարունգ, լոլիկ և այլն: Այն պարագայում, երբ զարգացած երկրներում նույն միավոր տարածքից ստացվում է 40-45 կգ բերք:
Ջերմոցային տնտեսությունների գործունեությունը մեր երկրում ևս կարող է եկամտաբեր ուղղություն համարվել, եթե արդյունավետ օգտագործվեն բոլոր հողակտորները և ներդրվեն տնտեսության վարման և բույսերի վերամշակման նոր տեխնոլոգիաներ:
Նորագույն տեխնոլոգիաներ ներդնելը ներկայումս խնդիր է մի շարք տնտեսությունների համար, ուստի նրանցից շատերը հայտնվել են ընտրության առջև. վերսկսե՞լ, թե՞ դադարեցնել գործունեությունը: Նրանք ինտենսիվ տեխնոլոգիաների բացակայության պատճառով, շուրջտարին քրտնաջան աշխատելով, չեն կարողանում ապահովել բավարար շահութաբերություն: Բացի այդ, գազի սակագնի թանկացումը հանգեցնում է բերքի ինքնարժեքի բարձրացման` ստեղծելով անհավասար մրցակցություն:
Ձմռան ամիսներին հանրապետություն ներկրված բանջարեղենի ինքնարժեքն ավելի ցածր է հայրենական արտադրության բանջարեղենի ինքնարժեքից, ինչի հետևանքով տեղական արտադրության բանջարեղենը ներքին շուկայում դառնում է անմրցունակ:
Սակայն պարզվում է, որ հնարավոր է աստիճանաբար փոխել իրավիճակը և ներքին շուկան հագեցնել տեղական արտադրության որակյալ մթերքով:

Ըստ ոլորտում ընդունված նոր հայեցակարգի` հեշտացվել է ջերմոցային տնտեսություն հիմնելը: Նոր հեշտացված կարգով կարելի է ջերմոց հիմնել մինչև 1000 քմ տարածք զբաղեցնելու պարագայում: 1000 քմ-ից ավելի տարածք զբաղեցնելու դեպքում արդեն կիրառվում են որոշ չափանիշներ:

Նոր հայեցակարգով ջերմատնային տնտեսությունների համար առաջարկվում են նաև նպատակային միջնաժամկետ և երկարաժամկետ մատչելի վարկավորման մեխանիզմներ, տեղական արտադրության բանջարեղենի սպառման ծավալների խթանում և տեղական արտադրության բանջարեղենի մրցունակության բարձրացում: Գյուղնախարարությունն ակնկալում է առաջիկա 3-5 տարվա ընթացքում շուրջ 3 անգամ ավելացնել ջերմատնային տնտեսությունների թիվը և ձմռան ամիսներին հանրապետություն ներկրվող բանջարեղենը փոխարինել տեղական արտադրությամբ: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հիշեցնում է, որ այս մասին նախանշված է նաև ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում:
Նախարարությունում դեռ վաղ են համարում կանխատեսումներ անել, թե ծրագիրն ինչքանով կօգնի թեթևացնելու տնտեսվարողի հոգսերը և ավելացնելու գործունեության եկամտաբերությունը: Փոխնախարարը միայն վստահեցնում է, որ ջերմոցները կդառնան շահութաբեր, եթե հողատարածքների շահագործման արդյունավետությունը մեծանա, արտադրությունը կրկնապատկվի, իսկ իրացումն էլ շուկայում հավասար մրցակցություն ապահովի:
Յուրաքանչյուր մետր հողատարածք պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվի: Այնինչ, ջերմատների միայն 20 տոկոսն է այսօր մոդեռնացված և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած:
Ի դեպ, հանրապետության տարածքում ջերմոցների զարգացման և գործունեության խթանման ուղղությամբ 2011-ից աշխատանքներ է իրականացնում նաև Հայկական բերքի առաջմղման կենտրոնը: Այն պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծված ընկերություն է, որի բաժնետոմսերի 49%-ը պատկանում է պետության կողմից ստեղծված Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին, իսկ 51%-ը` մասնավոր հատվածին:
Հայկական բերքի առաջմղման կենտրոնը մշակել է մի ծրագիր, որը ջերմոցային տնտեսություններին առաջարկում է արտադրական նորագույն մեխանիզմներ: Ծրագրի հեղինակների գնահատմամբ` 500 հա ջեռուցվող ջերմոցներում տարեկան կարելի է աճեցնել մինչև 300-350 հազար տ բանջարեղեն, իսկ 1500 հա չջեռուցվող թաղանթապատ ջերմոցներում` 75 հազար տ, հիմնականում` նախատեսված Ռուսաստանի առևտրային ցանցերին շուրջտարի մատակարարելու համար: Հանրապետության տարբեր շրջաններում այս նպատակով կհատկացվեն չմշակված հողեր` 2 հազար հա ընդհանուր տարածքով:
Կենտրոնն այժմ բանակցություններ է վարում այն ներդրողների հետ, որոնք ցանկություն ունեն գնելու հողային տարածքներ ջերմոցային տնտեսություններ կառուցելու համար: Ծրագրի նախաձեռնողները ներդրողներին կապահովեն ջերմա-էլեկտրա-գազա- և ջրամատակարարման ենթակառուցվածքներով, կօժանդակեն վարկեր ստանալիս:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետարանի առաջարկին, այն է` օտարել Նորագավիթ թաղամասին հարակից 63 հա հող: Այս տարածքի վրա մոտ ժամանակներս կսկսվի բարձր շահութաբերություն խոստացող ծրագրի իրականացումը: Արտասահմանյան առաջատար տեխնոլոգիաները հնարավորություն կտան այստեղ բանջարեղենի միջին բերքատվությունը 1 քմ-ի վրա հասցնել մինչև 60-70 կգ-ի:
«Սա աննախադեպ խոշոր ծրագիր է, որը կնպաստի ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների զարգացմանը, հզոր սառնարանային ձեռնարկությունների ստեղծմանը: Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում ջերմատների կառուցման ծրագրին կհաջորդեն հանրապետության տարբեր մարզերում 8-10 ջերմատնային գոտիների ստեղծումը` մոտ 450 հա ընդհանուր տարածքով, և 1500 հա տարածքում պոլիէթիլենի թաղանթով ծածկվող չջեռուցվող ջերմոցների կառուցումը», – մեզ հետ զրույցում հայտնեց Հայկական բերքի առաջմղման կենտրոնի ներդրումների տնօրեն Ալեքսան Առաքելյանը:

Ջերմոցները Հայաստանում գուցե զարգանան, եթե, իհարկե, բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն, իսկ էժան վարկերն էլ հասանելի դառնան բոլոր տնտեսություններին:
Լ.Ն

Tags: , ,