Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մոտ էին հաջողությանը, սակայն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Սփոփանք պետք է համարել այն, որ երիտասարդների մրցաշարում մեր երկրի պատվիրակն արժանացավ Չինաստանի Նանկին քաղաքում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի: Թե ինչու մեր երկրի մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձան առանց մեդալի, խնդրեցինք պարզաբանել մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին:
- Բախտը մեզնից երես էր թեքել դեռ Եվրոպայի առաջնությունը չսկսված: Անախորժ իրավիճակ ստեղծվեց ինքնաթիռով Մոսկվայից Սոֆիա ուղևորվելուց հետո: Բուլղարիայի մայրաքաղաք հասնելուց հետո պարզվեց, որ մեր ուղեբեռը տեղ չի հասել: Այն մեկ օր ուշացումով ստացանք, բայց այդ ընթացքում նյարդայնացած էինք, անգործության մատնված:
Ընդհանրապես լրջորեն էինք նախապատրաստվել և մեծ սպասելիքներ ունեինք: Բայց մարմնամարզիկների մեծ մասը չարեց այն, ինչին ունակ է:
Իրեն լավագույնս դրսևորեց Վիգեն խաչատրյանը, ներդրեց բոլոր ուժերը և երիտասարդների առաջնությունում, բազմամարտում գրավելով 6-րդ տեղը (81,65 միավոր)` լրացրեց պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի վարկանիշը: Այդ պատվին էին արժանանում 1-19-րդ տեղերը գրավողները: Ընդ որում, նա անսպասելիորեն երկու մրցաձևում հայտնվեց եզրափակչում: Բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս Վիգենն օղակների վրա վարժություններում 8-րդն էր: Խաչատրյանը կարող էր մրցանակակիր դառնալ հենացատկերում, սակայն երկրորդ մրցափորձն անհաջող կատարեց և բավարարվեց 5-րդ տեղով: Նա պետք է բարդացնի վարժությունների կատարման իր ծրագրերը, որպեսզի պատանեկան օլիմպիական խաղերում բազմամարտում և առանձին մրցաձևերում պայքարի մեդալների համար:
Դառնալով երիտասարդական առաջնությանը` նշեմ, որ Ռուսաստանի թիմի կազմում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դալալոյանը: Նա Հայաստանից չէ, Մոսկվայում է մեծացել, վարպետացել «Դինամո» ակումբում: Արդեն 5 տարի է` այդ մարմնամարզիկն ուշադրության կենտրոնում է: Հայաստանում շնորհալի պատանիներ կան, և եթե պայմաններ ստեղծվեն, կաճեն այդպիսի բարձրակարգ և գուցե ավելի ուժեղ մարմնամարզիկներ: Մեր երկրում եղած վատ մարզագործիքների վրա նախապատրաստված Խաչատրյանը հավասար պայքարում էր Դալալոյանի հետ: Իսկ Սեդա Թութխալյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում դարձավ չեմպիոն: Թերևս նրա տեղափոխվելը Հայաստանի հավաքական տեխնիկական խնդիր է: Բայց մոսկվաբնակ մեր հայրենակցուհին Ռուսաստանում բարձր է վարձատրվում, այդպիսի հնարավորություն մեր երկրում չկա: Բացի այդ, ինքս այն կարծքին են, որ ավելի ճիշտ կլինի փողերը ծախսել տեղի կադրերի պատրաստականության մակարդակը բարձրացնելու համար:
- Անդրադառնանք մեր չարդարացված հույսերին:
- Հարություն Մերդինյանն իր նախասիրած մրցաձևում չկարողանալով մտնել եզրափակիչ, գրավեց 20-րդ տեղը (14,2): Երբ պատրաստվում էր մոտենալ մարզագործիքին, համակարգիչները խափանվեցին, լուսատախտակի վրա զրոներ վառվեցին: Երբ մարզիկի անունը գրվում է, նա մեկ րոպեի ընթացքում պետք է մոտենա և կատարի վարժությունները, բայց Հարությունը կանգնած սպասեց 15 րոպե, հնարավոր չէր չնյարդայնանալ: Փաստորեն, նա հուզվեց, նաև «սառեց»: Եվ վարժության ընթացքում անհասկանալի բան կատարվեց, Մերդինյանը «իջավ» և արժեքավոր միավորներ կորցրեց…
Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունները լավ կատարեցին, մտան եզրափակիչ և վաստակած 15,7, և 15,6 միավորներով զբաղեցրին 4-րդ և 5-րդ տեղերը: Մերոնք մոտ էին մրցանակակիր դառնալուն, եզրափակչում էլ ավելի լավ գնահատականներ ստացան, քան նախորդ փուլում, բայց մեր մարզիկների մրցակիցներն էլ բարձր գնահատականների արժանացան: Ընդ որում, Թովմասյանն առաջին տեղը գրաված մարզիկին զիջեց միայն մեկ տասնորդական միավորով:
Մերոնց մրցելույթից գոհ եմ, պարզապես մրցավարները նրանց մրցակիցներին մի փոքր նախապատվություն տվեցին: Արթուր Դավթյանը բազմամարտում փորձեց տիրանալ 2015-ին կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերի ուղեգրի: Առաջադրանքը բարդ էր, և նա կատարեց այն: Առաջին երեք տեղերը գրաված մարզիկներն իրենց թիմերի կազմում արդեն արժանացել էին ուղեգրերի և 4-րդը ճանաչված Արթուրը բազմամարտիկներից առաջինը տիրացավ ուղեգրի: Այդ պատվին էին արժանանում 1-12-րդ տեղերը գրավողները: Սակայն պարզ չէ` նա կարողությունները կփորձի՞ այդ ստուգատեսում, թե՞ ոչ: Բանն այն է, որ Եվրոպայի օլիմպիական խաղերի մասնակիցներին հյուրընկալելու է Բաքուն: Այդ մասին վերջնական որոշում կկայացնեն ՀԱՕԿ-ի և մեր երկրի մարզական պետական կառույցի ղեկավարները: Արթուրի նախասիրած մրցաձևը հենացատկերն են, բայց առաջին ցատկից հետո նա ընկավ: Քանի որ մենք ժամանակակից մարզագործիքներ չունենք, ինձ համար անհասկանալի էր, թե ինչ կատարվեց: Միայն եզրափակչի ժամանակ պարզեցի դա, երբ նույն ճակատագրին արժանացավ հոլանդացի մարզիկը: Կազմակերպիչները բացահայտեցին, որ կամրջակի հետ կապված խնդիր կա, այն հրվելու ժամանակ սահեցնում է մարզիկին: Հոլանդացուն թույլատրվեց կրկին ցատկ կատարել: Եթե դա իմանայինք, մենք էլ կպահանջեինք, բայց քանի որ ժամանակակից մարզագործիքներ չունենք, կատարվածը սկզբում հանելուկ էր մեզ համար: Այդ է պատճառը, որ Դավթյանը 13,7 արդյունքով սոսկ 58-րդն էր, մինչդեռ նա պետք է պայքարեր մեդալների համար:
- Մրցավարության մասին ի՞նչ կասեք, այն անաչա՞ռ էր:
- Ինքս առաջնությունը սպասարկող մրցավարների թվում էի: Մեր մարմնամարզիկներն իրենց գնահատականները ստացել են, պարզապես նրանց մրցակիցներն էլ «քնած» չէին:
- Տարբեր մարզաձևերում Ադրբեջանի «առևտուր» անելու, ֆինանսների միջոցով հարցեր լուծելու հետքը կա: Մարմնամարզությունում այդպիսի բան նկատվո՞ւմ է:
- Ահավոր: Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի գլխավոր հովանավորն Ադրբեջանի «Կապիտալ» բանկն է: Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահն ադրբեջանցի Ֆարիդ Գարիբովն է: Ի դեպ, Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Աննա Պավլովան դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
- Արթուր Դավթյանը բանակային է: Խնդիրներ առաջացե՞լ էին, որ նա նախապատրաստվի:
- Թույլատրել էին, որ նա նախապատրաստվի, և մարմնամարզիկը բարեխղճորեն դա կատարել էր: Գաղտնիք չէ, որ բանակում չկան այնպիսի պայմաններ, ինչպիսիք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում են: Սակայն մարզադպրոցի բազան էլ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Վերջերս Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլում մեր մարմնամարզիկներն ակնառու հաջողությունների հասան, քանի որ մրցումների շեմին Դոհայում ուսումնամարզական հավաք էինք անցկացրել: Իսկ այս անգամ առանց ուսումնամարզական հավաք կազմակերպելու էինք ուղևորվել մրցավայր: Ինչ վերաբերում է բանակում եղած պայմաններին, ապա ոմանք փորձում են կրակի վրա յուղ լցնել: Եթե բանակային մարզաբազայում համապատասխան մարզագործիքներ լինեին, ապա ոչ միայն Արթուրը, այլև մեր երկրի հավաքականն այդ մարզասրահում կնախապատրաստվեր:
- Իսկ ինչպե՞ս պետք է Հայաստանի ներկայացուցիչը նախապատրաստվի պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին:
- Ուզում ենք, որ անպայման ուսումնամարզական հավաք կազմակերպվի դրսում, թեկուզ Վրաստանում կամ Իրանում: Դեռևս դեպք չի եղել, որ դիմենք և ՀԱՕԿ-ի ղեկավարությունը չընդառաջի, չաջակցի:
- Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը Չինաստանում կայանալու է աշխարհի առաջնությունը: Քանի՞ մասնակից կունենանք այդ ստուգատեսում:
- Թիմի վերջնական կազմը դեռևս պարզ չէ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինքնաթիռի տոմսերն ինչ արժեք կունենան, հյուրանոցների համարների գներն ինչպիսին կլինեն: Ֆինանսական խնդիրներ ունենք:
Tags: մարմնամարզություն, սպորտ