Զարկ է տրվում միջուկային բժշկության զարգացմանը. Առողջապահության գերազանցության կենտրոն` մայրաքաղաքում

բժշկությունՎերջին տարիներին չարորակ նորագոյացություններով հիվանդացության մակարդակը զգալիորեն աճել է, ինչի հետևանքով ավելացել է նաև մահացությունների թիվը: Վերջին 10 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակչության շրջանում քաղցկեղով հիվանդացությունների թիվն աճել է մոտ 36,9%-ով: Նույն ժամանակահատվածում 31%-ով էլ աճել է բժշկական հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը՝ հասնելով՝ 32580-ի:

Ըստ պաշտոնական տվյալների` մեր երկրում ամեն տարի քաղցկեղի պատճառով անառողջ է ճանաչվում մոտ 2700 մարդ, որի հետևանքով առաջացած տնտեսական վնասը գերազանցում է 70 մլն դրամ:

Մայրաքաղաքի ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալների համաձայն` ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը վերջին տարիներին տարեկան ավելանում է շուրջ 3 տոկոսով: Առավել տարածված ախտորոշումը թոքերի և կաթնագեղձի քաղցկեղն է, ինչը կարող է կապված լինել սննդի որակի, շրջակա միջավայրի աղտոտվածության և մշտական սթրեսների հետ: Սրանք թերևս միայն ենթադրություններ են:

Սկսած IX դարի կեսերից` չարորակ նորագոյացություններն աշխարհում դարձել են մարդկության մահվան հիմնական պատճառներից մեկը: Սակայն դրանց տեսակարար կշիռի ավելացմանը զուգընթաց` բժշկագիտության և առհասարակ գիտության զարգացումը որոշակիորեն արդյունք տալիս է: Բժշկությունն ապացուցում է, որ քաղցկեղի բուժման հիմնական երաշխիքը հիվանդության վաղ բացահայտումն է: Ախտորոշման և բուժման նորագույն եղանակները հնարավորություն են տալիս չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման արդյունավետությունը բարձրացնելու մինչև 95 տոկոս առողջացման: Սակայն մեր երկրում հիվանդության վաղ ախտորոշումը խնդիր է` պայմանավորված մասնավորապես հիվանդանոցների ոչ բավարար տեխնիկական հագեցվածությամբ և նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող կադրերի պակասով: Բացի այդ, բնակչության շրջանում լայնորեն տարածված է քաղցկեղի անբուժելիության մասին տեսակետը: Բժշկագիտությունը վստահեցնում է, որ ուռուցքների շատ տեսակներ հաջողությամբ կարող են բուժվել, եթե վաղ ախտորոշվեն:

Հարկ է նշել, որ մեզանում քաղցկեղի հետազոտման և ախտորոշման բոլոր ծառայությունները բավական թանկ արժեն, իսկ պետպատվերը մասամբ է գործում: Էլ չենք խոսում անհրաժեշտ դեղորայքի և քիմիաթերապիայի համար պահանջվող գումարների մասին:

Այսօր կլինիկական պրակտիկայում լայնորեն ներդրվում են իզոտոպային հետազոտման մեթոդները: Հաստատված է, որ որոշ ռադիոակտիվ պատրաստուկներ՝ ֆոսֆորը, յոդը, ստրոնցիումը, ոսկին, ավելի մեծ քանակությամբ կլանվում են ուռուցքային բջիջներից, քան բնականոն բջիջներից, ինչն էլ հնարավորություն է տալիս, ըստ ռադիոակտիվ նյութի տեղաբաշխման, հայտնաբերելու ուռուցքները և մետաստազները:

Մեր երկրի առողջապահական համակարգում արդեն մոտ 2 տարի է` փորձ է արվում զարգացնելու միջուկային բժշկությունը, որը նպաստելու է քաղցկեղի առաջացման, հետագա բուժման և ամենակարևորը՝ հիվանդության կանխարգելման հետ կապված բոլոր խնդիրների լուծմանը: Խոսքը վերաբերում է Հայաստանում «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն» ստեղծելու գաղափարին, որն արդեն իրականություն է: Ի դեպ, վաղուց արդեն Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հարևանությամբ մեկնարկել են կենտրոնի շինարարական աշխատանքները:

Գործելու է մոլեկուլյար և ճառագայթային գերժամանակակից ախտորոշման կենտրոն: Մասնագետների գնահատմամբ` կենտրոնի գործունեությունը հնարավորություն կտա առաջին հերթին ախտորոշելու և կանխարգելելու հիվանդության հետագա զարգացումը, սակայն միայն վաղ ախտորոշման պարագայում:

Սա երկարաժամկետ ծրագիր է և մշակվել է պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ Էկոնոմիկայի ու առողջապահության նախարարությունների հետ համատեղ: Նախատեսվում է ստեղծել ռադիոիզոտոպների արտադրություն, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոն և ուռուցքաբանական կլինիկա: Այդպիսով, փորձ է արվելու մեր երկրում առկա ռեսուրսներով և նորագույն մոտեցումներով սստեղծել և զարգացնել քաղցկեղի ախտորոշման և բուժման կլաստեր:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը մատուցելու է ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային և ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապևտիկ բուժման բարձրակարգ ծառայություններ:

Ներկայումս ավարտին են մոտենում ՀՀ պետական միջոցներով ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքները: Կենտրոնի ստեղծման կարևորությունը մասնագետները համարում են այն, որ կառույցը հնարավորություն կտա հիվանդության դեռ վաղ փուլում ճշգրիտ ախտորոշելու քաղցկեղը:: Բացի այդ, կենտրոնը լինելու է նաև մասնագիտական կադրերի վերապատրաստման հաստատություն:

Կենտրոնը հագեցած կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ: Կենտրոնը հագեցված կլինի համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներով, մամոգրաֆներով, ռենտգեն ստացիոնար և շարժական սարքավորումներով, կունենա ախտորոշման տարբեր բաժանմունքներ:

Նշենք, որ ծրագրի առաջին փուլն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի և բելգիական կառավարության կողմից տրամադրված վարկերի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվելու է 3 հիմնական փուլերով: Առաջին փուլը ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծումն է: Երկրորդ փուլում նախատեսվում է ստեղծել ճառագայթային բուժման կենտրոն, որը կմատուցի արտահիվանդանոցային ծառայություններ: Նախատեսվում է մասնավոր ներդրողի առկայության պարագայում ծրագրի երրորդ փուլը մեկնարկել 2014 թ.: Այդ փուլում արտահիվանդանոցային կենտրոնին զուգահեռ կկառուցվի քիմիաթերապիայի և վիրաբուժական կենտրոն` առնվազն 150 մահճակալներով: Այստեղ արդեն կիրականացվեն օնկոլոգիական վիրահատություններ և հոսպիտալացված բուժում:

Ըստ նախնական հարցումների` այստեղ ծառայության սակագները կլինեն ոչ այնքան թանկ: Նախատեսված է այն հասանելի դարձնել ազգաբնակչության բոլոր շերտերի համար: Հարկ է նաև հաշվի առնել, որ վաղ ախտորոշման շնորհիվ այն ավելի մատչելի կլինի: Ներկայումս օնկոլոգիական ծառայությունները թանկ են այն հիվանդների համար, որոնք արդեն հիվանդության ամենածանր փուլում են, և հետագա բուժումը պահանջում է թանկ դեղորայք:

Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի իրականացման բյուջեն կազմում է 24-26 մլն դոլար, որից շուրջ 12,4 մլն դոլարը նախատեսված է ճառագայթային բուժման կենտրոնի, իսկ շուրջ 12-14 մլն-ը՝ քիմիթերապիայի և վիրաբուժական կենտրոնի ստեղծման համար:

Մասնագիտական գնահատականների համաձայն` ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը կդառնա տարածաշրջանի առաջատար, եթե կենտրոնն իսկապես ի վիճակի լինի իրագործելու այս հավակնոտ ծրագիրը:

Ինչ վերաբերում է կադրային պատրաստվածությանը, ապա հայ մասնագետների հետ տեղեկատվության փոխանակման նպատակով մեր երկիր են հրավիրվելու տվյալ ոլորտի առաջատարները: Որակյալ ծառայությունների ապահովման նպատակով իրականացվելու են բժիշկների և մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Միաժամանակ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ համագործակցության շրջանակներում աշխատանքներ են տարվելու գիտահետազոտական ներուժի զարգացման, նորարարական ունակությունների խթանման ուղղություններով:

Ուռուցքային հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն իրականացվելու են միջազգայնորեն լայն տարածում գտած և ՀՀ-ի կողմից ընդունված չափորոշիչների, բուժման ընթացակարգերի և մեթոդների հիման վրա:
Ըստ նախնական կանխատեսումների՝ ռադիոիզոտոպների արտադրության մասնաշենքի կառուցումը կավարտվի տարեվերջին, որը հավանաբար լիարժեք կսկսի գործել եկող տարվա սկզբից:

Լ.Ն