Ինչպես է Առաջին հեռուստաալիքը նախատեսում ներկայացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

futboli-ashxarhi-201-n49607-1Հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մարզասերներն անհամբերությամբ են սպասում: Տոն կլինի ոչ միայն օվկիանոսի այն ափին: Հեռարձակումների միջոցով խաղերի ընթացքին կհետևեն ամբողջ աշխարհի միլիարդավոր մարզասերներ: Բացառություն չեն կազմի նաև մեր երկրի բնակիչները: Պատասխանատու այդ գործը ստանձնել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: Պարզելու համար, թե ինչ է սպասում մարզասերներին, զրուցեցինք Առաջին հեռուստաալիքի մարզական հաղորդումների ղեկավար Սերոբ Օհանյանի հետ:

- Նախ, հետաքրքիր է, թե ֆուտբոլն ինչ տեղ ունի ձեր կյանքում:
- Հակիրճ պատասխանելը դժվար է: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ այն իմ կյանքի ամենամեծ հետաքրքրությունն է կամ իմաստը: Այդուհանդերձ, շատ եմ սիրում ֆուտբոլ, այն ինձ գրավում է: Հայաստանի հավաքականի խաղերին ամեն անգամ հետևում եմ սրտի թրթիռով և մեծ հուզմունքով, ոգևորվում ամեն մի հաջողությունից: Նաև անգլիական ֆուտբոլի սիրահար եմ, այդ երկրի հավաքականի երկրպագուն: Արդեն երկու տասնամյակից ավելի ցավում եմ անգլիական «Լիվերպուլի» համար:

- Նախկինում` պատանեկան, երիտասարդական տարիքում ֆուտբոլով կանոնավոր զբաղվե՞լ եք:
- Ոչ: Ամեն ինչ սահմանափակվել է բակային ֆուտբոլով, երբ մեր թաղամասի տարբեր շենքերի տղաների հետ թիմեր էինք կազմում և ֆուտբոլային մրցաշարեր կազմակերպում:

- Քանի որ Հայաստանի հավաքականին անդրադարձաք, հետաքրքիր է` այն երբևէ կխաղա՞ աշխարհի առաջնությունում:
- Բոլորս հույսեր ենք փայփայում և սպասում դրան: Իսկ դա իրականություն կդառնա, թե ոչ, կախված է միայն խաղացողներից և մարզիչներից, ինչ խոսք, նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որը փորձում է հնարավորն անել, որպեսզի մեր երկրի ազգային հավաքականն ուժեղ խաղացողներով համալրվի և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրի: Հայկական ֆուտբոլը զարգացնելու գործում որոշակի դեր ունի նաև մեր հեռուստաընկերությունը, և հուսահատվելու իրավունք չունենք:

- Առաջին հեռուստաալիքն ինպե՞ս է նախատեսում ներկայացնել աշխարհի առաջնությունը:
- Ուղիղ կհեռարձակվեն բոլոր 64 խաղերը, իսկ շատ ուշ ժամերին անցկացվելիք խաղերի տեսագրությունները կցուցադրվեն նաև ցերեկը: Խմբային մրցաշարերի վերջին տուրի հանդիպումները նույն ժամերին են կայանալու: Այն խաղերը, որոնք ուղիղ եթերով չեն ցուցադրվի, հետո տեսագրությամբ կներկայացվեն: Ֆուտբոլային խաղերը կներկայացվեն նաև Առաջին հեռուստաալիքի պաշտոնական կայքով:

- Առաջին հեռուստաալիքն ունի ֆուտբոլային հաղորդում` «Լրացուցիչ ժամանակ»: Բացի այդ, աշխարհի առաջնության օրերին նախատեսվո՞ւմ են ֆուտբոլին նվիրված այլ հաղորդումներ:
- Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ, ստուգատեսին նվիրված հեռուստաշոու կկազմակերպվի, որին կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի լավագույն մասնագետներից մի քանիսը: Նրանք կհայտնեն իրենց նկատառումները, սպասելիքները: Ամեն օր կներկայացվի առաջնության օրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն նախորդ օրվա խաղերի ամենադիտարժան դրվագները: Հրավիրվելու են ճանաչում ունեցող մարդիկ` ոչ միայն սպորտի բնագավառից: Նրանք կարծիքներ կհայտնեն խաղերի և առաջնության ընթացքի մասին, կանխատեսումներ կանեն: Ֆուտբոլային հաղորդումները սկսվելու են ժամը 19:00-ից, իսկ օրվա առաջին հանդիպումը հեռարձակվելու է ժամը 20:00-ին, այնուհետև` 23:00-ին և 2:00-ին: Միայն մեկ հանդիպում, որը կայանալու է Ճապոնիայի և Կոտ դ’ Իվուարի հավաքականների միջև, նախատեսված է ցուցադրել ժամը 5:00-ին:
- Հնարավո՞ր է, որ հեռարձակումներին խանգարեն տեխնիկական դժվարությունները:
- Տեխնիկական անձնակազմն ամեն ինչ անում է, որ թերություններ, անցանկալի միջադեպեր չառաջանան: Հնարավոր է` խնդիրներ ծագեն միայն` կապված արբանյակային ազդանշանի հետ, որոնք կփորձենք արագորեն շտկել:

- Ովքե՞ր են մեկնաբանելու խաղերը:
- Այդ աշխատանքում կներգրավվեն մարզական հաղորդումների խմբագրության աշխատողները: Խաղերը կմեկնաբանեն Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը, Ռոբերտ Գասպարյանը: Եվ քանի որ կարևորում ենք նաև փորձագետների կարծիքը, մեր հաղորդավարների հետ միասին եթերում կլինեն և տարբեր դրվագների հետ կապված պարզաբանումներ կտան ֆուտբոլային մասնագետները՝ Աբրահամ Խաշմանյանը, Ալբերտ Սարգսյանը, Կարեն Դոխոյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Պետիկյանը և ուրիշներ:

- Միայն վերջի՞ն սերնդի մարզիչներ են մասնակցելու:
- Առաջնության բացմանը նվիրված հաղորդմանը նախատեսել ենք, որ ներկա կգտնվի նաև Արկադի Անդրիասյանը

- Նախկին փորձը ցույց է տվել, որ խոշորամասշտաբ ստուգատեսների հեռարձակումների ընթացքում երբեմն մեկնաբանները կոպիտ վրիպումներ են թույլ տալիս, զավեշտական բաներ ասում: Եվ դժգոհություններն անպակաս են` կապված ոչ միայն հաղորդավարների մասնագիտական, այլև հայերենի տերմինաբանության իմացության հետ: Ի՞նչ է արվում, որ այդպիսի դեպքերը բացառվեն:
- Այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում, սակայն դրությունը միանգամից շտկել հնարավոր չէ, միշտ էլ կարելի է սխալներ գտնել: Քննադատությունն էլ ըմբռնումով ենք ընդունում, փորձում սխալները շտկել:

- Ինչո՞վ է բացատրվում, որ Հայաստանում միայն Առաջին հեռուստաալիքը պետք է հեռարձակի աշխարհի առաջնության հանդիպումները: Մյուս հեռուստաընկերությունները չե՞ն կարող դա անել:
- Առաջին հեռուստաալիքը Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ է, որը հնարավորություն է տվել գնելու համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ստուգատեսի ցուցադրման իրավունքը: Մեզ արդեն դիմել են «Արմենիա» և «Հ2» հեռուստաընկերությունները, որպեսզի առաջնությունից իրենց կադրեր տրամադրենք, և համաձայնել ենք:

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռուստաընկերությունների` ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակումների հարցում որևէ դերակատարություն ունի՞:
- Ոչ, չունի:

- Ժամանակակից տեխնիկական հնարավորությունները շատ մեծ են, և վճարովի մալուխային հեռուստատեսությամբ, արբանյակային կապի, առավել ևս` համացանցի օգնությամբ ֆուտբոլասերները կարող են խաղերը դիտել:
- Հայաստանի տարածքում Ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակումը վերպահված է Առաջին հեռուստաալիքին: Պատրաստվում ենք մյուս բոլոր հեռուստաալիքներին նամակներ ուղարկել և տեղեկացնել, որ Հայաստանի տարածքում խաղերի հեռարձակման բացառիկ իրավունքը մերն է:

- Բայց ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից ցուցադրումներ կատարելու արգելքը կարող է դժգոհությունների պատճառ դառնալ: Մարդիկ վճարովի հեռուստաընկերությունների ծառայությունից են օգտվում, որպեսզի այլընտրանք ունենան, ցանկալի մակարդակով հաղորդումներ դիտեն, մեկնաբանություններ լսեն: Ի վերջո, հնարավոր է, որ այդ պարագայում ոմանք հրաժարվեն այդ հեռուստաալիքներից օգտվելուց: Չի բացառվում, որ եթե փոխպայմանավորվածությամբ հարցերը չկարգավորվեն, տարաձայնություններ ծագեն, աղմուկ բարձրանա և, նրբությունների հետ կապված, խնդիրը հասնի իրավաբաններին: Լավ, կանխատեսելը, իհարկե, անշնորհակալ գործ է, այդուհանդերձ ի՞նչ եք կարծում, եզրափակչում ո՞ր երկրների հավաքականները կմրցեն:
- Ցանկանում եմ, որ հանդիպեն Անգլիայի և Ուրուգվայի հավաքականները:

Tags: ,