«Սև ոսկին»` հարաբերությունները հարթելու հարմար միջոց

tehran vs washingtonՀետևելով տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` նկատում ենք, որ այդ երկրներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան հակասություններ: Եթե Իրանի շահագրգռությանն անդրադարձել էինք նախորդ` «Թեհրան-Վաշինգտոն. հնարավո՞ր է թշնամին դառնա «բարեկամ» հոդվածում, ապա այժմ կփորձենք պարզաբանել, թե ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ինչ շահեր ունի, առավել ևս` այն ժամանակ, երբ ըստ ամերիկացիների` պատժամիջոցներն արդյունք տալիս են: Հետաքրքիր է` ինչ է փոխվել ներկայումս:

Այն թեզը, որ ամերիկացիները տարածաշրջանում անցնում են «կառավարելի քաոսի» ռեժիմի, ավելի իրական է թվում: Սխալ է կարծել, թե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար հիմնական դաշնակիցը սունիական դավանանքի ներկայացուցիչներն են՝ ի դեմս Պարսից ծոցի միապետությունների, Թուրքիայի, Պակիստանի: ԱՄՆ-ի համար միշտ էլ կարևոր է եղել սունիական և շիական հավատքի գործոնների և՛ հակադրումը, և՛ հավասարակշռումը: Ուստի, շիական գործոնի ջախջախումը կամ թուլացումը չի մտել ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերի մեջ:

ԱՄՆ-ի նպատակն է Իրանին «ենթակա գործընկերոջ» կարգավիճակի պարտադրումը և այդ երկրի վառելիքահումքային պաշարների ու դրանց առաքման ուղիների վերահսկումը: Դա մոտավորապես ենթադրում է այնպիսի մոդել, ինչպիսին գործում է Պարսից ծոցի էներգակիրներով հարուստ երկրների դեպքում։ Այլ հարց է, որ դա չի ստացվում Իրանի պարագայում: Այդ պատճառով էլ փոխվում են մարտավարական մոտեցումները: Թեև ԱՄՆ-ի պլաններում Իրանն այսուհետ էլ մեկուսացված կլինի, սակայն պատժամիջոցները պետք է մեղմացվեն. արևմտյան ընկերությունների որոշակի մասնակցությամբ իրանական նավթը և գազը պետք է հոսեն արտաքին շուկա։

Եթե Վաշինգտոնը այլընտրանքային տեխնոլոգիաների օգնությամբ ապագայում կարողանա բավարարել նավթի և գազի իր պահանջարկը, բնավ չի նշանակում, որ հետաքրքրությունը կկորցնի Մերձավոր Արևելքի նկատմամբ և դուրս կգա այդ տարածաշրջանից: ԱՄՆ-ն շարունակելու է ձևավորել ամբողջ աշխարհում էներգակիրների վերահսկման և փոխադրման իրեն ձեռնտու համակարգը։
Նախադրյալներ կան ենթադրելու, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունների մեջ կրկին առաջ է մղվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը:

ԱՄՆ-ի կողմից ներմուծվող նավթի պահանջարկի նվազման, ինչպես նաև Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հնարավոր վերացման արդյունքում իրանական նավթի արդյունահանման ծավալն օրական կավելանա 3-4 մլն բարելով: Միաժամանակ լիբիական ու իրաքյան նավթի արդյունահանման ծավալների 2-3 մլն բարելով ավելացումը կնպաստի համաշխարհային շուկայում նավթի գների նվազմանը: Դա կհանգեցնի Ռուսաստանի նավթային եկամուտների նվազմանը, հետևաբար և` ռուսական պետության թուլացմանը: Իհարկե ԱՄՆ-ն շահագրգռված է, որ նավթի գինն իջնի, բայց ոչ շատ:
Միաժամանակ չի բացառվում, որ ԱՄՆ-ն վերանայի իրանական գազը Եվրամիության ուղղությամբ արգելափակելու դիրքորոշումը, որը նաև ԵՄ-ի շահերին է հակասում:

Եթե իրանական էժան գազը, սիրիական, իրաքյան և Միջերկրական ծովի բնական գազի հետ ուղղորդվի դեպի Եվրամիության երկրներ, ապա եթե նույնիսկ չձախողվի ռուսական «Հարավային հոսքի» կառուցումը, ապա Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից կնվազի: Առանց իրանական կամ մերձավորարևելյան գազի` Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ռուսական գազից չի վերանա:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կրկին կնպատակադրվի իրանական նավթի և գազի արդյունահանման և տեղափոխման նախագծերում որոշակի մասնակցություն ունենալ, որպեսզի համաշխարհային շուկայում իրանական էներգակիրների մասնաբաժինը մեծացվի: Այսպես ԱՄՆ-ն փորձում է փլուզումից փրկել այսպես կոչված «նավթադոլարի համակարգը», որը վտանգի տակ է հայտնվել հենց այս պատժամիջոցների կիրառման հետևանքով: Նավթի առուվաճառքի միջազգային գործարքներում միտում է նկատվում շրջանցելու դոլարը, և որպես վճարման միջոց օգտագործվում է չինական յուանը, եվրոն, հնդկական ռուփին, ոսկին կամ տարբեր բարտերային մեխանիզմներ:

Արդյոք Իրանը չի վնասում իր անվտանգությունը` կրկին դռները բացելով արևմտյան կապիտալի առջև: Իրանի սահմանադրության համաձայն` բաժնետոմսեր չեն հատկացվում օտարերկրյա ներդրողներին նավթի և գազի հանքավայրերի մշակման համար, սակայն դրանք կարող են շահագործվել «գնել-հետ վերադարձնել» համակարգով: Ըստ այդ համակարգի` նոր տեխնոլոգիաների և ներդրումների փոխարեն օտարերկրյա ներդրողների եկամուտները սովորաբար կազմում են նավթի վաճառքի շահույթի մոտ 15-20 տոկոսը: Այս մեխանիզմի դեպքում օտարերկրյա ներդնողը գնում է պետությունից իր իսկ արդյունահանած նավթը տվյալ պահի շուկայական գներով, իսկ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո հանքավայրը վերադարձվում է Իրանի ազգային նավթային ընկերությանը:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեհը վերջերս հայտարարել էր, որ կարող են էլ ավելի բարենպաստ պայմաններով պայմանագրեր կնքվել օտարերկյա ընկերությունների հետ, հատկապե`ս «Հարավային Ֆարս» գազատարի շահագործման համար:

Ի դեպ, Իրանի նավթարդյունահանման և նավթավերամշակման ճյուղերը կարիք ունեն օտարերկյա զգալի ներդրումների: Արևմտյան ընկերությունները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ներդրումներով կարող են նպաստել նավթի և գազի կորուստների կրճատմանը, դրանց արդյունահանման ծավալների մեծացմանը, հետևաբար` եկամուտների ավելացմանը:
Հավելենք, որ սխալ է կարծել, թե Իրանն այս ամենի արդյունքում կհրաժարվի սեփական միջուկային տեխնոլոգիաներ (թեˊ ռազմական, թեˊ խաղաղ նպատակներով) ստեղծելու քաղաքականությունից: Իրանի միջուկային ռազմավարությունը նույնն է, պարզապես նախագահ Ռոհանիի մարտավարությունն է տարբերվում նախորդից: Այն ենթադրում է մեղմ մեթոդներով, բանակցությունների և փոխհամաձայնությունների միջոցով ժամանակ շահելով` աստիճանաբար հասնել գերնպատակի իրականացմանը: Պատահական չէ, որ Օբամայի ընդդիմախոսները մեղադրում են, որ Իրանի կողմից ոչ այնքան կարևոր զիջումների դիմաց պատժամիջոցների թուլացման արդյունքում կես տարվա ընթացքում Իրանը կրկին կուժեղանա և կստանա իր միջուկային զենքը:

Դժվար է ասել, թե ինչպես կընթանան այս գործընթացները: Սակայն ամփոփելով նշենք, որ իրանաամերիկյան հարաբերությունների բարելավումը երկուստեք էներգետիկ-տնտեսական հետաքրքրությունների արդյունք է, դրանք լուրջ փոփոխությունների են հանգեցնելու, բայց և միաժամանակ տարածաշրջանի հավասարակշռության համար ավելի կայուն նախադրյալներ կապահովեն:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Tags: ,