Որքանո՞վ են օբյեկտիվ էլեկտրաէներգիայի թանկացման` Նազարյանի հիմնավորումները

MHM88651Ազգային ժողովում այսօր անցկացվեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին խորհրդարանական ուժեր, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ բարձրացված հարցերին պատասխանում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ներկայացնելով սակագնի բարձրացման հիմնավորումները` Նազարյանն ասաց, որ դա պայմանավորված է էներգետիկ շուկայի մասնակից ընկերություններին անհրաժեշտ միջոցների հատկացմամբ, որի ողջ գումարը կազմում է 17,5 մլրդ դրամ` 3,85 դրամ կՎտ/ժամի դիմաց:

Նազարյանը ներկայացրեց այդ 17,5 մլրդ դրամի բաշխումն` ըստ ընկերությունների. «Հայաստանի էլեկտրական ցանցեր՝ 5,7 մլրդ դրամ, Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր՝ 2 մլրդ դրամ, Միջազգային էներգետիկ կորպորացիա՝ 0,5 մլրդ դրամ, Երևանի ՋԷԿ՝ 7 մլրդ դրամ, Հայկական ատոմակայան` 1,6 մլրդ դրամ, վերականգվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններ` 1 մլրդ դրամ, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն»-ը ՝ 0,1 մլրդ դրամ»:

Ըստ նրա` Հայաստանի էլեկտրական ցանցերում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է այն հիմնական գործոնով, որ 2013-14 թթ. ընթացքում ատոմակայանի վերալիցքավորման և վերանորոգման աշխատանքներից հետո մի բլոկը նախատեսվածից 88 օր ավելի ուշ է մտել ցանց, և չի արտադրվել 300 մլն կՎտ/ժամ էներգիա: Ստիպված են եղել այդ էժան էլեկտրաէներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի հաշվին:

Գործոններից մեկն էլ եղել է սակավաջուր տարին. «Որոտանի կասկադը և Սևան-Հրազդան կասկադը միասին մոտ 200 մլն կՎտ էլեկտրաէներգիա պակաս արտադրեցին, և այս երկու գործոններով պայմանավորված՝ մենք ունեցանք Հայաստանի էլեկտրական ցանցերում 18.3 մլրդ դրամի վնաս, որը Բաշխիչ ցանցի մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է հատուցվի երեք տարվա ընթացքում»,-ասաց Նազարյանը:

Ռոբերտ ՆազարյանՆերկայացվեցին նաև մյուս ընկերությունների ֆինանսական ճեղքվածքների պատճառները` Բարձրավոլտ էլեկտրական ցանցերինը, օրինակ, առաջացել է վերականգնման և վերազինման ծախսերի, միջպետական էլեկտրական գծերի, ինչպես նաև Իրան-Հայաստան էլեկտրագծի կառուցման համար ստացած արտոնյալ վարկի պատճառով: Միջազգային էներգետիկ կորպորացիայի կամ «Սևան-Հրազդան» կասկադի ֆինանսական ճեղքվածքը` 4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներից, Երևանի ՋԷԿ-ինը` ընկերության կողմից արտոնյալ վարկի ստացումից,
Հայկական ատոմակայանի ֆինանսական ճեղքվածքը` շահագործման և պահպանման ծախսերից, ինչպես նաև շահագործման անվտանգության բարձրացման նպատակով աշխատած վառելիքի պահպանման ծախսերի ավելացումից և ռեզերվային ինքնավար ջրամատակարարում ապահովելու, լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունից: Հիշեցնենք, որ այս խնդիրն առաջ էր եկել այն բանից հետո, երբ ձկնաբուծության հետևանքով Արարատյան դաշտում լրջորեն վնասվել էին արտեզյան ջրային պաշարները:

Ինչևէ, ներկայացրած հիմնավորումները չբավարարեցին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ավելի արդար կլյներ, եթե այս լսումներին մասնակցեին էլեկտրաէնեգիա արտադրող ընկերությունների պատասխանատուները, որոնց ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածքը պետք է «փակի» ՀՀ քաղաքացին. «Այդ կազմակերպությունները, որ միաբերան հայտարարում են, թե աշխատում են 0% շահութաբերությամբ, արդյոք մազոխիստնե՞ր են, թե ոչ: Եթե ընկերությունն աշխատում է 0% շահութաբերությամբ, էստեղ 2 տարբերակ պիտի լինի` կամ հոգեբանական խեղումներ ունեն, կամ ուղղակի  ապաշնորհ և վատ կառավարիչներ են»,-հայտարարեց նա:

Նազարյանը չհամաձայենց պատգամավորի հնչեցրած տեսակետների հետ: Նրա խոսքով` ներկայացված հիմնական գործոնները որևէ ձևով վատ մենեջմենթով չեն պայմանավորված: «Մենք երբևէ վատ մենեջմենթի արդյունքում ձևավորված ֆինանսական ճեղքվածքները հաշվի չենք առնում, այլ հաշվի ենք առել մեր մեթոդիկայում ամրագրված այն ծախսային հոդվածները, որտեղ մեր կանխատեսումները չեն արդարացվել, և տեղի է ունեցել վնաս»:

MHM88656 copyԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը նկատեց. «Փաստորեն, եթե մենք հիմա այդ ընկերությունների կրած վնասները փոխհատուցում ենք, ստացվում է, որ մենք իրենց պարտքով գումար ենք տալիս: Հետո, երբ այդ ծախսերը փակվեն, մեզ այդ գումարը վերադարձնելո՞ւ են, թե ոչ: Տրամաբանորեն, պետք է վերադարձվի, որովհետև սպառողի մեղքով չի առաջացել այս վիճակը»:

Ռոբերտ Նազարյանը միայն խոստացավ, որ հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է նվազմանը, ապա նա նշեց, որ դա չպետք է բացառել, բայց խոստանալ էլ չի կարող:

Անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էր մտահոգում այն հարցը, թե ինչու պետք է սպառողը վճարի գերկորուստների դիմաց:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, մի շարք հարցերի հետ միասին, հետաքրքրում էր, թե ինչ արդյունավետությամբ է կառավարվել Բաշխիչ ցանցերի աշխատանքը և ընդհանուր գնահատական տրվե՞լ է ցանցերի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:

Նազարյանը նշեց, որ կառույցի արդյունավետության նկատմամբ իր կողմից գնահատական հնչեցնելը ճիշտ չի լինի. «Մեր կարգավորող հանձնաժողովի մասով կարող եմ ասել, որ եթե կառույցը չի ապահովում  լիցենզիայի պայմանները, խախտում է էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները և ոտնահարում սպառողների շահերը, ապա մենք վարչական վարույթ ենք իրականացնում և օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառում»:

Մի շարք հարցեր բարձրացրեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մասնավորապես կապված «ՀայՌուսգազարդի» հետ կնքած «տխրահռչակ» պայմանագրի հետ: Նա հետաքրքրվեց, թե այդ պայմանագիրը որքանո՞վ է ազդել սակագնի բարձրացման վրա:

Նազարյանը չցանկացավ գնահատական տալ այդ պայմանագրին, ինչ վերաբերում է ազդեցությանը, նշեց, որ կայանը վաճառվել է 31 միլիոն դոլարով, և պայմանը եղել է այն, որ 15 տարում այդ ներդրումը վերադարձվի: Ըստ Նազարյանի, կայանի բոլոր ծախսերն ամրագրված են իրենց պայմանագրերում. «Հիմա շատ ա, քիչ ա, դուք որոշեք: Մենք ամրագրել ենք այն անհրաժեշտ ծախսային հոդվածները, որից պակաս անելու իրավունք չունենք»:

MHM88654 copyԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Զուրաբյանի ելույթից հետո նրան հիշեցրեց ոչ վաղ անցյալը: «Այս քաղաքական թիմը լրիվ բարոյական իրավունքն ունի մեզ կշտամբելու, քանի որ մտածում է, որ հայ ժողովուրդը երևի մոռացել է մութ ու ցուրտ տարիները»:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը խիստ վիրավորվեց Նաղդալյանի ակնարկից ` նշելով, որ այդ տարիները Արցախյան պատերազմի հաղթանակի տարիներ էին:

Լսումներին մասնակցում էր նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը: Նշենք, որ նախորդ շաբաթ Հանրային խորհրդում նույնպես տեղի էր ունեցել քննարկում այս թեմայով` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Վազգեն Սաֆարյան

Վազգան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  այն կորուստները, որոնց մասին այստեղ խոսում են, չպետք է սակագնի մեջ ներառվեն, քանի որ դրանք այդ ընկերությունների ոչ որակյալ աշխատանքի հետևանքով են առաջացել:

«Կորուստները պետք է իրենց շահույթներով փոխհատուցեն,-կարծում է նա,-երկրորդը` ծառայություն մատուցող կազմակերպությունները չպետք է  բարձր շահութաբերություն ապահովեն, որովհետև դա անդրադառնում է տնտեսության ոչ արդյունավետ զարգացման վրա, ինչի հետևանքով կարող ենք ունենալ ոչ մրցունակ ապրանքներ դրսի շուկաներում: Այդ իմաստով, էլեկտրաէներգիայի գինը պետք է միջինացված լինի այն երկրների էլեկտրաէներգիայի գների հետ, որոնց հետ մենք առևտրային հարաբերություններ ունենք»:

Խնդիրը լուծելու համար Սաֆարյանն առաջարկում է անել ամեն ինչ, որպեսզի կառուցվի Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, որի դեպքում մենք իրանական կողմից կստանանք 3 խմ գազ և դրա դիմաց կվաճառենք 9 կՎ/ ժամ էներգիա. «Արդյունքում մենք կարող ենք 2 միլիարդ կՎտ էլեկտրաէներգիա էլ վաճառել Բաշխիչ ցանցերին, ենթադրենք, 1 դրամով»,-նշում է նա:

Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ են մոտ 400 միլիոն դոլար վարկային ռեսուրսներ: Սաֆարյանի խոսքով` Ճապոնիան պատրաստ է այդ ռեսուրսները տալ, պարզապես կառավարությունը պիտի կարողանա բանակցային գործընթաց իրականացնել, քանի որ խնդիր կա արտաքին պարտքի և ՀՆԱ-ի համամասնության առումով: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ կարելի է այդ գումարը հայթայթել նաև ներքին ռեսուրսների միջոցով:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար(առանց ԱԱՀ-ի): Համաձայն այդ հաշվարկների` էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3,85 դրամով կամ շուրջ 4 դրամով: Ըստ նախնական տվյալների, էլեկտարէներգիայի ցերեկային սակագինը 1 կՎտ/ժամի դիմաց կարժենա 41,85 դրամ՝ ներկայիս 38 դրամ փոխարեն, գիշերայինը՝ 31,85 դրամ` գործող 28 դրամի փոխարեն: Սակագների փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի ս.թ. օգոստոսի մեկից:

 

Անկախ

Tags: , , , ,