Որ երկրի հավաքականը կհաղթի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

երկրպագուներ (1)Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ամբողջ աշխարհում մեկ ամսով երկրոդ պլան է մղել բոլոր հիմնախնդիրները: Այնուամենայնիվ, եթե չասենք, որ այդպես է ամբողջ աշխարհում, ապա թեկուզ 32 երկրներում, որոնց ներկայացուցիչները եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք են նվաճել:

Ընթացիկ առաջնությունն ուշագրավ է մի քանի առումով: Այն կազմակերպվել է մի երկրում, որի անունը ֆուտբոլի խորհրդանիշ է: Միլիարդավոր մարդկանց համար սիրելի ֆուտբոլը Բրազիլիայում պաշտամունք է, համազգային մոլի հետաքրքրություն: Ընդ որում, Բրազիլիայում կայացած նախորդ`1950-ի աշխարհի առաջնությունից հետո մեծ ցավ է մնացել: Թվում էր, թե այդ երկրի հավաքականը պետք է ավելացնի իր նվաճած տիտղոսները, սակայն Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտի 200 հազար հանդիսականների ներկայությամբ եզրափակչում 1:2 հաշվով պարտվեց Ուրուգվայի թիմին, և դա այդ երկրում մի շարք ինքնասպանությունների պատճառ դարձավ: Պարզապես, մարդիկ պատուհաններից իրենց ցած էին նետում:

Իսկ «Մարականան» տարիներ անց վերակառուցվել է, կրկնակի պակաս նստելատեղեր ունի, քան նախկինում, սակայն մնում է առաջնության գլխավոր իրադարձությունների թատերաբեմը: Ֆուտբոլային կրքերը Բրազիլիայում չեն նվազել, թեև այլևս ինքնասպանություններ գործելու տրամադրվածություններ էլ չկան:
Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականից տանն անցկացվող աշխարհի առաջնությունում միայն հաղթանակ են սպասում, ցանկացած այլ արդյունք կհամարվի ոչ պատվաբեր:
երկրպագուներ (2)Եվ առաջին իսկ` ստուգատեսի բացման խաղում բրազիլացիները քիչ էր մնում, որ հիասթափեցնեին իրենց երկրպագուներին: Այդ հանդիպումում մրցակից Խորվաթիայի ընտրանին փայլուն տպավորություն թողեց: Եվ եթե ճապոնացի մրցավար Յուիտի Նիսիմուրին կասկածելի 11 մ-ոց տուգանային հարված չնշանակեր խաղը 1:0 հաշվով շահող խորվաթների դարպասին, ի վնաս վերջիններիս, ևս մի քանի կոպիտ վրիպումներ թույլ չտար, դժվար է ասել, թե իրադարձություններն ինչ հունով կընթանային: Այդ մասին կմոռացվի: Փաստն այն է, որ բրազիլացիները հաղթեցին 3:1 հաշվով և թարմ լիցք ստացան:
Հետաքրքիրն այն է, որ 2010-ի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից Հոլանդիայի հավաքականին առաջնության մեկնարկից առաջ շատերը դուրս էին թողել հաղթողի հավակնորդների ցուցակից: Բանն այն է, որ այդ թիմի կազմում աստղերն այժմ ավելի քիչ են, քան Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած նախորդ առաջնությունում: Բայց հոլանդացիները մեծ անակնկալ մատուցեցին: Նրանք վրեժը լուծեցին աշխարհի նախորդ առաջնության եզրափակչում իրենց պարտության մատնած իսպանացիներից: Ընդ որում, աշխարհի նախորդ առաջնության չեմպիոնները զիջեցին անփառունակ` 1:5 հաշվով: Այդպիսի անակնկալ կանխատեսելն անհնարին էր: Իսպանիայի հավաքականը, որը վերջին 6 տարում երկու անգամ հաղթել է Եվրոպայի, նաև աշխարհի առաջնություններում, վերջին շրջանում երբեք այդքան անօգնական ու նվաստացած չէր եղել: Ընդ որում, այդ խաղի հաշիվը կարող էր ավելի մեծ լինել:
Թերևս այդ է պատճառը, որ դժվար է որևէ նախապատվություն տալ եվրոպական տիտղոսակիր այլ թիմերին` առանց վնասվածք ունեցող Ռիբերիի մրցավայր ներկայացած Ֆրանսիայի, նաև Անգլիայի, Իտալիայի հավաքականներին: Ի դեպ, Ֆրանսիայի ընտրանին ապագայի թիմ են համարում և 2016-ի Եվրոպայի առաջնության հաղթողի հիմնական հավակնորդ: Այդ ստուգատեսը կայանալու է հենց այդ երկրում:
Պորտուգալիայի հավաքականը, որը գլխավորում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, դեռևս վստահություն չի ներշնչում, որ կարող է ոսկե մեդալներ նվաճելու հավակնություններ ունենալ: Այս առումով Արգենտինայի հավաքականը ևս հակասական վիճակում է: Թիմի կազմում է այնպիսի վառ անհատականություն, ինչպիսին Լիոնել Մեսին է, սակայն նրա կողքին են մի շարք ֆուտբոլիստներ, որոնց հետ համատեղ չեմպիոնի կոչման հավակնելը շատ բարդ է:
Քիչ չեն ֆուտբոլասերները, որոնք կարծում են` եկել է ժամանակը, որ վճռական խոսք ասի Գերմանիայի հավաքականը, բայց այդ թիմի կազմում, բացի Տոմաս Մյուլլերից, չկա մեկ ուրիշը, որն առաջնությունում ապացուցի, որ մարտական է տրամադրված և պատասխանատու խաղերում ի վիճակի է գնդակներ խփել մրցակիցների դարպասը:
Մեկնարկային հանդիպումում փայլուն տպավորություն թողեց Չիլիի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի թիմին: Ի դեպ, աշխարհի եռակի չեմպիոն լեգենդար Պելեն կարծում է, որ Չիլիի հավաքականը մեծ ներուժ ունի և կարող է մի շարք անակնկալներ մատուցել և անգամ հայտնվել եզրափակչում: Նա հավատում է, որ իր երկրի` Բրազիլիայի հավաքականը կխաղա եզրափակչում, իսկ մրցակիցները կարող են լինել Չիլիի, գուցե նաև Գերմանիայի, Իսպանիայի, Արգենտինայի ներկայացուցիչները: Ֆուտբոլի արքան չի բացառում, որ Հարավային Ամերիկայի երկրներից չեմպիոնության համար պայքարի նաև Արգենտինայի ընտրանին:
Իրոք, Բրազիլիայի հավաքականի հաղթելու հնարավորությունները մեծ են, շատ կարևոր է, թե ինչպես իրեն կդրսևորի, նորովի կբացահայտի թիմի աստղ Նեյմարը:
Իսկ թե ինչպես կընթանան իրադարձությունները` դժվար է կանխագուշակել: Պետք է սպասել, խաղերի մեծ մասն առջևում է, և առաջնությունն ավելի գրավիչ է դառնում, քանի որ անկանխատեսելի է:

Tags: